«Արցախի հարցի ոչ դրական լուծումը բերելու է իշխանազրկման՝ իրենց համար դրա վատ հետևանքներով»

21236_b

ԳԱԼԱ-ն զրուցել է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ:

 -Պարոն Դովլաթյան, 2017 թվականը շատերն են համարում բեկումնային տարի, այդ թվում՝ նախագահի աթոռը զբաղեցնող մարդը: Մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանն իր վարչախմբի հնարավոր վերարտադրությո՞ւնն ի նկատի ունի, թե՞ ղարաբաղյան կոնֆլիկտը:

-Բեկումնայի՞ն… նայած ինչ նկատի ունեն… Հայաստանի ներկա պայմաններում որևէ բեկումնային բան չեմ տեսնում: Էլի լինելու են «սովորական» ընտրություններ, էլի իշխանությունն իրեն վերարտադրելու է: Սահմանադրական փոփոխություններն ու նոր ընտրական օրենսգիրքը դրա համար լայն հնարավորություններ են ստեղծել:

Այնպես որ, որևէ էական փոփոխություն, առավել ևս բեկումնային բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, հնարավոր է տեղի ունենան որոշակի գործընթացներ, բայց դրանք ես չեմ կապում ներքին որոշումների հետ, այլ ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունների: Հնարավոր է լինի լուրջ ռազմական լարվածություն, որից մենք պարտավոր ենք հաղթած դուրս գալ, դա հասկանում են նաև իշխանությունները և որոշ չափով պիտի կարողանան նաև հակադրվել արտաքին ճնշումներին, քանի որ եթե չդիմադրեն, կկորցնեն իշխանությունը:
-Անդրադառնանք Սերժ Սարգսյանի տարեվերջյան պարգևատրումներին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, իսկ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը «իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար» պարգևատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով»: Ի՞նչ անուն տալ այս որոշումներին:

-Նորմալ երկրներում նմանատիպ պաշտոնյաներին հեռացնում կամ դատում են, իսկ այստեղ պարգևատրում. կարող է հրաժեշտի նվե՞ր է, փոխհատուցո՞ւմ…

-Իսկապես, թվում էր Վլադիմիր Գասպարյանն առնվազն պետք է ազատվեր աշխատանքից, երբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավում, սակայն նրան պարգևատրում են: Ինչի՞ համար են «խրախուսում»:

 -Արդեն ասացի՝ կամ փոխհատուցում է հեռացնելուց առաջ, կամ էլ խրախուսում ապրիլի ընտրություններից առաջ, որ ավելի «ջանասիրաբար» ծառայեն:

-2017-ի խորհրդարանական ընտրություններին տեսնո՞ւմ եք հնարավորություն փոփոխություններ արձանագրելու: Քաղաքացին կկարողանա՞ դառնալ գործոն, որոշում կայացնող, կկարողանա՞ ապացուցել, որ ունակ է իրենից խլված իշխանությունը վերադարձնելու:

timthumb-Կարծում եմ, ցավոք, ոչ… եթե որոշ երկրներ ձգտում են մեծամասնական ընտրակարգի, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել, մեզ մոտ մեծամասնականը դարձել էր ընտրություններում հաղթելու լուրջ գործոն, դրա համար էլ այն քողարկված ձևով մտցրին ներկա համամասնական համակարգի մեջ, որն առանց դրա առկայության կարող էր իսկապես լուրջ խնդիրներ ստեղծել իշխանության համար:
Էլի ցավոք… սկսած 2000թ.-ից կուսակցությունների վարկի և դերի ահավոր վարկաբեկում է իրականացվել հենց իշխանությունների կողմից: Հատուկ իջեցվում է նրանց դերակատարումը, որակը, վարկը… ամեն ինչ արվել է, որպեսզի ասվի, թե միևնույն է, բոլորը նույնն են:

Բացի այդ, ոչ իշխանական դաշտի կուսակցությունները տարբեր միջոցների կիրառմամբ զրկված են ֆինանսական անգամ ամենափոքր հնարավորություններից: Բնականաբար, չունենալով ֆինանսական ռեսուրսներ՝ չես կարող իրականացնել որոշակի լուրջ քայլեր:
Քաղաքացի՞ն… էլի ցավոք, կարծում եմ՝ ինչքան էլ ակտիվանան, չեն կարողանա ներկա պահին ռեալ ազդեցություն ունենալ… Նախ ներկա PR զենքերով բավականին հեշտ է բաժանել, դրա համար դաշտը լցված է զանազան «ընդդիմադիր» (ամերիկամետ, ռուսամետ, հայամետ և էլ չգիտեմինչամետ) ուժերով, որոնք բաժանում են, մասնատում են քաղաքացու ուժը:
Իսկ իշխանությունը ոչ մի երկրում ժողովրդին չի պատկանում, այլ հարց, որ կան հնարավորություններ, որ քաղաքացին կամ զանազան կազմակերպություններ ունեն հնարավորություն ազդելու որոշակի գործընթացների վրա:
Կարծում եք, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների քաղաքացի՞ն է որոշում ընդունում, ասենք, զորքեր ուղարկել Սիրիա, Աֆղանստան, Իրաք կամ այլ գործողություններ կատարել…

-Պարոն Դովլաթյան, եթե ոչ, ապա դա ի՞նչ վտանգներով է հղի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, երկրի ներսում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը և, բնականաբար, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը:

-Կարծում եմ այս հարցի պատասխանը մասնակի արդեն տվեցի: Հուսամ, որ իշխանությունները հասկանում են, որ Արցախի հարցի ոչ դրական լուծումը բերելու է իշխանազրկման՝ իրենց համար դրա վատ հետևանքներով, և կկարողանան գոնե իրենց շահի, կյանքի ապահովման համար կատարել ճիշտ քայլեր: Չնայած, որ այս հարցում կան երկու հիմնական ազդողներ, որոնք իրենց շահերն են փորձում պաշտպանել՝ ԱՄՆ և ՌԴ: Եթե ներկա իշխանությունը թեկուզ ինքնապահպանման համար կարողանա որոշակի բարելավումներ իրականացնել Հայաստանում, չնայած դա բերելու է որոշակի իրենց իշխանության նվազման, բայց ասում են՝ խելոքը երբեմն հրաժարվում է մասից, որ չկորցնի ամբողջը: Տեսնենք…

Բավականին բարդ հարցեր կան լուծելու: Մեծ խնդիր ունի ներկա իշխանությունը, անգամ տեղում մնացած այն քիչ բնակչության մեծ անվստահությունը… Կարճ ժամանակում կարելի է գումար ճարել զենքի համար, ինչ-որ այլ բաներ անել, բայց չի կարող կարճ ժամանակում վերադարձնել բնակչության համարյա կեսը, որը դրսում է, և տեղում մնացածների վստահությունը: Մեր ամենամեծ բացը մարդկային ռեսուրսի պակասն է:

Ցանկացած իշխանություն հիմա պիտի դրա մասին մտածի:

Դիտվել է՝