«Ռադիկալ տրամադրությունները երկրում կաճեն, եթե այս ընտրություններն էլ կեղծվեն»

erebuni

ԳԱԼԱ-ի հարցազրույցն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

-Դանիել, ի՞նչ ակնկալիքներ կան այս տարվանից, տարին ընտրական է, Ձեր կարծիքով արդյոք ինչ-որ բան կփոխվի երկրում:

-2017 թվականից հիմնական ակնկալիքը լավ ընտրություններն են, լավ ընտրություններ ասելով ես ենթադրում եմ ընտրություններ, որոնց ժամանակ նախ կուսակցությունները կկարողանան իրապես ապահովել այլընտրանք ընտրողների համար, և երկրորդը՝ ընտրողները կքվեարկեն այնպես, ինչպես իրենք ուզում են, ու կքվեարկեն այն անձանց, ում որ ուզում են, որ ղեկավարեն պետությունը: Եվ եթե մենք կարողանանք ընտրական տեղամասերում վերահսկել իրավիճակը, ես կարծում եմ, որ մենք կունենանք ընտրությունների անակնկալ արդյունք:

Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյան

Ակնկալում եմ, որ 2017-ին եթե ընտրություններով ինչ-որ բան չփոխվի, ես կարծում եմ, որ ամառն ինչ-որ ցույցեր կմեկնարկեն, քանի որ արդեն քանի տարի շարունակ ամեն ամառ ցույցեր են լինում, ու առավել ևս հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը հիմա ադապտացվում է, որ ընտրություններից առաջ լավ լինի, բենզինի գին են իջեցնում, գազի գին, հոսանքի գին են իբր իջեցնում, ակնկալվում է, որ ընտրություններից հետո կսկսվի ռևերս պրոցեսը, և դա կուղղորդվի ցույցերով, ինչպես որ եղել է նախկինում:

-Վերջին տարիներին Հայաստանում հատկապես ամռան ամիսներին հասունանում են բողոքի ցույցեր: 2016-ի հուլիսին ամեն բան ավելի բուռն էր, քանի որ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավում: Ի՞նչ եք կարծում, եթե դարձյալ ընտրությունները կեղծվեն, ապա բողոքի ինչպիսի՞ ալիք կհասունանա երկրում:

-Պետք է հստակ գիտակցել, որ պատճառները, որոնք կային նախորդ տարիների բողոքների հիմքում, այդ պատճառները հավանաբար կլինեն այս տարվա ամռանը, եթե տեղի ունենա իշխանության վերարտադրություն: Հավանական է, որ տեղի կունենա տարբեր ոլորտների ծառայությունների կամ գների թանկացում ընտրություններից հետո: Եթե իշխանությունը վերարտադրվի, ապա իշխանությունն ավելի մեծ եռանդով կգնա ղարաբաղյան հարցում զիջումների, ու սա չի կարող չհանգեցնել հանրային բողոքների: Ամեն դեպքում իշխանությունը դասեր քաղեց հուլիսյան դեպքերից, կառավարություն փոխեցին, փորձեցին սոցիալական վիճակը մի քիչ բարելավել, բայց գլոբալ փոփոխություններ տեղի չունեցան, առավել ևս, որ չի բացառվում, որ այն ամենն, ինչը փոխվել է, չի բացառվում, որ ընտրություններից հետո ռևերս լինի: Մեծ ցույցերի հիմնական պատճառն այն է, որ այդ ցույցերը տարեցտարի ավելի քաղաքական պահանջներ են ձևակերպում, տարեցտարի ավելի ռադիկալ ու ցավոտ են դառնում, պատճառը նրանում է, որ մարդիկ չեն ընկալում, որ իշխանությունները կարող են փոխվել ընտրության միջոցով: Որևէ մեկին որ հիմա ասենք, թե՝ լավ, չարժի հիմա ապստամբություն բարձրացնել, պարզապես ընտրությանը գնանք մեկ այլ քաղաքական ուժի քվե տանք, ուղղակի ծիծաղ է առաջացնում, ու եթե այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեն, որ ընտրություններով իշխանություն փոխել այս երկրում չի լինում, մարդկանց մեջ ռադիկալ տրամադրությունները կավելանան: 2016 թվականի ամռանը մարդիկ ասում էին՝ դե լավ, հիմա ինչ բողոքեմ, դիմացն ընտրություններ են, ու մարդիկ ընտրության հետ ինչ-որ հույսեր կապում էին: Եթե այս ընտրությունները ոչինչ չփոխեն, ու հաջորդ ընտրությունները լինեն 2022 թվականին, մարդկանց ասել՝ չէ, դուք հինգ տարի էլ եք այսպես ապրելու, ու մարդիկ հավանաբար շատ ավելի ռադիկալ կլինեն, քանի որ մի քիչ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ հինգ տարի էլ է վատ լինելու:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝