«Հաղթելու համար նախ պետք է ձերբազատվել ողորմելի գլխավոր հրամանատարից, նրա՝ երկիրն ու բանակը թալանող ու օտարներին հանձնող շրջապատից»

21245_b

ԳԱԼԱ-ի հետ զրույցում  քաղաքագետ Արմեն Աղայանը անցած 2016 թվականը ընդհանուր առմամբ համարում է  դաժան կորուստների ու խորացող ճգնաժամի տարի, որում, այնուամենայնիվ, վերազարթոնքի հույս տվող որոշ փայլատակումներ կարելի էր նկատել:

Հարցազրույցը՝ ստորեւ:

-Պարոն Աղայան, եթե ամփոփենք 2016-ը, ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք, որո՞նք կդասեք ձեռքբերումների սյունակում, և որո՞նք՝ կորուստների ու բացթողումների:
Ընդհանուր առմամբ, 2016-ն ինչպիսի՞ տարի էր Հայաստանի համար:

-Ձեռքբերում կամ կորուստ հասկացությունները ենթադրում են սուբյեկտի առկայություն, որի դիտակետից էլ այսինչ բանը կարող է ձեռքբերում լինել, իսկ այնինչը՝ կորուստ: Ցավոք, Հայաստանը որպես պետություն և հայերս որպես ազգ մեր հավաքական սուբյեկտությունը զգալի չափով կորցրել ենք: Այդ պատճառով ներքին ու արտաքին ինքնիշխանության շարունակվող կորուստը շատերի համար հանդուրժելի, իսկ ոմանց համար նաև շահավետ մի բան է դարձել: Մեր «մենքի» կորուստն է գլխավորը, որը, սակայն, միայն 2016-ին չի պատահել: Այն շարունակվում է ավելի քան երկու տասնամյակ, ու այս տարի էլ մենք ավելի շատ կորցրեցինք ինքներս մեզ: Թեև եղան նաև առանձին դրվագներ, որոնց շնորհիվ կարող ենք պնդել, որ ազգային վերազարթոնքը հնարավոր է:

Թալիշի ու Հորադիզի մարտերը բացահայտեցին, որ հայ զինվորը և նրա թիկունքում կանգնած ժողովուրդը հիմնականում ոգով ամուր են, բայց հաղթելու համար նախ պետք է ձերբազատվեն ողորմելի գլխավոր հրամանատարից, նրա՝ երկիրն ու բանակը թալանող ու օտարներին հանձնող շրջապատից, այլապես ցավալի կորուստները շարունակվելու են:
Սասնա ծռերի ապստամբություն սկսելու ձախողված փորձը և դրա հանրային աջակցության աստիճանը բացահայտեցին, որ Երրորդ հանրապետությունը, հակառակ իր 25-ամյա ձևական գոյությանը, այդպես էլ չկայացավ որպես Հայոց ազգային պետություն ու այսօր մերժելի է քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հիմքից պետական համակարգը փոխելու հանրային պահանջը միանշանակ էր: Մյուս կողմից, սակայն, բացահայտվեց այդ մեծամասնության քաղաքական կազմակերպվածության առայժմ խիստ ցածր մակարդակը: Առանց բավարար կազմակերպվածության ցանկացած ընդվզման փորձ կձախողվի և նոր հիասթափությունների առիթ կդառնա:
Ընդհանուր առմամբ տարին կարելի է համարել դաժան կորուստների ու խորացող ճգնաժամի տարի, որում, այնուամենայնիվ, վերազարթոնքի հույս տվող որոշ փայլատակումներ կարելի էր նկատել:

-Տնտեսական առումով նահանջ, բոլոր թվային տվյալներով՝ կրկին ուրախանալու որևէ առիթ չունենքդարձյալ արտագաղթ, աղքատություն, հետընթացԱյս ամենին գումարվեց ապրիլյան պատերազմը: Սա այն գի՞նն է արդյոք, որը վճարում ենք նման որակներով իշխանություն հանդուրժելու համար, որ թեև գնդակահարությամբ իշխանության եկածի լեգիտիմության բացարձակ բացակայությանը՝ թույլ տվեցինք շարունակել թալանն ու ապօրինությունները:

-Իշխանության լեգիտիմությունն ինքնին մեր ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգության խնդիրները չէր լուծի: 90-ականներին Տեր-Պետրոսյանի իշխանությունը կարծես լեգիտիմ էր, սակայն տնտեսության թալանն ու խմբիշխանական համակարգը հենց այդ ժամանակ մեկնարկեցին: Պատերազմական կարևոր հաղթանակներն էլ հիմնականում ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս ՀՀՇ-ական լեգիտիմ վերնախավի էին: Փոխարենը նրանց մեղքով պատերազմը չհասցվեց տրամաբանական ավարտի, և մինչ օրս վճարում ենք այն օրերի լեգիտիմ ղեկավարության ճակատագրական մեղքերի համար:

maxresdefaultԱյնուամենայնիվ, լեգիտիմ իշխանություն ունենալն իհարկե անհրաժեշտ է, բայց այս խնդիրը հաճախ արհեստականորեն գերկարևորվում է: Մեր օրերում

ժողովրդավարության ամենազորությանն անկեղծորեն հավատացողները շատ են: Սակայն դա շահարկում են նաև ամբոխահաճո, բայց իրական ասելիք չունեցող, իսկ երբեմն էլ իրենց ապազգային ծրագրերը թաքցնել փորձող գործիչները: Միշտ ավելի հեշտ է իշխանությանը քննադատել ոչ լեգիտիմության համար, հատկապես եթե ինքդ էլ նրա նման տարածք ես ուզում հանձնել, օլիգարխիական հենարան ունես կամ օտար հովանավորություն ես փնտրում: Երբ քաղաքական հավակնություններ ունեցող մեկը չի սահմանում ազգային նպատակներ ու ծրագրեր, չի ներկայացնում, թե տնտեսությունն ինչպես պետք է սպասարկի դրանք, թե մենք բոլորս ինչից պետք է հրաժարվենք հանուն այդ նպատակների իրականացման, ապա նա կեղծավոր ու անպիտան թեկնածու է: Երբ գերագույն նպատակ է սահմանվում իշխող վարչախմբից ձերբազատվելը և հանուն այդ միակ «ընդդեմ» նպատակի կոչ է արվում միավորվել այս կամ այն անձի շուրջ, ապա մենք վստահաբար գործ ունենք գործող իշխանավորներից ըստ էության չտարբերվող մի նոր իշխանատենչ թալանչիի հետ: Երբեմն այդ դերում հանդես են գալիս հենց նախկին իշխանավորները:

Մենք ծանր գին ենք վճարում ոչ միայն ու ոչ այնքան ոչ լեգիտիմ, այլև առաջին հերթին ապազգային իշխանություն հանդուրժելու համար: Սակայն հանդուրժելն էլ գուցե ճիշտ ձևակերպումը չէ: Դա էլ է «ընդդեմ» ու թերի նպատակ, քանի որ սոսկ բողոք է ենթադրում: Ճիշտ կլինի ասել, որ մենք ծանր գին ենք վճարում հավաքական ազգային-քաղաքական նպատակներ ձևակերպելու, այդ նպատակները կրող իրական ազգային-քաղաքական ընտրանի ձևավորելու կամքի բացակայության կամ անկարողության համար: Մենք որպես անկազմակերպ ժողովուրդ չենք կարող ինչ-որ բան թույլ չտալ խիստ կազմակերպված և բոլոր լծակներին տիրապետող իշխանությանը, քանի դեռ ինքներս քաղաքականապես կազմակերպված չենք: Չենք կարող, քանի դեռ չենք ընտրել այդ ատելի ապազգային իշխանության մեր այլընտրանքը, որը ոչ միայն հստակ «հանուն» նպատակներ կսահմանի և դրանց լուծումները կառաջարկի, այլև դրանց հիման վրա կստանա հանրային լայն աջակցություն:
Միտքը զարգացնելով՝ մենք լեգիտիմ և ազգային իշխանություն կունենանք միայն այն ժամանակ, երբ ընդդիմադիր բևեռում ինքնակոչ ռևանշիստների ու անգաղափար ամբոխավարների փոխարեն ունենանք գաղափարական քննարկումների արդյունքում լեգիտիմորեն ընտրված առաջնորդներ: Հին կուսակցությունները դրան ամեն կերպ դիմադրում են, անհրաժեշտ են նոր կառույցներ:

-Իշխանությունները որպես կարևորագույն ձեռքբերում համարում են օրենսդրական փոփոխությունները, ՏԻՄ ընտրությունները՝ փոփոխված սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով և իհարկե սպասվելիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ Ձեզ՝ օրենսդրական փոփոխությունները եթե ձեռքբերում և վերարտադրության գործիք են իշխանությունների համար, արդյոք կորուստ չէր ՀՀ քաղաքացու համար:

-Իրենց համար գուցե ձեռքբերում է: Սերժ Սարգսյանին թվում է, թե գտել է սեփական իշխանությունը լեգիտիմորեն վերարտադրելու, իսկ հեռանալու դեպքում անձեռնմխելիության երաշխիքներ ստանալու ինչ-որ եղանակ, այն էլ միջազգային հանրության համար ընդունելի եղանակ: Իսկ քաղաքացու համար մեծ տարբերություն չկա, թե միաբևեռ քաղաքական համակարգի ներկա և հին տարբերակներից որի օգնությամբ են իրեն դուրս մղում ազգային-պետական որոշումների ընդունման գործընթացից:

Ոմանք վատ են գնահատում նախագահական ընտրությունների ավարտվելը, քանի որ թվում է, թե հատկապես դրանց առիթով էր հաջողվում միավորել ընդդիմադիրներին ու քիչ թե շատ հզոր այլընտրանք ձևավորել: Իսկ ինձ դա անգամ դուր է գալիս: Նախագահական ընտրությունները խիստ անձնավորված էին, և ես երբեք սպասելիք չեմ ունեցել դրանց մասնակցող թեկնածուներից: Դա հենց ընդդիմության այն ձևաչափն էր, որը ոչ միայն չէր կարող իշխանության գալ, այլև, եթե պատահաբար գար, մեզ առնվազն հիասթափեցնելու էր, իսկ գուցե և լեգիտիմություն ստանալով հեշտությամբ անելու էր այնպիսի ապազգային քայլեր, որը ոչ լեգիտիմ իշխանությունը, ուզելով հանդերձ, դեռ չի համարձակվում անել: Նոր սահմանադրությամբ ընդդիմությունից պահանջվում է շատ ավելի լուրջ կազմակերպչական, գաղափարական և քաղաքական աշխատանք իրականացնել, ու ինձ թվում է, որ այդ բարձր շեմը հաղթահարել կարող է միայն իրական ազգային շարժումը, և միայն այդ շեմը հաղթահարած շարժումն է, որ իրավունք կունենա և ունակ կլինի տապալել իշխող վարչախմբին, հաղթահարել ազգային-պետական ճգնաժամը և առաջնորդել Հայաստան աշխարհը: Այնպես որ, բացառված չէ, որ իշխող վերնախավը պայմաններ է ստեղծել իր գերեզմանափորին լույս աշխարհ բերելու համար: Ուղղակի 2017-ին արդեն ուշացել ենք:

-2017-ին Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, ի՞նչ անելիք ունի այս առումով ՀՀ քաղաքացին գալիք տարում:

-Ցավոք, առաջիկա վարչապետական ընտրության հետ կապված քաղաքացուն ոչ մի խորհուրդ չեմ կարող տալ, քանի որ ընտրությանը մասնակցող թիմերից ոչ մեկի նկատմամբ նվազագույն իսկ վստահություն կամ համակրանք չունեմ: Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով մերժելի, նորելուկ կամ նախկինում ձախողված անհատների շուրջ ձևավորված, գաղափարական առումով կամ շատ թույլ, կամ էլ ընդհանրապես ձևական միավորներ են: Անգամ դրանց միավորումը ոչինչ չի տա, բացի ոմանց նվազագույն շեմը հաղթահարելուց: Ժամանակն է, որ ընդդիմադիր առաջնորդներին ժողովուրդն ընտրի նախապես, այլ ոչ թե ընտրության նախօրյակին նրան հրամցվեն թաքուն բանակցված արհեստական դաշինքներ ու մարդիկ հերթական անգամ կանգնեն վատի ու վատագույնի ընտրության առջև, հետո էլ հիասթափվեն ու հուսահատվեն:

Իսկ մինչ այդ, վստահ եմ, ամեն մարդ կկատարի չարիքի փոքրագույնի սեփական ընտրությունը, ու այդ հավաքական պատկերը մեկ անգամ ևս կարձանագրի Երրորդ հանրապետության ճգնաժամը և գուցե լուծումներ հուշի: Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այլընտրանքային խորհրդարանի և կառավարության հանրային ընտրությունը, որը պետք է որ ավելի արդար և գաղափարական լինի: Մեկ այլ լուծում կարող է լինել ազգային շարժումը համակարգող մի կոմիտեի ընտրությունը, որը կառաջնորդի պայքարը հանուն ինքնիշխանության վերականգնման և պետականության ճգնաժամի հաղթահարման:

Բոլոր դեպքերում հրատապ ու արմատական լուծումներ են անհրաժեշտ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝