Արցախի հարցը հիմա էլ է լուծված, այլ բան է, որ պետք է ամրագրվի լուծումը

17718

2016թ.-ը ԼՂ հակամարտության համար ամենադժվար տարին էր: Ապրիլյան պատերազմը ոչ թե լոկ դիվերսիա էր, այլ հայոց պետականությունը կործանելու, փլուզելու փորձ:

Այս կարծիքին է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում ամփոփել է 2016թ.-ն Արցախի համար:

«Ադրբեջանը կրկին դիմեց պատերազմի եւ փաստորեն իր նման աննորմալ, ֆաշիստական քայլերով ցույց տվեց իր էությունը: Ունեցանք կորուստներ, անդառնալի, ողբերգություն էր, բոլորս սգում ենք եւ չենք մոռանում: Մյուս կողմից պաշտպանում ենք մեր փոքրիկ անկախ պետությունը: Այդ ապրիլյան պատերազմը լոկ դիվերսիա չէր, այլ հայոց պետականությունը կործանելու եւս մեկ փորձ էր, որը ձախողվեց: Ձախողվեց մեր զինվորների, մեր միասնականության շնորհիվ, որ հաջողվեց գիշատիչ Ադրբեջանին կանգնեցնել եւ այնպիսի հակահարված տալ, որ դեռ երկար ժամանակ են հիշելու եւ չեն կարողանալու ապաքինվել»,- ասաց Բաբայանը:

Դավիթ Բաբայան

Սակայն ապրիլյան պատերազմն, ըստ Բաբայանի, նաեւ դասեր տվեց հայկական կողմին: Որոնք էին դասերը՝ Բաբայանը պատասխանում է. «Դասերը մարտավարական, ռազմավարական են, սա բանակին է վերաբերվում: Թերացումները պետք է շտկվեն, իսկ ուժեղ կողմերն ավելի ամրացվեն: Ցույց տվեց նաեւ հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերը:

Այս իմաստով վերլուծության համառ աշխատանքի լայն դաշտ է բացվել: Ինչ վերաբերում է քաղաքական տեսակետից, ապա եւս մեկ անգամ ցույց տվեց՝ ում հետ գործ ունենք: Այդ պետությունը ոչ մի անգամ չի հրաժարվել հայատյաց քաղաքականությունից, եւ մենք պետք է միասնական լինենք: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք բոլորս բոլոր հարցերի շուրջ պետք է մի կարծիք ունենանք, բայց կա ընդամենը չորս կարեւոր հարց, որի շուրջ ամբողջ հայությունը պետք է եւ պարտավոր է միասնական լինել, եւ հարցերի հարցը հենց ԼՂ հիմնահարցն է»:

Ըստ Արցախի նախագահի մամլո խոսնակի՝ 2017թ.-ը եւս բավականին բարդ տարի է լինելու: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե սպասելի են արդյոք ԼՂ հարցի առնչությամբ բեկումնային լուծումներ, Բաբայանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք է հասկանանք մեկ բան, երբ որ ասում ենք խնդիրը կարգավորված չէ: Սա էլ է լուծում: Այլ բան է, որ պետք է ամրագրվի լուծումը, այլ բան, թե ինչ է առաջարկում Ադրբեջանը: Ինքը չի ընդունում այդ լուծումը: Այստեղ պետք է հասկանանք՝ ինչքանով են ազնիվ իրենց նպատակները: Հայատյացությունը եւ ֆաշիզմն իրենց պետականության հիմքն է, կկարողանան նրանք տակից դուրս գան, թե ոչ: Ուշ թե շուտ պետք է կործանվեն, որովհետեւ նման հիմքի վրա ոչ մի պետություն չի կարող երկար ժամանակ գոյատեւել: Մենք պետք է լինենք միասնական, որ մեր համար ոչ նպաստավոր բեկումներ չլինեն»:

Ըստ Բաբայանի՝ 2017թ.-ի Արցախի զարգացման հիմնական ուղղություններից մեկը լինելու է բանակաշինությունը, սահմանների, պետականաշինության եւ տնտեսության ամրապնդումը: Իսկ դիվանագիտական ոլորտը մեծապես կախված է վերոհիշյալ հարթություններից եւ հաջողություններից:

«Պետք է շարունակենք միասնաբար աշխատել Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ եւ երբեւիցե չհուսահատվենք, որովհետեւ եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ ունենք ահռելի ներուժ, եւ եթե միասնական ենք, անհնարին է մեզ հաղթել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝