«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հուսահատված մարդկանց բողոքը չի կարող արտահայտվել ՊՊԾ գնդի գրավումով…»

ՖՖՖ-114

ԳԱԼԱ-ի հարցազրույցն՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, կխնդրեմ բնութագրեք՝ ինչպիսին էր 2016թ.-ը ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիների համար: Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ տարին նահանջ տարի էր, բայց ՀՀ-ն նահանջ չի արձանագրել, հակառակը, ստեղծվել են կայուն նախադրյալներ հաջորդող տարիներին տնտեսական, քաղաքական դինամիկ զարգացում ապահովելու համար:

-Գոյություն ունի երկու տեսակետ, մեկը Հայաստանում ապրող մարդկանց տեսակետն է, իսկ մյուսը՝ փոքրաթիվ իշխանավորների։ Համաձայն Հայաստանում ապրող մարդկանց կարծիքի՝ մեր յուրաքանչյուր հաջորդ օրը շատ ավելի վատն է, քան նախորդը, եւ որ մենք անընդհատ նահանջ ենք ապրում։ Մարդկանց հավաքական կարծիքը պարզելը բոլորովին էլ դժվար չէ։ Բավական է միայն իշխանական սենյակներից դուրս գալ փողոց՝ մարդամեջ, ու հետաքրքրվել մարդկանց որպիսությամբ։ Իշխանությունները հնարավոր բոլոր ուղղություններով էլ նահանջ են արձանագրել, իսկ նորմալ վիճակի վերաբերյալ կամ, առավել եւս, առաջընթացի վերաբերյալ նրանց հայտարարությունները կարող են չզարմացնել միայն հայաստանյան իրականությունից չափազանց հեռու մարդուն։

 -Պարոն Հարությունյան, թերեւս երեք շրջափուլ առանձնանում են 2016-ին: Ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր եւ ՊՊԾ գնդի գրավում եւ ապա հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններ: Ձեր բնորոշմամբ որո՞նք էին դասերը: Ի՞նչ հետեւություններ պետք է անել:

Վարդան Հարությունյան

-Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ այն ձեռքբերումները, որ գրանցել էր հայկական բանակը եւ որոնցով հպարտանում էինք ու որոնց ապավինում էինք, այլեւս չկան։ Դրանք այս տարիների ընթացքում փոշիացվել են։ Եղածի վրա բան չի ավելացվել։ Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորս էլ գիտենք, ճանաչում ու տեսնում ենք բանակի հաշվին հարստություններ ու ունեցվածք դիզած գեներալներին ու հրամանատարներին։ Տեսնում ենք նրանց վարք ու բարքը։ Բնական է, որ նման վարք ու բարքի տեր հրամանատարների ու ղեկավարների պարագայում բանակը հզորանալ ու տեխնիկապես հագեցած լինել չէր կարող։ Արդյունքում ունենք ահա այս տխուր վիճակը։

ՊՊԾ գնդի գրավումը նույնպես արդյունք էր իշխանությունների վարած քաղաքականության։ Ընտրությունից ընտրություն իշխանություններն ապացուցում են, որ մեզանում ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չէ։ Ընտրությունից ընտրություն իշխանություններն ի ցույց են դնում ընտրողի նկատմամբ ունեցած իրենց ողջ արհամարհանքը։ Նման պարագայում բնական է, որ մարդիկ սկսում են բողոքել ու ընդվզել։ Որպես կանոն, մարդիկ դուրս են գալիս փողոց ու երթերի ու հանրահավաքների միջոցով արտահայտում իրենց անհամաձայնությունն ու իրենց բողոքը։ Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Բայց անգամ այդ խաղաղ հանրահավաքների ժամանակ մարդկանց դեմ իշխանությունները չարդարացված ուժ, մահակներ ու զենք են բանեցնում՝ ծայրահեղությունների մղելով մարդկանց։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հուսահատված մարդկանց բողոքը չի կարող արտահայտվել ՊՊԾ գնդի գրավումով կամ նման այլ անցանկալի ձեւերով։ Բայց անկախ ամեն ինչից՝ ես վստահ եմ, որ քաղաքականությունը եւ զենքը չպետք է համատեղվեն, եւ այստեղ մեր իշխանություններին նմանվելու կարիքը բոլորովին չկա։ Այդ նրանք են իրենց դեմ հանդես եկողներին ճնշելու համար տանկեր, ավտոմատներ, բանտեր ու մահակներ օգտագործում եւ հանուն սեփական իշխանության երկարաձգման արյուն հեղում։

Թվում էր, թե ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը պետք է իշխանություններին զգաստանալու ու դրանցից հետեւություններ անելու լավ առիթ հանդիսանային, բայց հետագա զարգացումները ցույց են տալիս, որ մեր իշխանություններին իրենց հունից ոչինչ շեղել չի կարող։ Նրանք տարված են իրենց անձնական ծրագրերով ու անձնական խնդիրներով եւ ոչ մի համընդհանուր աղետ, որ մի պատերազմ կամ պատերազմի վտանգ, ոչ մի տեսակի ու չափի արտագաղթ, ոչ մի բողոքի հուսահատ դրսեւորում, ոչ մի չափի թափված արյուն չեն կարող ստիպել նրանց, որ նրանք զգաստանան, որ փոխվեն, որ սեփական, զուտ անձնական, խնդիրներից զատ կարողանան երկրի առջեւ ծառացած ընդհանուր խնդիրները տեսնել։ Սա արդեն աշխարհընկալման հարց է։ Այդ մարդիկ այդպես են պատկերացնում աշխարհը, եւ որքան դժվար է պրոֆեսիոնալ գրպանահատին համոզելը, որ գրպանահատությունը վատ բան է, նույնքան եւ ավելի դժվար է մեր իշխանություններին համոզելը, որ իշխանության համար մեկ խնդիրը սեփական քաղաքացու եւ ընտրողի նկատմամբ ցուցաբերած անվերապահ հարգանքն է։ Ասածիս վկայությունն են նաեւ ձեր նշած ՏԻՄ ընտրությունները։

-2017թ.-ը եւս դժվարին զարգացումների տարի է լինելու: Ինչպե՞ս կզարգանան քաղաքական իրադարձությունները: Առջեւում խորհրդարանի ընտրություններն են: Ի՞նչ ակնկալիքներ կան:

-Մեծ ակնկալիքներ եւ ոգեւորվելու առիթներ չկան։ Եթե ընտրողը եւ քաղաքական ուժերը չկարողանան կամ չցանկանան համատեղ ուժերով ծնկի բերել այս իշխանությանը, ապա ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա։

–Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով հնարավո՞ր են բեկումնային զարգացումներ Արցախի խնդրում։

-Արցախի խնդրում բեկումնային զարգացումներ ամեն պահի էլ հնարավոր են։ Արտաքին քաղաքական բնագավառում մեր երկիրը չափազանց թույլ է ու անպաշտպան, եւ անցանկալի պարտադրանքները չեն բացառվում։ Մեր բախտը դեռեւս բերում է այն առումով, որ մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, մեզանից լավը չէ։

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝