«Մենք պատերազմի վիճակում ենք, բայց չենք ապրում պատերազմի տրամաբանությամբ»

xaratyan

ԳԱԼԱ-ն զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Հարցազրույցը՝ ստորև:

-Տիկին Խառատյան, եթե ամփոփենք 2016-ը, ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք, որո՞նք կդասեք ձեռքբերումների սյունակում, և որո՞նք՝ կորուստների ու բացթողումների:
Ընդհանուր առմամբ 2016-ն ինչպիսի՞ տարի էր Հայաստանի համար:

– Մենք արդեն այնքան երկար ենք ապրում ճգնաժամի մեջ, որ կարող ենք արձանագրել, որ ծանր, ճգնաժամային տարիներին գումարվեց ևս մեկը: Ապրիլյան պատերազմը վերահաստատեց ճգնաժամը պայմանավորող օբյեկտիվ պատճառը. մենք պատերազմի վիճակում ենք: Բայց այս հայտնի օբյեկտիվ պատճառը «ծրագրավորում է» երկրի վիճակի սուբյեկտիվ գործոնը. պատերազմի վիճակում ենք, բայց չենք ապրում պատերազմի տրամաբանությամբ՝ երկրի բնակչության սոցիալական բևեռացման մեծացում, բնական ռեսուրսների՝ հողի, ջրի, ընդերքի անխոհեմ փոշիացում, ընդ որում՝ ոչ թե հանրային կարիքների համար, այլ կոնկրետ անձերի բիզնես շահերի համար: Երկրի կառավարմանը կոչված իշխանությունները փաստացի կառավարում են տնտեսական մոնոպոլիզացիայի և սոցիալական բևեռներից մեկին բնակչության հիմնական մասի կողմից չվնասելու երկարատև ընթացքը. այս կառավարումը կարծեք թե խնդիր ունի էժան աշխատուժը ծառայեցնել երկրի փոքրաթիվ մի շերտի: Դրան են ծառայում դատարանները, աշխատավարձերի չափերը, կամքի ենթակայացումը:

Փոքր երկրի շրջանակներում ահռելի գումարներ են կուտակվում, որոնց տերերը տնտեսական հեռանկարների տագնապից գերադասում են դրանք սառեցնել և ավելի հաճախ էլ երկրից դուրս հանել: Գիտության որևէ ոլորտի ռեալ, հեռանկարային ֆինանսավորում, արտադրական տնտեսության որևէ ծրագիր չկա: Սրանք գաղութարարների կողմից գաղութային երկրների սովորական պրակտիկաներ են: Տպավորությունն այնպիսին է, որ մենք երկարաժամկետ ծրագրերի վախ ունենք, որ մենք չենք հավատում մեր երկրի հեռանկարին և շտապում ենք վերջին հյութերը քամել: Նոր վարչապետ եկավ, բայց կառավարման ծրագրային փոփոխություն դեռ չի երևում: Հավանաբար չի էլ երևա: 2016-ը հատկանշական դարձավ նրանով, որ երկրի ներքին ու Ղարաբաղի հարցով արտաքին քաղաքականության դեմ փաստացի զինված ըմբոստացում եղավ: Ցավոք, իշխանություններն այն շտապեցին ահաբեկչություն անվանել՝ առանց բարձրաձայնելու ահաբեկչության թիրախը: Եթե հավասարակշիռ վերլուծություն արվեր և այդ ըմբոստության պատճառներին ռեալ անդրադարձ լիներ, գուցե կարելի լիներ հուսալ, որ իշխանության մեջ հասունանում է Հայաստանի սպառնալիքները գնահատելու և դրան հավասարակշիռ լուծումներ փնտրելու կամքը: Բայց առայժմ կարծեք այդպիսի սպասելիք չպիտի ունենանք:
-Տնտեսական առումով նահանջ, բոլոր թվային տվյալներով՝ կրկին ուրախանալու որևէ առիթ չունենքդարձյալ արտագաղթ, աղքատություն, հետընթացԱյս ամենին գումարվեց ապրիլյան պատերազմը: Սա այն գի՞նն է արդյոք, որը վճարում ենք նման որակներով իշխանություն հանդուրժելու համար, որ թեև գնդակահարությամբ իշխանության եկածի լեգիտիմության բացարձակ բացակայությանը՝ թույլ տվեցինք շարունակել թալանն ու ապօրինությունները:

-Ձեր ձևակերպումներն ամփոփիչ պատասխաններ են: Միայն կավելացնեմ, որ սա նաև կարող էր գինը լինել, որը պիտի վճարեինք ինքնիշխանության և Ղարաբաղի արդար հարցի լուծման համար: Միայն թե ես այսօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք վճարում ենք ինքնիշխանության նվազման գինը: Որքան էլ պարադոքսալ չհնչի, մենք նվազեցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց այն նույնիսկ չենք վաճառում, մենք այն պարզապես մաս-մաս զիջում ենք: Զիջում ենք տնտեսական համարվող և Եվրասիական կոչվող ծրագրի ռուսական հավակնություններին, փոխարենը երկրից դուրս ստանում ենք կախվածության և խեղճության ավելի մեծ ծավալ, ներսում՝ կոռուպցիայի և ներքին գաղութացման ավելի մեծ ծավալ: Փոխանակ երկրի զարգացումը հուսալի դարձնելու, մենք մեզ բացատրում ենք դրա անկարելիության օբյեկտիվ պատճառները՝ ռուսական շահերով, մասնավոր անձանց շահերով… Երբևէ լսե՞լ եք Հայաստանի կառավարիչների կողմից՝ ո՞րն է Հայաստանի շահն այս ամենում: Որոշ հայերի՝ այո, բայց Հայաստանի՞, Հայաստան պետությա՞ն, Հայաստանի հասարակությա՞ն:
-2017-ին Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, ի՞նչ անելիք ունի այս առումով ՀՀ քաղաքացին գալիք տարում:

-Կարծում եմ, որ Հայաստանը նախապատրաստվում է փաստացի «միապետության», որին անվանում են նաև ամբողջատիրություն: 2017-ի «խորհրդարանական հանրապետությունն» ընդամենը նախապատրաստական շրջան է 1918-ի վարչապետական հանրապետության համար: Վարչապետը և ոչ թե խորհրդարանն է լինելու Հայաստանի փաստացի իշխանությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացուն, ապա նրան մեկ իրավունք է վերապահված՝ գնալ ընտրատեղամաս և ընտրաթերթիկ գցել ընտրարկղի մեջ: Կապ չունի՝ ում համար: Դա շանս կտա երկիրը շարունակել անվանել «հանրապետություն»: Կարծում եմ «Հայաստանի քաղաքացին» մեծ հաշվով համաձայնել է իր այդ դերին: Հիմա չեմ անդրադառնա այն հարցին՝ թե ինչպես, բայց հարաբերականորեն փաքրաթիվ մարդկանցով մեր երկրում «քաղաքացի»-«իշխանություն» այլ հարաբերություններ են գործում, քան ավանդական ժողովրդավարական երկրներում, որոնք մենք չենք ուսումնասիրում, չենք վերլուծում, հետևություններ չենք անում, փոխարենն ուզում ենք պատճենել այլ օրինաչափություններով զարգացած երկրների ներքին հարաբերությունները:

Ա. Վարդանյան

Դիտվել է՝