«Տարին կորստաբեր էր. մենք կորցրեցինք ամենաթանկը՝ երիտասարդ արյուն և հայրենի հող»

1459778513-9567

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանի հետ:

-Տիկին Սիմոնյան, 2016 թ.-ին բավականին բարդ իրադարձություններով մեկնարկեց, հատկապես «Նոր Հայաստանի» անդամների համար, ու այդպես էլ շարունակվեց: Արդեն շուրջ մեկ տարի կալանավորված են «Նոր Հայաստանի» թիմի մի խումբ անդամներ, ովքեր հանդգնել էին տոնածառ տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում: Անցած տարի այս օրերին ի՞նչ ակցիաներ էր նախաձեռնում «Նոր Հայաստանը», որո՞նք էին ծրագրերը և ի՞նչ եղավ:

-Այո, Ամանորը մեզ համար սկսվեց Ազատության հրապարակում մեր իրավունքների համար պայքարով: Բաղրամյան 26-ից անմիջականորեն ուղղորդվող ոստիկանության բարբարոսների խումբը նպատակային կերպով հարձակում գործեց Ամանորը նշող խաղաղ քաղաքացիների վրա: Եվ դա զարմանալի չէ, չէ՞ որ մենք ապրում ենք ոստիկանապետությունում, որտեղ ամեն վայրկյան բռնաբարվում են մարդու տարրական իրավունքները: Անցյալ Ամանորի գիշերը եզրափակվեց ոստիկանական սուտ մատնիչների հաղթական շքերթով և Գևորգ Սաֆարյանի դատավարությամբ: Նա տարվա առաջին քաղբանտարկյալն էր: Հավանաբար տարին այդ առումով կարելի է կոչել մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ տարի: Երկիր, որտեղ բռնությունն ու մարդու իրավունքների ոտնահարումը, սուտ մատնությունը, կեղծիքը, անարդարությունը և անպատժելիությունն արժեհամակարգի մաս են կազմում, կոչվում է խանական Հայաստան, և սա վստահաբար այն Հայաստանը չէ, որի համար պայքարել են մեզնից առաջ և պայքարում ենք մենք այսօր: Սա մեզնից գողացված Հայաստանն է, որը վերածվել է ամենօրյա աբսուրդի թատրոնի: Չլիներ այդքան ողբերգական այդ թատրոնը, ապա ծիծաղելի կլիներ նրա ամեն մի արարը:

-Տիկին Սիմոնյան, որո՞նք էին 2016 թ.-ի կարևոր շրջափուլերը: Ի՞նչ կարևոր զարգացումներ եղան:

Սյուզան Սիմոնյան

Սյուզան Սիմոնյան

-Ընդհանրապես տարին և ողբերգական էր, և լի էր բուռն իրադարձություններով, և դրական և բացասական առումներով: Աննախադեպ ստերի և դրանց բացահայտման տարի էր: Ապրիլյան ողբերգությունը որպես տարվա առաջին աղետ սթափեցրեց մեր հանրությանը: Մանավանդ, երբ ապազգային ռեժիմի անբարո դեմքը պատռվեց Ժիրայր Սեֆիլյանի կողմից բացահայտվելուց հետո: Ժողովուրդը հասկացավ, որ խաբված է: Եվ քանի որ նժարին էր դրված մեր հայրենիքի, ընտանիքների, զավակների խարխլված անվտանգությունը, ապա արձագանքը համարժեք եղավ:

Այդ առումով տարին կորստաբեր էր. մենք կորցրեցինք ամենաթանկը՝ երիտասարդ արյուն և հայրենի հող: Չնայած որոշ ազգադավներ այն անվանեցին անբերի հող, սական հայրենիքի ամեն մի բուռ կամ թիզ հողի կորուստը հայրենիքի կորուստ է:

- Ո՞րն է ելքը, ինչպե՞ս եք պատկերացնում իրադարձությունների զարգացումը 2017թ.-ին:

– Ես տարիներ ի վեր անդամագրված եմ մի ուժի, որի հավատամքն է, որ այլ ելք, քան ժողովրդական ըմբոստությունն է և խաղաղ անհնազանդությունը, գոյություն չունի: Սա ոչ թե միայն իշխանափոխության խնդիր է, այլ ազատագրական պայքար: Սա 25 տարի առաջ սկսված ազատագրական պայքարի շարունակությունն է, որը երկրի ազգադավ իշխանավորների կողմից կասեցվել է 25 տարով: Հիմա մենք հասկացել ենք, որ ունենք և ներքին, և արտաքին խնդիր, և դրանք փոխկապակցված են, քանզի ներքին թշնամին արտաքինի հլու-հնազանգ կամակատարն է, և որպեսզի ազատագրվենք, նախ պետք է մտածենք կեղեքիչ ու ազգադավ ռեժիմից ներսից ազատագրվելու մասին, որպեսզի սուբյեկտ դառնանք և կարողանանք ապագայում ազատ կամքով և ոչ պարտադրաբար դաշնակիցներ ընտրել աշխարհում: Իսկ սրան հասնելու համար պետք էր նախ հասնել այն գիտակցության, որ ժողովուրդը պետք է լինի կամք թելադրողը և այդ կամքը միասնաբար կերպով թելադրողը: Իհարկե, ժողովուրդն արդեն քաջ գիտակցում է դա, և ասածս նորություն չէ: Սա արդեն երկու տարի առաջվա ժողովուրդը չէ: Նա զարթոնք է ապրել: Եվ այդ զարթոնքը տեսանելի եղավ հուլիսին: ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ Սասնա ծռերի գործողության ժամանակ և դրանից հետո, նրա արձագանքը, որն իր անսպասելիությամբ կաթվածահար արեց ռեժիմին, միանգամայն համարժեք էր: Ժողովուրդն արթնացած է, և տարվա ամենամեծ ձեռքբերումը հենց դա է: Ոստիկանապետությունը հասկացավ, որ գործ ունի իր վախերից ձերբազատված, գիտակից հանրության հետ: Իսկ գիտակից է ոչ միայն այն հատվածը, որն այդ օրերին փողոց ելավ, այլ նաև նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չմիացան ըմբոստությանը, սակայն հոգով սատարում էին Սասնա ծռերին և նրանց գործողությանը:

-Հիմնադիր խորհրդարանի համար անընդունելի են ընտրություններով իշխանափոխությունը, սակայն Սասնա ծռերի գործողությունները և դրան հաջորդած իրադարձությունները թույլ են տալիս ենթադրելու, որ այս ճանապարհը ևս փակուղի է տանում: Ըստ Ձեզ՝ ի վերջո ո՞րն է ելքը:

-Ես չեմ կարծում, որ Սասնա ծռերի գործողությունը և դրան հաջորդածը մեզ թույլ են տալիս մտածելու, որ այդ ճանապարհը ևս փակուղի է տանում, քանի որ դրան հաջորդած իրադարձությունները եթե ոչ շատ լավատեսական են, ապա գոնե ինչ-որ տեղաշարժ են պարտադրել իշխանությանը: Իհարկե, այս կառավարությունը մեր երազանքների կառավարությունը չէ, բայց չէ՞ որ արդյունքում եղան փոփոխություններ կառավարության կազմում և ռեժիմի քայլերում: Էլ չեմ ասում, որ ժողովրդի մոտ առաջացավ իդեալի վերագտնում: Նա վերագտավ իր ազգային էպոսի ազգային հերոսներին, իսկ դա հոգեբանական հզոր գործոն էր: Այդ գործողության արդյունքում փոփոխության ենթարկվեց նաև արտաքին պարտադրանքը: Գաղտնիք չէր, որ կայսերական Ռուսաստանը պարտադրում էր Հայաստանին գնալ զիջումների, սակայն այս անգամ ուզելով թե չուզելով հաշվի նստեցին իրողության հետ: Այսինքն, որոշակի ժամանակով հետաձգվեց Արցախի հանձնմանն ուղղված պարտադրանքը դրսից: Իսկ սա հենց նշանակում է, որ եթե 31 Ծուռ և 20.000 անհնազանդ քաղաքացի կարողացան հասնել այդ արդյունքին, ապա ի՞նչ փակուղու մասին է խոսքը: Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենար, եթե 20.000-ի փոխարեն փողոց դուրս գար 200.000 քաղաքացի: Խաղաղ անհնազանդությունն այն միակ զենքն է, որից մենք առաջարկում ենք օգտվել: Հայի փրկությունն այս անգամ, եթե կարճ ասեմ, փողոց դուրս գալու մեջ է:

- Տիկին Սիմոնյան, 2017թ.-ին Հիմնադիր խորհրդարանի ամենագլխավոր անելիքը ո՞րն եք համարում, ո՞րն է ծրագիրը, և ի՞նչ երաշխիք կա, որ իշխանություններին չի հաջողվի հերթական անգամ չեղարկել իշխանափոխությունը. չէ՞ որ տարիներ շարունակ Ս. Սարգսյանն ու իրեն սատարող անձինք ամեն ինչ արել են իրենց վերարտադրությունը հաջողությամբ կազմակերպելու համար:

– Քաղաքական դաշտը պատրաստվում է հերթական ֆարս- ընտրություններին: Կրկին գործի է դրվելու նույն սցենարը, սակայն որոշ նոր դերակատարներով, հների լիկվիդացմամբ և նոր անուններ կրող հների վերակենդանացմամբ: Խանը շախմատ է խաղում: Նա է ընտրում, թե ով որ գույնով պետք է խաղա իր հետ, նա է ընտրում իր թագուհուն, փղին, նժույգին և շարքով կանգնած ու սրտատրոփ իր հրահանգին սպասող զինվորիկներին: Այստեղ ցավալին շախմատի կողմերը չեն, այլ շախմատի խաղի անկեղծությանը հավատացող երկրպագուները, որոնց կրկին նախկինից ոչնչով չտարբերվող շախմատային պարտիա է հրամցվելու, և նրանք հիասթափվելու են:

Նշեցի, թե որտեղ ենք մենք տեսնում ելքը: Քանի դեռ ժողովուրդը չի գնում դրան միասնաբար, ապա, այո, Սերժ Սարգսյանը վերարտադրվելու է իրեն ուղղակի և անուղղակի սատարող քաղաքական ծաղրածուների միջոցով և օգնությամբ: Քաղաքական դաշտում գործողները կամ այնքան հասու չեն, որ հասկանան ճշմարտությունը, կամ հասկանում են, բայց ջայլամի նման իրենց գլուխը թաքցրել են ավազուտներում, քանի որ հարմար չէ, կամ էլ միտումնավոր կերպով սատարում են իրենց հոգեհարազատ ռեժիմին կերակրատաշտից փայ ունենալու երազանքով: Խոսքս վերաբերում է և ընդդիմադիր, և դիմադիր ծաղրածուներին: Իսկ ելքը միակն է. կամ հայտնվում են նոր և ազնիվ մղումներով Սասնա ծռեր, և նախկին փորձով բովված և «երկու օր ուշացած» ժողովուրդն այս անգամ հետևում է նրանց որպես իրենց առաջնորդների, կամ ժողովուրդն ինքը անհնազանդությամբ պարտադրում է ազատել ընտրյալ առաջնորդներին, որոնք այսօր բանտում են, և գնում դեպի ազատագրում: Իհարկե, վերջինը դեռ ինձ համար տեսանելի չէ, բայց ժողովուրդը սթափվելու ունակություն ունի ծայրահեղ աղետների ժամանակ: Եվ այդ ժամանակ ժողովրդական հուզումը կարող է սրբել-տանել իր ճանապարհին կանգնող ցանկացած թշնամու: Իսկ այդպիսի աղետների մարտահրավերներ գոյություն ունեն մեր կյանքում և՛ տնտեսական ոլորտում, և՛ մեր երկրի սահմաններին: Այնպես որ, այս ռեժիմը գոնե պետք է այդքանը գիտակցի և փորձի զինք պաշտպանել և ապահովագրել՝ ազգադավ և կործանիչ քայլերից իրեն զերծ պահելով: Բայց դա կարծես իրեն չի վերաբերում, և անդունդը անդավաճան կերպով ձգում է նրան:

- Ձեր ամանորյա մաղթանքն՝ ուղղված հայ ժողովրդին և առանձին Սասնա ծռերին:

– Սա ինձ համար առանձնահատուկ Ամանոր է, տխուր Ամանոր է, քանի որ ընկերներս անազատության մեջ են: Իհարկե, նրանք գիտակցաբար գնացին այդ քայլին, քանի որ բոլոր մնացյալ ելքային դռները փակված էին: Նրանք իրենց նահատակ հռչակեցին հանուն իրենց վեհ գաղափարի, հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման, հանուն հայրենիքի փրկության, հանուն հայի հայրենիքում ապրելու իրավունքի: Նրանց ոչ մեկն այս աշխարհում չէր կարող ետ պահել այդ քայլից, քանզի ի ծնե հերոսների առաքելությունն է դա: Եվ սա է միակ մխիթարանքս: Հենց դրա համար առաջին բաժակս կբարձրացնեմ անազատության մեջ գտնվող ընկերներիս համար, նրանց ողջ և առողջ և նույնքան հզոր և Ծուռ տեսնելու մաղթանքով: Հաջորդ բաժակը կբարձրացնեմ իմ սիրելի և անկանխատեսելի, արդարամիտ ու համբերատար ժողովրդի համար՝ նրան մաղթելով իր ոգու հզորության նկատմամբ վստահություն և անդրդվելի հավատ, քանզի հավատով են ժողովուրդները հասնում հաղթանակի իրենց պայքարում: Իսկ երրորդ բաժակս՝ բոլոր այն ընտանիքների համար, որոնք արժանապատվորեն սպասում են անազատությունից իրենց սիրելիների վերադարձին: Իսկ դրանք աննախադեպ քանակի քաղբանտարկյալների ընտանիքներն են ու զավակները:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝