Բռնապետության օրոք իրական ընդդիմությունը լինում է կամ բարիկադի վրա, կամ բանտում, այլ ոչ թե «ազգային ախոռում»

536316_481222248575481_2077035081_n

ԳԱԼԱ-ի հարցազրույցը սփյուռքում ճանաչված հասարակական գործիչ Արմեն Զատիկյանի հետ:

-Պարոն Զատիկյան, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր 2016թ.-ը Հայաստան աշխարհի, հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների համար:

-Շատ տարողունակ հարց է: Պատասխանեմ մեկ բառով՝ տխուր, նախորդ տարիների բնականոն շարունակությունը, և եթե մեր ժողովուրդը՝ Հայաստանով ու Սփյուռքով, շարունակի իր կրավորական կեցվածքը և «ըմբռնումից» դուրս չգա, ապա նույնն է լինելու նաև գալիք տարում: Մարդկության պատմությունը դեռևս չի տեսել մի դեպք, որ որևէ ժողովուրդ ազատագրվի բռնակալության լծից առանց պայքարի: Որքան էլ որ մենք մեզ խաբենք, թե մերն ուրիշ է, հավատացեք՝ սուտ է, մերը շատ նման է մյուս բախտակից ժողովուրդներին, և եթե ազատագրվենք, ապա դա լինելու է նրանց օրինակով, Վրաստանն ու Ուկրաինան էլ աչքներիս առաջ ունենալով:

-Ի՞նչ շրջափուլեր կառանձնացնենք 2016-ում, ի՞նչ փորձություններ եղան, ի՞նչ կորուստներ և ձեռքբերումներ եղան:

-Բոլոր «շրջափուլերը», որոնք այդպիսին երևում են միայն արտաքնապես, արհեստականորեն ստեղծվում և շրջանառության մեջ են դրվում ռեժիմի կողմից, ժողովրդին, «ընդդիմությանը» և ԶԼՄ-ներին զբաղված պահելու և իր բուն անելիքից շեղելու համար: Ցավալի է, որ այս կուտը դեռ հաջողությամբ ուտվում և մարսվում է:

-Պարոն Զատիկյան, շուտով կդիմավորենք 2017թ.-ը: Ինչպիսի՞ն է խոստանում լինել նոր տարին: Ի՞նչ սպասելիքներ կան:

-Նոր տարին լինելու է հնի շարունակությունը, միայն այն տարբերությամբ, որ Կապիկի տարվա կապիկություններին գալու են փոխարինելու Աքլորի տարվա «աքլորությունները»:

-2017-ն ընտրական տարի է լինելու, ապրիլին խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ զարգացումներ են սպասվում:

-Մենք չենք կարող բարձրացնել հարցեր և լուրջ պատասխանների ակնկալիքներ ունենալ՝ առանց մեզ փոխելու, նույն կաղապարների մեջ ապրելով, նույն փոսում խարխափելով: Եթե մենք սա չհասկանանք ու ինքներս մեզ չփոխենք, ապա որևէ փոփոխության հույս չենք կարող ունենալ, եթե մի բան էլ փոխվի, ապա դա արդեն լինելու է մեր կամքից անկախ՝ Ռուսաստանի քայքայման կամ տարածաշրջանային իրադարձությունների արդյունքում: Պատասխանը լինելու է նույնաբնույթ, քանի դեռ մենք դասական ավազակապետությունում խոսում ենք «ընտրության» մասին, կնշանակի ոչինչ չենք սովորել այս տարիների ընթացքում: Որքան կարելի է գնալ «Շմայսի ընդունարան», բռնաբարվել, հետո հաջորդ անգամ նորից գնալ, կնշանակի արդեն թուլացել և հաճույք ենք ստանում: Մի՞թե դեռ չհասկացանք, որ թիվ խփողների հետ «ընտրության» գնալը մեղք է: Իշխանության վերարտադրությանը խափանելու լավագույն ձևն իր խաղերին չտրվելն է, իր տիրույթ չմտնելն է, այն, ինչն այդպես էլ համառորեն չենք ուզում հասկանալ: Ժամանակն է վերջապես գիտակցել, որ հայկական ֆորպոստի դրածո իշխանություններն ահա արդեն 25 տարի «ժողովրդավարություն» են խաղում արտաքին աշխարհի աչքերին թոզ փչելու և գրանտներ կպցնելու համար: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ նաև «կառուցողական ընդդիմություն», առանց որի հնարավոր չէ վերարտադրվել և լեգիտիմացվել, այդ նույն արտաքին աշխարհը չի ընդունի: Ժամանակին միակ տղամարդն անկեղծորեն ասում էր. մեզ ընդդիմությունը շատ է պետք, եթե անգամ չունենանք, պետք է ինքներս ստեղծենք: Էլ սրանից անկեղծ մարդն ինչպե՞ս ասեր: Եթե դուք պատմությունից ինձ ցույց տաք մի դեպք, որ որևէ բռնապետություն է տապալվել «ընտրություններով», ապա ես խոսքերս ետ կվերցնեմ: Բռնապետության օրոք իրական ընդդիմությունը լինում է կամ բարիկադի վրա, կամ բանտում, այլ ոչ թե «ազգային ախոռում» աշխատավարձով «ընդդիմություն է աշխատում»:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝