Արթուր Բաղդասարյանի շանսերը՝ փայլու՞ն. նա ասել է, որ կողմ է ընդդիմության լայն կոնսոլիդացիայի

f572c9ad159b3d_572c9ad159b7d

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության համագումարի ժամանակ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության շանսերի մասին, այն գնահատել է փայլուն և ասել է, որ ինքը լայն կոնսոլիդացիայի կողմնակից է:

Լրագրողների այն հարցին, թե հիմա որն է քաղաքական դաշտում իրական ընդդիմություն և որոնք են հաճախորդները, Բաղդասարյանը պատասխանել է.

«Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումները, իր ծրագիրը, և հասարակությունն էլ կատարելու է ընտրություն: Հայ ժողովրդի 90 տոկոսն ընդդիմություն է, այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական, քաղաքական կառույցներ, այնպես որ, յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր տեսակետը, իր մոտեցումները և հասարակությունն էլ լսի, տա իր գնահատականը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր կուսակցության շահերը, Արթուր Բաղդասարյանը նախ ընդհանուր մի պատասխան է տվել. «Նոր անունները դուք լսեցիք 15 երիտասարդ պատգամավորության թեկնածուների մասին: Սրանք բոլորը նոր մարդիկ են, ովքեր պետք է գան իրենց նոր ու երիտասարդ խոսքն ասեն, մեր երկիրն էլ է երիտասարդ, ընդամենը 20-25 տարվա պատմություն ունի: Քաղաքակիրթ եվրոպական երկրներում նույնպես իրադարձությունները նույն ձևով են զարգանում: Նոր մարդիկ կան, նոր անուններ, նոր ասելիք կա, հին մարդիկ կան, հասարակությունը ճանաչում է բոլորին»:

Ապա նորից նույն հարցին, թե ինչ շանսեր ունի ինքը, Բաղդասարյանը մեկ բառով պատասխանել է. «Փայլուն»:

Ապա անդրադարձել է արդեն ձևավորված ընդդիմադիր դաշինքներին.

«Իհարկե կան քաղաքական դաշտում արդեն իսկ հայտարարված դաշինքներ, ես ինքս որպես քաղաքական դաշտում գործիչ ողջունում եմ քաղաքական համախմբման յուրաքանչյուր փորձ»:

Իսկ հարցին, թե դուք ինչ-որ բան անո՞ւմ եք, կա՞ք որևէ դաշինքում, Բաղդասարյանն ասել է.

«Մենք մշտապես քաղաքական բանակցությունների մեջ ենք: Կարևոր է, որ առաջիկա համապետական ընտրություններում լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա: Դա կարող է լինել մեկ քաղաքական բևեռ, կարող են լինել բևեռներ, բայց մենք դրա հաստատուն կողմնակիցն ենք:

Այս պահի դրությամբ քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց ձևաչափի պահով որևէ վերջնական բան չկա: Բայց «Հայկական վերածնունդն» ինքն արդեն բովանդակության մեջ իրենից ներկայացնում է մի յուրօրինակ դաշինք կամ հասարակական, քաղաքական միավոր: Բայց մեր դուռը բաց է միավորման համար բոլորի առջև»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝