«Գարնանը Հայաստանում նոր ցնցումներն անխուսափելի կլինեն, քանի որ ունենք բոլոր ոլորտների աղետալի ցուցանիշներ»

11_tn

ԳԱԼԱ-ի հարցազրույցն ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկին Փոստանջյան, լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Հանրապետականները, գնահատելով նրա պաշտոնավարման 100 օրը, հայտարարում են, թե բավականին փոփոխություններ են կատարվել՝ ստվերի դեմ պայքար, հարկային մեղմ քաղաքականությանն ուղղված քայլեր և այլն: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

-Իհարկե լավ չեն աշխատել, դեռ ավելին պետք է ասեմ, որ տարեվերջին գումարեցին մեր արտաքին պարտքին ևս մի քանի միլիոնանոց պարտք՝ շուրջ 200 միլիոն դոլարի, հետևաբար խոսել լավ աշխատելու մասին բացարձակ անհիմն է, իսկ ինչ վերաբերում է  ընդհանուր մոտեցումներին, ապա խնդիրը ոչ թե տնտեսական է ու խնդիրը կառավարման փոփոխության մեջ չէ, այլ խնդիրը համակարգային փոփոխության մեջ է, մասնավորապես քաղաքական համակարգի փոփոխման և նոր քաղաքական համակարգի ներդրման մեջ է, որն իր մեջ պետք է ներառի առաջին հերթին քաղաքական մենաշնորհի վերացում և հստակ հակակշիռների ու լուծումների մեխանիզմ: Ամբողջ խնդիրն այս տիրույթում է, հետևաբար ուզում են կառավարություն փոխեն, ուզում են վարչապետ փոխեն, ուզում են նախարարներ փոխեն, եթե չեն փոխում կառավարման համակարգը, քաղաքական մոդելը չի փոխվում ու քաղաքական մենաշնորհը չի վերանում, հետևաբար որևէ դրական ակնկալիքներ չեն էլ կարող լինել:

-Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հասարակության շրջանում ինչ-որ չափով դրական ակնկալիքներ էին ձևավորվել, որ երկրում հնարավոր է իրավիճակ փոխվի, հիմա, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն են տրամադրվածությունները:

Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

-Հանրությունը եթե մի քանի ամիս առաջ միգուցե հավատ ուներ, ինչ-որ հույսեր էր կապում այդ փոփոխությունների հետ, այսինքն կառավարության ներկայացուցիչների փոփոխությունների հետ հույսեր էր կապում, ապա տվյալ պարագայում արդեն հասկանալի է, որ այդ հույսերը բացարձակ այլևս չկան, քանի որ հասկացան, որ սա հերթական խաբեության մի դրվագ է, և հանրությունն այլևս չեմ էլ կարծում, որ ինչ-որ հույսեր կապում է, քանի որ ես էլ եմ շփվում հանրության հետ, ու հասկանալի է, եթե առաջին օրերին ասում էին՝ կարող է ինչ-որ մի բան փոխվի, ոնց որ թե ցանկություն ունեն փոփոխություն իրականացնելու, հիմա հասկանում են, որ ոչինչ էլ չի փոխվել, և երեք ամիսը քիչ ժամանակ չէ, մենք հիմա կգանք ապրիլ ամիս, կտեսնենք, որ վեց ամիս է անցել ու ոչ մի բան չի փոխվել:

-Այս ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Կ. Կարապետյանը լավ մենեջեր է, և որ նրա կառավարումը կառանձնանա: Կարո՞ղ ենք ասել, որ այդ ամենն ուղղակի միֆ էր:  

-Նախ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և Հայաստանի կառավարությունն ինչ-որ բաժնետիրական ընկերություն չէ, որպեսզի այդտեղ մենեջերներ հրավիրեն, որ գան ղեկավարեն, սա հստակ քաղաքական խնդիր է, ու նորից պետք է կրկնեմ, որ Հայաստանում խնդիրը քաղաքական է և ոչ թե այլ տեղերում պետք է փնտրել խնդրի լուծում: Մենք փակում ենք տարին աղետի մեջ, ոչ թե միայն վատն են ցուցանիշները, այլ աղետալի են բոլոր ցուցանիշները, և հետևաբար արդեն գարնան ընդառաջ պետք է պատրաստվել ցնցումների, ցավում եմ, և ցանկալի էլ չէ, որ մենք այդ ճանապարհով գնանք, բայց փաստացի եթե չեն թողնում այլընտրանք ու չեն թողնում հնարավորություն ելքերի ու չեն ցանկանում այդ հնարավորությունը տրամադրել հանրությանը, հետևաբար ցնցումները դառնում են անխուսափելի:

-Այսինքն կարծում եք, որ գարնանը նոր ցնցումնե՞ր են սպասվում:

-Մենք չտեսա՞նք արդեն անցնող տարվա ընթացքում ցնցումներ. թե արտաքին դիվանագիտության տապալումը, քառօրյա պատերազմի ու բանակի անպատրաստ վիճակը հանգեցրեց բազմաթիվ զոհերի, հետո էլ տեսանք ՊՊԾ գնդի գրավումն ու ապստամբությունը: Հետևաբար ցնցումները բացառված չեն: Առաջին հերթին պետք է հանրությունն ինքը ինքնակազմակերպվի, մենք կարող ենք հաղթահարել ճգնաժամը, եթե ինքներս լինենք կազմակերպված, ու բոլոր տեղերում պետք է այդ կազմակերպվածությունը դրսևորել:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝