«Ս. Օհանյանը որեւէ մեղք չունի ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար». Դալլաքյան

новый коллаж

Այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարն էր, որին ներկա չէր ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Վ. Դալլաքյանը մամլո ասուլիսի ժամանակ ազդարարել էր Ս. Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու եւ «Երրորդ հանրապետություն» կուսակցության հետ համատեղ աշխատանքի մասին:

Վ. Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ որեւէ հրավեր չեն արել որեւէ անձի կամ կուսակցության ղեկավարի.

«Ինչ վերաբերում է Ս. Օհանյանի հետ մեր համագործակցությանը, ապա մենք երկրում ստեղծված իրավիճակի գնահատման վերաբերյալ ունենք ընդհանուր տեսակետներ եւ ընդհանուր մոտեցումներ: Մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաեւ խորանում է: Այդ համագործակցությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ մեր կուսակցության եւ Ս. Օհանյանի գնահատականները երկրում ստեղծված ծանր իրավիճակի եւ դրանից դուրս գալու վերաբերյալ համընկնում են: Եվ մենք այն կարծիքին ենք, որ միասնաբար համախմբման միջոցով կարելի է մեր երկրում խաղաղ ճանապարհով խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնել իշխանափոխության: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, որ կողմնակից է նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ճիշտ են արդյոք «Համախմբում» – «Ժառանգություն» – Սեյրան Օհանյան համագործակցության մասին հրապարակումները, եւ արդյոք նաեւ ուժերի եւ Վ. Դալլաքյանի միջեւ համագործակցության եզրեր կան:

«Ծանոթ եմ այդ հրապարակումներին եւ ես հայտարարել եմ, որ ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, բայց քանի որ դրանք շարունակական բնույթ են կրում եւ դրանք քաղաքական կոնսուլտացիաներ են, ապա ներկայումս ոչ նպատակահարմար կհամարեի անուններ տալը: Ընդամենը նպատակահարմար եմ համարում ասել, որ կա համախմբման եւ կոնսոլիդացիայի մեծ հնարավորություն, եւ կարծում եմ, որ առաջիկայում դուք դրան ականատես կլինեք»:

Այն հարցին, թե եթե Ս. Օհանյանը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ապա ինչն էր նրան խանգարում կամ կաշկանդում գնալ փոփոխությունների այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ-ի պաշտոնը, Դալլաքյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ իմ կողմից հարգված Արցախի հերոս Սեյրան Օհանյանն արդեն հանդես է եկել համապատասխան քաղաքական հայտարարությամբ, եւ կարծում եմ, որ դուք հնարավորություն կունենաք նրան ուղղելու իրեն վերաբերող հարցերը: Ես կոռեկտ չեմ համարում անընդհատ հարցեր տաք Ս. Օհանյանի հնարավոր գործունեության մասին: Բայց հարգելով ձեզ որպես լրագրողներ՝ կխնդրեի նկատի ունենալ, որ պարոն Օհանյանի փաստաբանը եւ մամուլի խոսնակը չեմ: Ս. Օհանյանին համարում եմ մեր պետականության եւ պետության համար հսկայական աշխատանք կատարած անձնավորություն: Օհանյանը ներկայացրել է իր քաղաքական հայտը: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը կխորանա, եւ առաջիկայում դուք ականատես կլինեք նաեւ դրան: Ես բացառում եմ, որ մեր համագործակցությունը որեւէ փուլում կարող է խաթարվել: Պատասխանատվություն եմ կրում իմ ասած ցանկացած արտահայտության եւ ցանկացած բառի վրա:

Հանգիստ եղեք Ս. Օհանյանի քաղաքական հայտի, քաղաքական գործունեության համար»:

Հարցին, թե արդյոք Ս. Օհանյանն իր հերթին չի նպաստել երկրում ստեղծված իրավիճակի ձեւավորմանը, պատասխանն այսպիսին էր.

«Ս. Օհանյանը որեւէ մեղք չունի ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար: Այս իրավիճակի համար պատասխանատվություն է կրում մեկ անձ, այդ անձը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն է»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝