«Հրահանգ չունի, թող հրաժարական տա». իրավապաշտպանը՝ բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

15713279_728341260668252_1472567249_n

«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի փաստաբաններն այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որով տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել իրենց ներկայացրած դիմումին ու որոշակի հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:

Փաստաբանները դեկտեմբերի 17-ին էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել և պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ նոր առողջական խնդիրներ են առաջացել: Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությունում նշվում է, որ համապատասխան միջնորդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը դատարանի կանոնագրքի 54 / 2 (a) կետի համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը և առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը, և պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր և այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, և արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք և հատուկ սնունդ, և եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից:

Պաշտպանյալի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բարձրաձայնում է նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ հայտարարելով, թե պաշտպանյալը վերջին օրերին գտնվում է ոչ սթափ վիճակում, հավանաբար նրան հոգեմետ դեղեր են ներարկվում:

Անդրադառնալով այս դեպքերին՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Մենակ իրենց նկատմամբ չէ, սա աղմկահարույց գործ է, և մենք իմանում ենք այդ գործերի մասին, քանի որ փաստաբանները բարձրաձայնում են, անմարդկային վերաբերմունքն առկա է քրեակատարողական հիմնարկներում: Սա իշխանությունների պատժի, հաշվեհարդարի ու արդարադատության նախարարի բացարձակ անտարբերության արդյունքն է. մարդու նկատմամբ իսպառ բացակայում է վերաբերմունքը, հետո ինչ, որ նա կալանավոր է: Արթուր Սարգսյանի դեպքում ՄԻԵԴ դիմել են փաստաբանները, նույնը խորհուրդ կտամ, որ Հայարփի Սարգսյանն անի Հ. Հարությունյանի հետ կապված, ՄԻԵԴ-ն ունի անհապաղ միջոցների ընթացակարգը, ու եթե ներկայացված փաստացի փաստաթղթերը համապատասխանում են, իրենք վարույթ են ընդունում և ուսումնասիրում են գործը, ու արդեն կառավարությանը հարցեր են ուղղել, պարզաբանումներ են ուզել»,- նշեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսնում «Սասնա ծռեր» խմբի անդամների ու նրանց աջակիցների նկատմամբ: Այս ամենը նաև ցույց է տալիս, որ ընդդեմ ՀՀ կայացված վճիռները ՄԻԵԴ-ի կողմից դաս չեն լինում ՀՀ իշխանություններին. շարունակում են իրենց պատժիչ քայլերը՝ քրեակատարողական հիմնարկներում ստեղծելով անմարդկային պայմաններ.

Այն հիվանդությունը, որն ունի Արթուր Սարգսյանը, անհամատեղելի է բանտային պայմանների հետ: Հետևություններ չեն անում, մենք տեսնում ենք, որ աղմկահարույց գործերով, հատկապես քաղաքական գործերով այդ վերաբերմունքն ակնհայտ է դառնում, պետք է ենթադրել, թե մնացածների՝ սովորական կալանավորների վիճակն ինչպիսին է, նրանց նկատմամբ ընդհանրապես վերաբերմունք չկա: Ոչ մի բան խրատ չի լինում այս համակարգին, իրենց ներքին կրքերը, վրեժխնդրությունը պարպելու համար մենք պետք է գումարներ վճարենք Եվրոպական դատարանին: Մենք այսպիսի գործերից ենք տեղեկանում քրեակատարողական հիմնարկներում առկա իրական պայմանների մասին, միշտ աղմկահարույց գործերն են ցուցիչը: Օրենքով նախատեսված կարգից բացի, փաստորեն, պատիժը, պատժաչափն իրենց չի բավարարում ու նաև խոշտանգում են»,- նշեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը և դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին և ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը: «Սա Արթուր Սարգսյանի նկատմամբ ուղղակի խոշտանգում է, երբ ամիսներ շարունակ նրա առողջական վիճակի մասին է խոսվում, և վերջին անգամ, որ նա վատացել էր քրեակատարողական հիմնարկում, ուշացումով էին շտապօգնություն կանչել: Մի խայտառակ իրավիճակ է, ու բազմաթիվ միջազգային զեկույցներ են եղել, վերջերս Բրյուսելում է եղել զեկույցներ և քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին, բայց ոչինչ չի փոխվում: Ինձ բոլորից շատ զարմացնում է տիկնոջ վերաբերմունքը, նախարարի, քրեակատարողական հիմնարկը ենթարկվում է իր ղեկավարած նախարարությանն ու համակարգին, ու այդ ծանր հիվանդ վիճակները, ու նա բացարձակ չի հետաքրքրվում՝ ում են խոշտանգում, ինչ են անում, մահամերձ է մարդը, որևէ արձագանք չկա, իրականությունը հակառակը ներկայացնելու մեծ ընդունակություն ունի, ուրիշ ոչինչ: Հրահանգ չունի տիկինը, թող հրաժարական տա, սա շատ ամոթ է, այս անտարբերությունը: Նույն վիճակում Հովհաննես Հարությունյանն է, ու պետք է միավորել ուժերը, որ մարդկանց այդ վիճակից հանել, խոշտանգման իրավիճակում են գտնվում, և ցավերը, և ներսում վերաբերմունքը, անտարբերությունը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝