«Բանդան բացահայտված չէ, եթե դատարանն ապօրինի վճիռ կայացնի, ես կհատեմ սահմանը». ավազակային հարձակման ենթարկված կինը դժգոհ է դատական մարմիններից

maro

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ Մարո Վարդանյանի ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ ընտանիքը 2015թ.-ի սեպտեմբերի 12–ին ենթարկվել էր ավազակային հարձակման: Կեսգիշերին զինված և դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, զենքի սպառնալիքով հափշտակել ոսկեղեն և թանկարժեք իրեր, կապկպել են 47-ամյա կնոջն ու 20-ամյա դստերը, վնասել, ծեծել և հեռացել:

Մինչև հիմա դեռևս ոչ մի փոխհատուցում չի եղել ոչ Մարո Վարդանյանի ընտանիքին, ոչ էլ նույն գործով մյուս տուժողին:

Հատկանշական է, որ թեև դռնբաց դատական նիստ էր հայտարարված, այնուամենայնիվ, մեղադրվող կողմն այս անգամ դեմ էր, որ դատական նիստը նկարահանվի: Սակայն դատարանն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց՝ թույլատրելով նկարահանել նիստը:

Նկատենք, որ դատաքննությունն ավարտված է, դատական ճառերի փուլն է սկսվել:

Տուժող Մարո Վարդանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությունն ավարտվել է, և դատարանը շուտով վճիռ է կայացնելու, այնուամենայնիվ, ինքը դժգոհ է իրավապահ մարմինների աշխատանքից:

Մոտ երկու տարի է, ինչ կատարվել է ավազակային հարձակումը, սակայն իրավապահ մարմինները սահմանափակվել են միայն մեղավորներին կալանավորելով, իսկ իր տնից հափշտակված գումարի, ոսկու և տեխնիկական իրերի փոխհատուցման կամ վերադարձման գործում դեռևս աշխատանքներ չեն իրականացվում, և նա դա շատ տարօրինակ է համարում:

«Այդ ամսում նույն անձանց կողմից չորս բնակարաններում տեղի է ունեցել ավազակային հարձակում, սակայն տարբեր համայնքներում: «Հերթապահ մաս» հաղորդումից դեկտեմբերի 4-ին տեղեկացանք, որ մանրամասներ են բացահայտվել և որոշակի իրեր են գտնվել, որոնք ավազակները տարել էին տարբեր բնակարաններից: Սակայն քննչական մարմինները մեզ երբեք իրերը ճանաչելու չեն կանչել: Դեկտեմբերի 20-ին ամուսնուս հետ գնացինք քննչական կոմիտե, որպեսզի տեղեկանայինք, թե հայտնաբերված իրերը մեզ են պատկանում, թե ոչ, սակայն քննիչի կողմից արժանացանք վատ վերաբերմունքի և հետևյալ պատասխանին. «Ինչի՞ եք եկել, մեզ որ պետք լինեիք, կկանչեինք»:

Բացի այդ, ըստ Մարո Վարդանյանի, ամբողջ հանցակազմը բացահայտված չէ: Մեղադրյալներ Արթուր Էլոյանից և Գրիշա Մարտիրոսյանից բացի գործում ակտիվորեն ներգրավված է եղել նաև վերջինիս քույրը՝ Մարոյի համագյուղացի Գայանե Մարտիրոսյանը:

«Իմ բազմաթիվ բողոքարկումներից հետո չի շտկվել ոչ մի թերացում, մնացել է նույնը:

Դեռևս ազատության մեջ է գտնվում դրդիչը, հրահանգիչը, ով իմ տան տեղն է ասել, ով նաև մասնակից է այս գործին և պատասխանատվության չի ենթարկվել:

Երկու ամբաստանյալներին էլ իմ ընտանիքն անծանոթ է: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել նրանց հետ: Ոչ ճանաչել ենք, ոչ մի թշնամություն չի եղել: Դատավարությունը մոտենում է իր ավարտին, բայց չի բացահայտվել բանդան ամբողջությամբ: Քանի որ դատավարությունը մոտենում է իր ավարտին, դատարանը մերժում է դուրս մնացած հանցագործների թիվը ճշտել, ես իմ խոսքն եմ ուղղում ՇՄ գլխավոր դատախազին, որ չբացահայտված մասերով կատարվի քննություն, քանի որ ես պայքարել և պայքարելու եմ մինչև վերջ: Եթե իմ բոլոր պահանջները չբավարարվեն, ես կհատեմ սահմանը: Քանի որ երկու տարի է անընդհատ բողոքում եմ, ու իմ բողոքները չեն բավարարվում, ոչ մի պատասխան ինձ չի եկել լիարժեք»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝