Փաստաբանը կարծում է, որ Սասնա ծուռ Հովհաննես Հարությունյանին հոգեմետ դեղեր են տալիս

hovhannesharutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը բարձրաձայնում է, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր պաշտպանյալի մոտ վերջին շրջանում տարօրինակ երեւույթներ է նկատվում:

Հայարփի Սարգսյանին տեղեկացրել են, որ Հովհաննեսին հոգեբույժներ են այցելել եւ ինչ-որ հանգստացնող դեղեր տվել, քանի որ վիճակը վատ է եղել: Այս ամենը զարմացրել է փաստաբանին. «Երբ որ ես անձամբ տեսա Հովհաննեսի վիճակը դեկտեմբերի 11-ին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվել, այսինքն նա կարծես ոչ սթափ լիներ, այսինքն խոսում էր, բայց սթափ չէր, զգացվում էր, որ ինչ-որ բանի ազդեցության տակ էր Հովհաննես Հարությունյանը:

Վերջին ժամանակներում նրա ոտքը շատ ուժեղ ցավում էր ու չէր կարողանում գետնին դնել, ու ինձ զարմացրեց, որ նա հենակներով չէր, այլ հենակները վերցրել են, ու նա այդպես քայլում էր: Ինչն էր նաեւ զարմանալի, որ նա դիմում էր ներկայացրել դատական նիստին մասնակցելու համար, որը պետք է դեկտեմբերի 7-ին լիներ, ու անհամբերությամբ սպասում էր: Դեկտեմբերի 7-ին դատարանը չէր ապահովել իր ներկայությունը, որը հետաձգվել էր ու նշանակվել էր դեկտեմբերի 12-ին»,- պատմեց փաստաբանը:

Դեկտեմբերի 12-ին Հովհաննեսին դատարան բերել են, սակայն նա դարձյալ եղել է ոչ սթափ վիճակում եւ հրաժարվել է գալ դատական նիստերի դահլիճ:

arm147835172452

Հայարփի Սարգսյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանը փորձել է երկու անգամ տեսակցել պաշտպանյալին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա հետ, հնարավոր չի եղել. «Քանի որ նա բղավում էր, կարծես ինչ-որ ցավերի կամ դեղերի ազդեցության տակ էր: Եթե Հարությունյանը սթափ ու նորմալ վիճակում լիներ, չեմ կարծում, որ նորմալ մարդը շուրջ 40 րոպե կբղավեր»:

Դեկտեմբերի 16-ին, երբ հերթական անգամ այցելել է դատապարտյալների հիվանդանոց՝ տեսակցելու Հովհաննես Հարությունյանին, հիվանդասենյակում արյան հետքեր է նկատել, սակայն այդ օրն, ըստ փաստաբանի, Հովհաննեսը սթափ վիճակում էր. «Իր հիվանդասենյակից շատ ուժեղ դեղերի հոտ էր գալիս, արյան նմանվող հետքեր կային պատուհանի գոգին, արյամբ ներծծված, արյամբ ներծծված ինչ-որ բաներ, նաշադիրային սպիրտի հոտ էր գալիս, բայց Հ. Հարությունյանը սթափ վիճակում էր ու ինձ հարց տվեց, ինչն էլ ինձ զարմացրեց, ասաց, թե երբ է լինելու իմ դատական նիստը, այնինչ դատական նիստն իր վատ վիճակի պատճառով 2 անգամ հետաձգվել էր, եւ ի վերջո էլ հնարավոր չէր հետաձգել ու կայացվել էր առանց իր մասնակցության, այսինքն նա ոչինչ չէր հիշում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարվածը: Հետո դեկտեմբերի 20-ին եմ այցելել, կարծես էլի ինչ-որ նմանատիպ ազդեցություն կար: Ես դեկտեմբերի 16-ին հարցրեցի՝ դու հիշո՞ւմ ես, որ նման բան է եղել, ասաց՝ չէ, չեմ հիշում, ինչ լուրեր կա, ինքը կարծես չգիտեր, որ մի շաբաթ անցել է, ու կարծես դեկտեմբերի 7-ից հետո արթնացել էր դեկտեմբերի 16-ին, այ այդպիսի տպավորություն էր: Այդ օրը, որ ինքն արթնացավ, փորի վրա պառկած էր ու ձեռքը մեջքին էր տանում, արյունոտվում էր ձեռքը, կարծես մեջքի հատվածում ինչ-որ բան լիներ՝ սրսկած կամ չգիտեմ: Ինքը դեկտեմբերի 16-ին ասաց՝ գիտես, ես էնքան վատ էի այսօր, որ թույլ եմ տվել բժիշկներն ինձ ներարկեն, ասաց՝ լիքը բժիշկներ էին եկել ու երկու անգամ ինձ ներարկեցին, ու դրա արդյունքում էլ երեւի ինքը սթափվել էր»,- ասաց փաստաբանը:

Հայարփի Սարգսյանը կարծում է, որ Հովհաննես Հարությունյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է գտնվել, սակայն չգիտի՝ ինչպես եւ ինչ պայմաններում է դա արվել: Պահանջել է մի շարք հետազոտություններ, սակայն դեռեւս որեւէ բան չի արվել. «Արյան անալիզ եմ պահանջել, ոտքի ռենտգեն նորից անեն, լիքը նմանատիպ իրենց կողմից արգելքներ են դրվում, որոնք ինձ կրկնակի կասկածի տեղիք են տալիս: Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ մեր կողմից հրավիրված հոգեբանին թույլ չեն տալիս ներս մտնել, իրենք նշում են, որ վարույթն իրականացնող մարմինն արգելք է դրել տեսակցությունների վրա, այդ իսկ պատճառով թույլ չենք տալիս հոգեբանին, բայց վարույթն իրականացնող մարմնի կողմից ունեմ պատասխան, որ այդ հարցը պետք է դատապարտյալների հիվանդանոցը քննարկի, եւ այդ իրավասությամբ օժտված չէ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն իրենք իրենց հակասում են»:

Փաստաբանը դիմել է նաեւ դատապարտյալների հիվանդանոցի ղեկավարությանն ու փաստաբանական հարցում է կատարել, որպեսզի իրեն տրամադրեն, թե այդ ամբողջ ժամանակահատվածում ովքեր են այցելել Հովհաննես Հարությունյանին, ինչ մասնագետներ են եղել, պահանջել է նաեւ այն դեղերի ցանկը, որոնք տրամադրվել են իր պաշտպանյալին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Նաեւ հաղորդում է ներկայացվել ՀՔԾ. «Միջնորդել եմ դատաբժիշկ հրավիրել, քանի որ կասկածներ ունեի, որ Հ. Հարությունյանը բռնության ենթարկված լիներ, դա եւս չի արվում: Սթափ վիճակում Հ. Հարությունյանը որեւէ դեղ չի ընդունում, ես չգիտեմ, թե ինչ կարգով է արվել դեկտեմբերի 9-ին, որ արվել է, բայց ինչ վերաբերում է դեկտեմբերի 16-ին, որ ինքը սթափ վիճակում էր, ասաց՝ ես թույլ եմ տվել, որ երկու անգամ ինձ այսօր ներարկեն, քանի որ ես շատ վատ էի, ու բժիշկներն ուզում էին ինձ տանել, ես նաշադիրային սպիրտի հոտ էլ զգացի, նրա քթանցքերը լավ կարմրած էին, ու կասկածում եմ, որ նաշադիրի հետքեր էին:

Այսինքն մեկ սթափ վիճակում է գտնվում, մեկ ոչ սթափ: Մի բան էլ ինձ զարմացրեց. դեկտեմբերի 19-ին նախ իր սենյակի պատերին տարբեր բաներ էին նկարված, մեկն առանձնացնեմ, որ լույսը միացվում է, անջատիչը լույսի, այդ կարոպկան հանած էր, ու հսկիչն ասաց Հովհաննեսին, թե դո՞ւ ես ջարդել, Հովհաննեսը պատասխանեց, որ ինքը չի արել: Չնայած ջարդվածի տպավորություն չէր, կարծես ինչ-որ բանով հանած լիներ, այնուամենայնիվ, հոսանքը բաց էր, ու հոսանքի վերեւում կլորներ էին նկարած մի քանի հատ, ու սլաքով ցույց էր տրված դեպի հոսանքը: Հովհաննեսը թույլ չէր տալիս սառնարանը բացել, ինչն ինձ զարմացրեց, մտածեցի՝ սառնարանում հին բաներ կա, կարելի է դասավորեմ, փորձեցի բացել, շատ ուժեղ բղավեց ու թույլ չտվեց բացել, ու ես զգացի, որ նորից ոչ նորմալ վիճակում է»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝