«Չկա տարածք հանձնելու խնդիր, կա Արցախ հանձնելու խնդիր. արագ զիջման կատաստրոֆիկ հետևանքները»

arm148014955280

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, շատերը դեռ շարունակում են քննարկել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը, դիտարկումներն Արցախի հարցում, որն, ըստ էության, նոր բան չէր, այլ Տեր-Պետրոսյանի առաջարկած 18 տարի առաջվա լուծումն էր: Ի՞նչ ենթատեքստ կար նրա այս ելույթի տակ: Ինչո՞ւ որոշեց նորից խոսել այդ մասին:

-Դե, կարծում եմ, ըստ իրեն, ճնշումն այդ հարցում այս պահին առավել սուր է։ Նախընտրական փուլն է շատ կարևոր նաև։ Հստակ դիրքավորվում է ՀԱԿ-ը որպես զիջողական կուսակցության (լայն առումով) մաս, որպես հստակ ռուսամետ ուժ: Նոր քաղաքական իրավիճակում արևի տակ տեղն ամրապնդելու միջոց է:

-Պարոն Հովհաննիսյան, այսօր մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը, որում ասվում էր, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն է նկատվում: Կապ տեսնո՞ւմ եք ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի հնչեցրած «խաղաղության բանաձևի» և այսօրվա ՊՆ-ի մտահոգությունների միջեւ:

Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

-Հայաստանի վրա ճնշում բանեցնելու լավագույն ձևն իրենց համար փոքրիշատե էֆեկտիվ բախումների հրամցնումն է։ Այս փուլում այդ ամենի քաղաքական ֆոնը, միանշանակ, ռուս-թուրքական մերձեցումն է։ Այո, Տեր-Պետրոսյանը միանշանակ հասկացնում է, որ այդ խնդիրը լուծելու միակ ձևն, ըստ իրեն, զիջելն է… և Ռուսաստանին, և Ադրբեջանին, և, փաստորեն, Թուրքիային։ Սա ազգային անվտանգության ռազմավարության յուրահատուկ ընկալում է՝ «կանխիր թշնամիներիդ ագրեսիան՝ իրենց պահանջները նախօրոք բավարարելով»…

-Արդյոք ներկա իշխանությունները ևս լուծումը տեսնում են հենց Լ. Տեր-Պետրոսյանի «լուծման» կոնտեքստում: Եվ ընդհանրապես ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի հայտարարությունը՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին, ինչի՞ մասին է խոսում:

-Ռազմավարական առումով՝ այո, դա քաղաքական մտքի նույն դպրոցն է։ Եվ Սերժ Սարգսյանը, և ժամանակին Վիգեն Սարգսյանը բազմիցս այդ ոգով արտահայտվել են։ Բայց տակտիկական առումով… Կարծում եմ, որ իրենք շատ լավ են գիտակցում Տեր-Պետրոսյանի արմատական և արագ զիջման տարբերակի կատաստրոֆիկ հետևանքները թե իրենց, թե երկրի համար… Հեշտ է ամբիոնից Ռաբին և Սադաթ դառնալու կոչեր անել, շատ ավելի դժվար է այդ բեռը վերցնել սեփական ուսերին։

-Իսկ ԼՂ իշխանություննե՞րը: Ստեփանակերտի համար նման լուծումն ընդունելի՞ է: Եթե խնդիրը հասնի այդ լուծման, իհարկե ՀՀ իշխանությունների համար հիմա հիմնական հարցը ստատուս քվոյի պահպանումն է: Դա համարում են «իդեալական լուծում»: Բայց հասկանալի է, որ այս վիճակն այսպես չի կարող շարունակվել:

Հնարավոր համարո՞ւմ եք տարածքների հանձնումն «ապրիլյան պատերազմի մոտիվներով»:

-Իշխանությունը՝ չգիտեմ։ Բայց հանրության և զինվորականության համար, որն Արցախի հանրության կորիզն է, բացարձակապես ընդունելի չէ։ Չկա տարածք հանձնելու խնդիր, կա Արցախ հանձնելու խնդիր։ Սա բոլորը գիտակցում են։ Այդ թվում Տեր-Պետրոսյանի դիրքորոշմամբ հիացածների մեծ մասը։ Սա շատ կարևոր գործոն է։ Իսկ տարածք հանձնելու ձևը քննարկման ենթակա չէ ինձ համար։ Սուիցիդի տարբերակները եկեք չքննարկենք, եկեք ազգովի ընտրենք կյանքը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝