Միակ խաղացողը նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանն է՝ ապրիլյան կորուստների և ապստամբության հիմնական մեղավորն ու պատասխանատուն

karapet

ԳԱԼԱ-ի հարցազրույցն ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ:

- Պարոն Ռուբինյան, Ձեր ընդհանուր գնահատականները ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների: Ձեր կարծիքով որո՞նք են, այսպես ասած, հիմնական խաղացողները: Եվ ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ ՀՀ քաղաքացին սպասվող հերթական ընտրություններից:

-Չմոռանանք, որ այդ զարգացումների խորապատկերում ունենք Ապրիլի 4-ը՝ իր աններելի մարդկային ու տարածքային կորուստներով, հուլիս-օգոստոսյան Սասնա ծռերի զինված ապստամբության ճնշված փորձը՝ նույնպես ցավալի արդյունքներով, ինչպես նաև երկրի շարունակական ամայացումն ու աղքատացոումը: Ներկայիս զարգացումները համարժեք չեն, աններդաշնակ են այդ խորապատկերին: Բրեժնևյան ոճի համագումարներով, նախընտրական անամոթ մերկապարերով երկիր չեն փրկում, իսկ երկիրն, ըստ իս, փրկության, օրհասական վիճակից հանելու կարիք ունի: Հիմնական և առայժմ միակ խաղացողը նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանն է՝ վերը նշածս Ապրիլի-4-ի կորուստների և ապստամբության հիմնական մեղավորն ու պատասխանատուն, որը ձգտում է ամեն գնով ձեռքից բաց չթողնել իր զավթած աթոռը: Ընտրություններից ակնկալիքնե՞ր: Բնականաբար, արդար ընտրություն չի լինելու: Երկրի ու սեփական իրավունքների համար պայքարի պատրաստ քաղաքացիներն իրական ընդդիմությունից երևի թե պետք է ակնկալեն սուր նախընտրական և հետընտրական պայքարի առաջնորդում, իսկ ընտրությունների վրա փող շինող պատեհապաշտները կպատրաստվեն տարբեր նախընտրական շտաբներ խցկվելուն, տալ-առնելուն:

- Հայտնի է, որ ՀՀԿ-ն և Ս. Սարգսյանը վերարտադրման համար աշխատում էին դեռ շատ վաղուց, և 2017թ.-ի ընտրություններն իրականում ՀՀԿ-ի վերարտադրման համար անցկացվող մի միջոցառում է լինելու: Ձեր կարծիքով հնարավո՞ր է այլ սցենար: Ի՞նչը կարող է խոչընդոտել ՀՀԿ-ի վերարտադրմանը և ծրագրերի ձախողմանը: Հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր դաշտի համախմբումը:

-Այլ սցենար հնարավոր է, եթե ժողովրդին ոտքի հանող, ատելի ռեժիմից ազատվելու հույս ներշնչող քաղաքական թիմ մեջտեղ գա: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ թե՛ ընտրությունների համատեքստում, թե՛ դրանցից անկախ: Սակայն, ըստ ամենայնի, ընտրություններն այս անգամ էլ քաղաքական զարգացումների կատալիզատոր կհանդիսանան:

- Պարոն Ռուբինյան, ընդդիմադիր դաշտում ի՞նչ գործընթացներ են սկսվել: Ընդդիմադիր որոշ ուժեր ընդհանրապես անիմաստ են համարում ընտրությունները և կարծում են, որ ելքը մեկն է՝ ապստամբությունը: Մյուս կողմից կոչ են անում համախմբման: Ըստ Ձեզ՝ իշխանափոխության տեսանկյունից ո՞րն է ավելի իրատեսական սցենար:

-Որքան էլ ցավալի է, Սասնա ծռերի ապստամբության փորձը ներքին կյանքում լավ բանի չբերեց: Ժողովրդի մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող ապստամբները բանտերում են, կա հերթական հիասթափության ալիք, իսկ իշխանությունները մինչ օրս հետապնդում են ակտիվիստներին ու համակիրներին: Մյուս կողմից՝ երկրի վիճակն այնպիսին է, որ ատելի ռեժիմից ազատվելու համար ժողովրդական նոր ապստամբություն, որի օրինական իրավունքը ոչ ոք չի կարող վերացնել, կարող է լինել ցանկացած օր, եթե իրատեսական ծրագրով նոր առաջնորդներ երևան գան: Կարո՞ղ է նախընտրական և հետընտրական պայքարը նպաստել նման առաջնորդների հայտնությանը: Ըստ իս, այո, կարող է:

-Պարոն Ռուբինյան, ոչ իշխանական դաշտում խաղացողների թիվն ավելանում է: Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը, քաղաքականություն է մտնում նաև Ս. Օհանյանը: Ձեր կարծիքով որքանո՞վ են ազնիվ նպատակները: Ո՞ւմ պահանջով են վերադառնում կամ մտնում քաղաքականություն հիշյալ անձինք:

-Հիմնական ու միակ խաղացողի մասին արդեն խոսեցինք: Թե էլ ում է նա իր հետ միասին խաղացնելու՝ իր կողմից կամ իր դեմ, հեչ կարևոր չէ: Անցած տարիներին նախընտրական խաղերի այնպիսի մեծ փորձ է կուտակվել, որ առանց քաղաքագետների օգնության էլ ժողովրդին ամեն ինչ պարզ է:

-ՀԱԿ առաջնորդը նորից կրկնեց «18-ամյա» իր լուծումը՝ Արցախի հարցով: Ձեր կարծիքով ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀԱԿ-ը:

-Այս գումարման Ազգային ժողով մտնելիս ՀԱԿ-ի առաջնորդները հայտարարում էին, որ այսուհետ համադրելու են դրսի՝ փողոցային պայքարը ներսի՝ խորհրդարանական պայքարի հետ: Թե ոնց համադրեցին, ոնց պայքարեցին փողոցում ու ներսում, ինչով ավարտվեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, ոնց եղավ, որ Հայաստանի եվրասիական գաղութացումն իրենց համար ցանկալի ու անշրջելի դարձավ, թող ձեր ընթերցողն ինքը դատի: Կուզենա՞ն այդ մարդիկ տեղ ունենալ նոր գումարման ԱԺ-ում: Անշուշտ: Կուզենա՞ Սերժ Սարգսյանն իր որդեգրած արտաքին քաղաքական կուրսի համար Հանրապետականից էլ վստահելի ու ակտիվ հենարան ու աջակիցներ ունենալ նոր խորհրդարանում: Անշուշտ: Կփառավորվի՞ Տեր-Պետրոսյանի հոգին, եթե 18 տարի անց իր այն ժամանակվա օպոնենտներից մեկն իր թքածը լիզի ու գնա իրականում պատերազմը ոչ թե հեռացնող, այլ մոտեցնող այդ «փոխզիջումներին»: Անշուշտ:

- Ի՞նչ գնահատական կտաք ՔՊ ԼՀ – «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին: Ի՞նչ հաջողություն կարող են արձանագրել այս ուժերը համատեղ:

-Գնահատական տալու համար պետք է սպասենք գործին: Այժմ միայն կարող եմ ասել, որ ողջունում եմ ինձ համար քաղաքական առումով համակրելի այդ ուժերի միավորումը և հուսով եմ, որ այդ կորիզի շուրջ հնարավոր կդառնա ընդդիմադիր այլ ուժերի և հասարակության լայն խավերի համախմբումն ընդդեմ ռեժիմի և հանուն երկրի ինքնիշխանության վերականգնման:

Համախմբում» – «Ժառանգություն» դաշինք կձևավորվի՞, ըստ Ձեզ: Կա ընդհանուր մոտիվացիա այս երկու ուժերի միջև: Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում են:

-Ինձ տեսանելի միակ ընդհանրությունն այդ 2 ուժերի ղեկավարների սփյուռքահայ լինելն է: Իմ խորին համոզմամբ, քաղաքական-գաղափարական առումով «Ժառանգության» տեղը ՔՊ – ԼՀ – «Հանրապետություն» միավորումում է: Իսկ Օսկանյանի բնական պարտնյորը Սեյրան Օհանյանն է. երկուսն էլ Մարտի 1-ի հակաժողովրդական պերսոնաժներ են, երկուսն էլ հլու-հնազանդ ծառայել են ապօրինի իշխանություններին ու, դատելով մամուլի հրապարակումներից, ապօրինի հարստացել:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝