«Ժառանգությունը» քննարկումների մեջ է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, սակայն հստակություն դեռեւս չկա

armen martirosyan

«Ժառանգություն» կուսակցությունը ոչ թե բանակցությունների, այլ քննարկումների մեջ է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ 2017-ի ապրիլին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցության ձեւաչափը հստակեցնելու նպատակով, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Օրերս, ինչպես հայտնի է, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե հանդիպումներ է ունեցել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ չբացառելով նոր դաշինքի ձեւավորումը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե քննարկումներ ունենում են տարբեր քաղաքական ուժերի հետ, հետեւաբար առայժմ անուններ չեն ցանկանում հրապարակել, քանի որ հստակություն առայժմ չկա: «Որեւէ անուն չենք տալիս, երբ որ բոլոր քննարկումները կավարտվեն, երբ որ ամեն ինչ հստակ կլինի «Ժառանգության» համար, այդ ժամանակ արդեն եւ անուններ, եւ բովանդակություն կհաղորդենք, կներկայացնենք: Որեւէ մեկնաբանություն չեմ անում, մինչեւ «Ժառանգության» համար պարզ չլինի, այս փուլում վերջնական բան չկա, եթե լիներ, հայտարարություն կանեինք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջին օրերին շատ խոսվեց հատկապես երկու նախկին արտգործնախարարների՝ Վ. Օսկանյանի ու Ր. Հովհաննիսյանի, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի միավորմամբ ստեղծվելիք դաշինքի մասին, եղան նաեւ քննադատություններ, թե հատկապես արտաքին քաղաքական խնդիրների առումով վերջիններիս տեսակետները չեն համընկնում: Որեւէ բան չհերքելով՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ քննարկումներ ունենում են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: Սակայն չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ «Ժառանգությունն» առանձին մասնակցի ընտրություններին՝ առանց դաշինքի, այդ պարագայում, նրա պնդմամբ, անցողիկ շեմը կհաղթահարի «Ժառանգությունը»:

«Եթե մեր պատկերացրած դաշինքը չեղավ, բնականաբար առանձին կմասնակցի «Ժառանգությունը», մենք չենք մասնակցում նրա համար, որ խորհրդարանում հայտնվենք, մենք նման խնդիր չունենք, եթե այդ խնդիրը լիներ, մենք ի սկզբանե որեւէ մեկի հետ ոչ կքննարկեինք որեւէ հարց, ոչ էլ: Մեր խնդիրն այն է, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ, ՀՀ-ն իր ինքնիշխանությունը վերականգնի, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այս իշխանությունների հեռացումից հետո: Դրա համար մենք ունենք այդ երկու նպատակը՝ արմատական բարեփոխումներ ու ՀՀ ինքնիշխանության վերականգնում, որի համար անհրաժեշտ է իշխանափոխություն, եւ այդ հարցերի շուրջ ենք քննարկումներ իրականացնում, որովհետեւ մեզ համար խնդիր չէ, որ ուղղակի խորհրդարանում լինենք, քանի որ այդպիսի խնդիր «Ժառանգությունը» չունի, քանի որ միայնակ մասնակցելու դեպքում «Ժառանգությունը» շատ հանգիստ խորհրդարան կմտնի, առանց որեւէ խնդրի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» քաղաքական ուժերի միավորմամբ ստեղծված նոր ընդդիմադիր դաշինքին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը կարծիք հայտնեց.

«Սովորական, նորմալ քայլ է: Քաղաքական պրոցեսի բաղադրիչ է, որ դաշինքներ են ձեւավորվում, ինչ-որ առանձնահատուկ վիճակ չկա»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝