«Հակառակորդը կարող է ակտիվանալ ձմռանը՝ հենվելով մեր ունեցած կարծրատիպերի եւ հանգստության վրա»

image

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում զգոնության եւ մշտական պատրաստվածության կոչ է անում զինծառայողներին եւ հանրությանը: Կարծրատիպը, թե թուրքը ձմռանը կռվել չի սիրում, այդպես չէ, ընդգծում է Վովա Վարդանովը: Նա ունի մտավախություն, որ հակառակորդը կարող է ակտիվանալ ձմռանը՝ հենվելով հենց մեր ունեցած կարծրատիպերի եւ հանգստության վրա, որ ձմռանը հարձակում չի լինի:

«Նա կարող է, այսպես ասած, օգտվել, քողարկվել հենց մեր այդ կարծիքի տակ եւ ակտիվանալ՝ անսպասելի դարձնելով մեզ համար այդ ակտիվացումը»,- ասում է նա:

Մեր այն հարցադրմանը, թե արդյոք կարծրատիպային մտածելակերպ չէր այն, որ հակառակորդն առհասարակ կռվել չգիտի, սակայն քառօրյա պատերազմն անգամ հայ մասնագետները գնահատեցին կազմակերպված եւ գրագետ, Վովա Վարդանովը նշեց.

Վովա Վարդանով

Վովա Վարդանով

«Այո, դա կարծրատիպ է, որը 90-ական թվականներից է գալիս: 90-ական թվականներին թուրքը մի քանի անգամ ապացուցել է, որ կռվել գիտի, ուղղակի մարդիկ, ովքեր որ, այսպես ասած, կռվելու գիտելիքներ չունենալով այդ փուլում մասնակցել էին կռվին եւ կարողացել էին հաղթահարել դիմադրությունը, իրենց թվում էր, թե թուրքն ընդհանրապես կռվող չէ: Մեր այդ հաղթանակները շատ հաճախ բացատրվում էին ինքնապաշտպանական զգացումով, որ թուրքը եթե մեզ հաղթի, ոչնչացնելու է, եւ մենք ստիպված մինչեւ վերջ ենք կռվում: Իսկ մինչեւ վերջ դիմադրողին շատ դժվար է անընդհատ գրոհել: Կարճ ասած, մեր ստերեոտիպերը դեռ այն ժամանակներից են ձեւավորվել, թուրքը հերթական անգամ նաեւ ապրիլին ցույց տվեց, որ նա այդ կարծրատիպերից դուրս կարող է գործել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Վովա Վարդանովը:

Բանակաշինության գործում Ադրբեջանն առաջընթաց է գրանցել 90-ական թվականներից հետո: Դա անվիճելի փաստ է համարում Վարդանովը:

«Առաջ էլ այնպես չէր, որ իրենք վերջին մարդիկ էին կռվի դաշտում: Ինձ միշտ զարմացրել են մարդիկ, ովքեր միշտ ասում էին, թե կռվող չեն: Ես ասում էի՝ ինչո՞ւ եք միշտ ասում թուրքերին կհաղթենք… եւ այլն: Ես, օրինակ, ասում էի՝ կծեծենք, որովհետեւ ապրել ենք ուզում: Իսկ ոմանք ասում են՝ թուրքն ո՞վ է: Թուրքերը պատրաստված զորախմբեր ունեին դեռ 90-ական թվականներին, լավ զորահրամանատարներ ունեին: Իրենց ամենամեծ պրոբլեմը նա էր, որ զինվորի եւ հրամանատարի մեջ հսկայական անդունդ կար: Բայց այդ անդունդն էլ քիչ-քիչ հաղթահարվում է, դա նաեւ երեւաց ապրիլյան պատերազմի ժամանակ: Նրանց զոհերի մեջ բավականին մեծ թվով սպաներ կան: Դա նշանակում է, որ իրենց մեջ զինվորը եւ սպան մի գծի տակ իրենց գործն առաջ են տանում: Կարճ ասած՝ այդ կարծրատիպն էլ արդեն կարելի է գցել պատմության պահարանների մեջ եւ էլ չանդրադառնալ դրան, որովհետեւ ոնց որ թե թուրքը էդ բանը հաղթահարում է: Կամ որ ասում են՝ վախկոտ են… հետո՞: Հին ասացվածք կա, թե առյուծը շատ վտանգավոր է, երբ որ տասը ոչխար է ղեկավարում, ու շատ ավելի վտանգավոր է, քան այն ժամանակ, երբ որ տասը առյուծի ոչխար է ղեկավարում: Հիմա մենք տեսնում ենք, չէ՞, որ իրենք բանակաշինության մեջ նորմալ առաջ են գնում: Թուրքիայում, ՆԱՏՕ-ում են վերապատրաստվում, եւ այդ վերապատրաստումների արդյունքը մենք տեսանք ապրիլին, որ ունակ էին գրոհել դիրքերը՝ մեկին մեկ թվաքանակով, գրավել, հետո եռապատիկ, հնգապատիկ ավել ուժեր բերել, որ այդ դիրքերը պաշտպանի մեր հակահարվածից: Կարճ ասած՝ թուրքը զարգանում է, իսկ մենք հլը որ դոփում էինք տեղում, մինչեւ ապրիլի թեժացումը»,- նշեց Վովա Վարդանովը:

Կենտրոնական հրամանատարության հետախույզը նշում է, որ ապրիլից հետո բանակաշինության գործում նկատելի աշխատանք կատարվել է, որը չի արվել Արցախյան պատերազմից հետո՝ տարիներ շարունակ: «Ես անձամբ եթե ռազմական դատախազը լինեի, երեւի բանակի սպաների կեսին կդատեի մինչեւ ապրիլը, իսկ հիմա ներում կշնորհեի, որովհետեւ գրեթե բոլորը, համենայնդեպս ես ում մասին լսել եմ կամ ում ճանաչում եմ, լարված աշխատում են, այն, ինչ որ պիտի անեին միշտ»:

Փաստացի, Ադրբեջանը որպես պարտվող կողմ այս տարիներին փորձել է դասեր քաղել պարտությունից եւ զարգանալ, իսկ հայկական կողմը՝ որպես հաղթանակած կողմ, տարիներ շարունակ ինքնագոհ հաղթանակի պտուղներն է վայելել: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Վովա Վարդանովը նշեց.

«Ես հիշեցի մեր ձեռնամարտի հրահանգիչին, որ դեռ 32 տարի առաջ հարց էր տալիս, թե ով է շահում մենամարտի ժամանակ: Դու բնականաբար ասում էիր՝ հաղթողը: Ասում էր՝ ոչ, շահում է պարտվողը, եթե իրեն չեն սպանել, նա շահում է: Ասում եմ՝ ո՞նց է շահում, աչքի տակ կապույտ, երեսը քերծած, կողերը ցավում են: Ասում է՝ ինքը գնում է բժշկվելու՝ անատոմիա է ուսումնասիրում, դրանից հետո վրեժի զգացումով գնում է մարզադահլիճ, իսկ դու գնում ես բար՝ ամիսներով տոնելու հաղթանակը: Նա իր որակականը բարձրացնում է, իսկ դու քոնը ցածրացրեցիր: Հա, հաղթեցիր դու, բայց ո՞վ շահեց: Դե, բնական է, նման հարցադրումից հետո պարզ է դառնում, որ շահում է պարտվողը»:

Օրերս Բաքվում Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ մոտ 5 մլրդ դոլարի զենք են ձեռք բերել Իսրայելից, որը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է:

Ի՞նչ անելիք ունի Հայաստանը, որը դիտորդի կարգավիճակում հետեւում է, թե ինչպես է Ադրբեջանը շարունակաբար զինում բանակն իսրայելական, ռուսական զենքերով. «Զբաղվել անձնակազմի մարտական պատրաստությունով, ամենաքիչը: Էն մնացածն արդեն ըստ քո գրպանի գյորա: Ինչքան փող կունենաս, այդքան բան կգնես: Բայց անկախ նրանից՝ թուրքը ինչ է գնում, ինչ չի գնում, դու անընդհատ պետք է զբաղվես քո մարտական պատրաստությունով: Ընդհանրապես, զինծառայողը, ոչ միայն շարքային զինվորը, այլ նաեւ սպան ազատ ժամանակ չպետք է ունենա: Ազատ ժամանակը պետք է լինի, երբ որ իրենք սափրվում են կամ լվացվում են: Անընդհատ պետք է զբաղվի մարտական պատրաստվածության բարձրացմամբ: Եթե դու այդ աստիճանի մարտունակ բանակ լինես, քո հետ կռվելը շատ դժվար կլինի եւ ամեն մեկը երկու անգամ ավել կմտածի՝ քո վրա հարձակվելուց առաջ»:

Հարցին, թե մոտ ապագայում կա՞ արդյոք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ, Վովա Վարդանովը նշեց, որ կանխատեսում էին, որ աշնանը կլինի լարվածության աճ, երբ որ զորախմբերն առաջնագծին մոտ էին բերվել:

«Հիմա ոնց որ թե զորքերը քիչ-քիչ հետ են քաշում: Բայց իր ճանապարհների պարագայում, որոնք շատ քիչ են տարբերվում Բաղրամյան պողոտայից, շատ արագ կարող են թիկունքային տարածքներից զորք մոտեցնել: Դրա համար քնել չի կարելի՝ ո՛չ էշի ականջում, ո՛չ շան ականջում: Չի՛ կարելի քնել: Պարապել, մարզվել, սովորել…»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝