ԼՀ – ՔՊ – «Հանրապետություն». ձեւավորվեց առաջին ընդդիմադիր դաշինքը

Снимок

Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց «Լուսավոր Հայաստան» – «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին: Ստորագրվեց եռակողմ փաստաթուղթ կուսակցությունների լիդերների մակարդակով: Որից հետո փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրած քաղաքական գործիչները հանդես եկան փաքրիկ ելույթներով:

«Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,- այսպես սկսեց իր խոսքը Սասուն Միքայելյանը ՔՊ-ից:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համատեղ այս փաստաթղթի ստորագրության կապակցությամբ  շնորհավորում եմ բոլորիս հետագա համագործակցության համար եւ ցանկանում եմ հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտ մեր հետագա գործունեությունը ծավալելու համար, որպեսզի կարողանանք այսօրվա իշխանության կողմից ջլատվող երկիրը դուրս հանելու եւ տանելու դեպի քաղաքակիրթ պետություն»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ 15 տարվա մեջ երրորդ դաշինքն է, որին անդամակցում է «Հանրապետություն» կուսակցությունը:

«Առաջինը «Արդարությունն» էր, որը հոկտեմբերի 27-ից հետո ձեւավորվեց եւ դատապարտված էր կրկնօրինակելու Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքին: Պարզ դարձավ, որ կրկնօրինակը չի կարող կրկնություն դառնալ: Երկրորդը «Հայ ազգային կոնգրես» դաշինքն էր: Պարտավոր եւ դատապարտված էինք ընտրական այդ դաշինքում լինել, որովհետեւ պատասխանատվություն եւ բարոյական պարտք ունեինք Մարտի մեկի եւ հաջորդած ժամանակահատվածում մեզ հետ պայքարող հանրության եւ պայքարում զոհված մեր ընկերների հիշատակի առաջ:

Այսօր ձեւավորվող դաշինքը տարբերվում է մյուսներից. առաջին հերթին եռյակը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա: Մենք հուսով ենք, որ մեր ճշգրիտ ու ակտիվ աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հանրային այնպիսի աջակցություն ու մասնակցություն: Մեր մղումներն անկեղծ են, նպատակները՝ բարի եւ անշահախնդիր»,- հայտարարեց Արամ Սարգսյանը եւ եզրափակեց.

«Թող Աստված օգնի եւ օրհնի մեզ»:

ԼՀ կուսակցության խորհրդի նախագահ Է. Մարուքյանը դաշինքի ձեւավորումը պատասխանատու եւ պարտավորեցնող համարեց:

«Ավելի քան մեկ տարի առաջ, երբ ազդարարում էինք ԼՀ կուսակցության ստեղծման մասին եւ ազդարարում էինք մեր լուսավոր նպատակները, ես վստահ էի, որ մեր երկրում բեկում առաջացնելու միակ գրավականը նույն տեսլականն ու երազանքը կիսող գործիչների ջանքերի համադրման, ուժերի միավորման ու մեկտեղման մեջ է:

Շատ լուսավոր տեսլական ունեցող մարդիկ եւ ուժեր կարող են միանալ եւ միավորել իրենց ջանքերն ու ներուժը հանուն ՀՀ զարգացման: Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին իրողություններն այս ընտրական գործընթացում, բացի մեր հիմնական գործառույթից, որպես անքննելի եւ անբասիր ընդդիմադիրներ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի եւ ստի դեմ:

Եվրոպական մոդելի առաջադեմ, ժողովրդավար, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրի կայացումը եղել եւ մնում է մեր հիմնական նպատակակետը:

Ջանք ու եռանդ չեն խնայելու Հայաստանը վերածելու բարիքի համայն հայության համար»,- հայտարարեց Մարուքյանը:

Դիտվել է՝