Ալիեւն էլ պատերազմ չի ուզում. ռուս-թուրքական նոր մերձեցում է նկատվում, ինչն էլ փոխել է Ալիեւի հռետորաբանությունը

aliev erdogan

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ իր խոսքերով ասած, հայկական տարածքները՝ ներառյալ Երեւանը, առանց պատերազմի վերցնելու մասին, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, խոսում են տարածաշրջանում խոշոր խաղացողների վարքում առկա փոփոխությունների եւ հարաբերությունների կարգավորման մասին: Խոսքն, ըստ Մանվել Սարգսյանի, վերաբերում է Ռուսաստանին եւ Թուրքիային:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը մի հայտարարություն էր արել՝ ակնարկելով, որ պատերազմի չի նախապատրաստվում: Ճիշտ է՝ Ալիեւը խոսում էր ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի մասին՝ ասելով, որ վերցնելու են անգամ Երեւանը, բայց հայտնի է, որ փոխված էր հռետորաբանությունը: Ալիեւը սարկազմով հայտարարում էր, որ հայերը կարտագաղթեն իրենց երկրից մի քանի տարի հետո, եւ առանց պատերազմի Ադրբեջանը կվերցնի հայկական հողերը:

Մանվել Սարգսյան

Մանվել Սարգսյան

«Սա ունի կոնկրետ քաղաքական պատճառ, որովհետեւ այդ հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ որ Թուրքիայի արտգործնախարարն այցելեց Բաքու: Իսկ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարարի հետ, ինչ-ինչ քննարկումներ են եղել, որից հետո նա գնաց Բաքու, եւ հետո Ալիեւը նման հայտարարություն արեց: Կարծում եմ՝ ինչ-որ կապ կա այստեղ, եւ պետք է նկատել, որ նորից նոր իրավիճակ է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Պետք չէ մոռանալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Թուրքիան ու Ռուսաստանը նույն տարածք են մտել Ասադի ռեժիմից ազատվելու համար, եւ դրանից հետո նոր ստեղծվեց այս վիճակը: Ռուսաստանի պաշտոնյաները եւս պահանջներով էին հանդես գալիս, եղավ հանդիպում Լավրովի հետ: Ըստ երեւույթին, ինչ-որ նոր պայմանավորվածություններ են եղել Ռուսաստան-Թուրքիա, եւ այդ պայմանավորվածությունների շրջանակներում եղել է հենց Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու»:

Ըստ քաղաքագետի՝ նկատվում է նաեւ աջակցություն Թուրքիային Սիրիայի հարցում, եւ Ռուսաստանն, ըստ երեւույթին, ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Ղարաբաղի հետ կապված: Քանի որ Ալիեւի հայտարարությունն ընդգծված բոլորին է ուղղված, որով ուզում է հայտարարել, որ ինքը պատերազմ չի անում:

«Պետք է հասկանալ, որ սա ընդամենը դիվանագիտություն է: Պահ է, պայմանավորվածություններ են եղել, ինքն էլ իր մասով հայտարարություններ է արել: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվել է իր մտադրություններից, ավելին, երբեք էլ չի հրաժարվի, կարծում եմ:

Նույնիսկ այսօր ռուսական էքսպերտներն են ասում, որ Ալիեւի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանին դիմագրավելու միակ տարբերակը հայկական բանակի ուժեղացումն է»:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ռուս-թուրքական հարաբերություններն ամեն անգամ պրոեկտվում են ԼՂ խնդրի վրա:

«Անմիջական կապ գոյություն ունի Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա այս հարաբերություններում, եւ դրսեւորումները նկատելի են ղարաբաղյան հարցի վրա: Ցանկացած քայլ կապ ունի: Մեկ Ադրբեջանին է զինում Ռուսաստանը, մեկ Հայաստանին է զինում, մեկ հանդես է գալիս միավորման քաղաքականությամբ: Ընդհանուր մի շղթա է»:

ԱՄՆ-ում վերջին ընտրություններից հետո, երբ բոլորը սպասում են ԱՄՆ նոր քաղաքականությանը, ՌԴ կարծես թե օգտագործում է տարածաշրջանում լավագույն խաղացողի իր հնարավորությունը:

«Այստեղ նաեւ կարելի է ասել, որ հիմա Թուրքիան մեծ պրոբլեմ է դարձել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Եվրոպայի համար: Հաշվի առնելով նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, այստեղ թե Ռուսաստանը, թե Թուրքիան վերանայում են իրենց հարաբերությունները՝ մեկ-մեկ ազդելով ՆԱՏՕ-ի վրա: Այս տրամաբանության կամ եռանկյունու մեջ նաեւ մենք ենք գտնվում մեր փոքրիկ խնդրով: Դրա համար էլ անընդհատ փոխվում է: Մեկ մերձենում են հարաբերությունները, խորանում, մեկ էլ ինչ-որ կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում: Շատ բարդ եռանկյունի է»:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ հայկական կողմը շատ ճկուն դիվանագիտություն պետք է որդեգրի այս բարդ եռանկյունում: Պետք է առավել սուվերեն գտնվի:

«Պետք է հայկական կողմը ձգտի առավել սուվերեն գտնվի, բայց ամեն կերպ մենք ձգտում ենք դեպի Ռուսաստանը: Սա շատ վտանգավոր բան է: Եթե առավել սուվերեն լինի եւ մեկ-մեկ էլ սեփական դիրքորոշում ունենա, ապա Հայաստանն էլ բավականին երկար կխաղա իր խաղը այս հարաբերություններում»:

Քաղաքագետը մեղադրում է, որ հայկական դիվանագիտությունը չունի հստակ իր դերը: Հենց այդ դիրքորոշումից է սկսում մեր խնդրի լուծումը: Հայաստանը եւս պետք է իր պայմաններն առաջարկի, հայտարարի այս կամ այն երեւույթի մասին իր կարծիքը եւ ստիպի հաշվի նստել հայկական կողմի դիրքորոշման հետ:

«Մենք կամ պայմաններ չենք դնում ընդհանրապես, կամ լուռ պայմաններ ենք դնում, որովհետեւ հայկական դիրքորոշումը լսելի չէ: Օրինակ, Բելոռուսիա-Բաքու հարաբերությունների մասով հայկական կողմից ոչ մի նոտա չեղավ: Բելոռուսիայի արտգործնախարարությանը հայտնի չէ նաեւ ՀՀ արտգործնախարարության դիրքորոշումը Ադրբեջանում ունեցած հանդիպումների եւ շփումների մասով: Սա շատ վտանգավոր է եւ ցույց է տալիս, որ հայկական կողմը շատ հեղհեղուկ արտաքին քաղաքականություն է վարում: Սա էլ իր հերթին թույլ է տալիս լկտիանալ Հայաստանի հաշվին, եւ անխտիր բոլորը իրենց հարաբերությունները Հայաստանի հաշվին են կառուցում»:

Անդրադառնալով ապրիլյան իրավիճակին եւ քաղաքագետների վերջին եզրակացություններին, որ սպասվում է նոր բլից-կրիգ, Մանվել Սարգսյանն ասաց, որ այդ խնդիրը կախված է մեծապես միջազգային իրադրությունից, եւ որ Ադրբեջանն այդ երկիրը չէ, որ մի օր քնի ու արթնանալով որոշի բլից-կրիգի դիմել:

«Դրա համար շատ լայն համաձայնություններ պետք է լինեն: Ադրբեջանի բլից-կրիգը կոլեկտիվ որոշումների արդյունք կարող է լինել միայն»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝