Ինչքան հնարավոր է շատ հարկեր հավաքել քաղաքացիներից. Ս. Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը

Sargsyan-Karapetyan

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

-Պարոն Գրիգորյան, ԱՎԾ-ն հրապարակել է առաջին 10 ամիսների տնտեսական ցուցանիշները, և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ տնտեսությունն աճել է 0,4 տոկոսով։ Պարոն Գրիգորյան, ըստ Ձեզ, արդյոք սա կարելի է տնտեսական աճ համարել ընդհանրապես: Ընդ որում, ՀԲ-ի և ՀՀ կառավարության տարեկան տնտեսական աճի կանխատեսումը կազմում էր 2,2 տոկոս:

-Այո, Համաշխարհային բանկն ու Հայաստանի կառավարությունը թիրախային տնտեսական աճ էին վերցրել 2.2 տոկոսը, բայց իրականում առաջին 10 ամսում փաստորեն 0,4 տոկոս է: Եվ որևէ հնարավոր տարբերակ չկա, որ վերջին երկու ամսում գոնե մոտիկ գա այդ ցուցանիշին: Կարծում եմ, որ տարեկան տնտեսական աճը 1 տոկոսից ավելի չի լինելու, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է, մեղմ ասած, ծանր վիճակում: Նաև ֆինանսական հոսքերի խնդիր կա, ներդրումները գնալով պակասում են, 2008 թ.-ին արտաքին ներդրումները եղել են ՀՆԱ-ի ուղղակի 40 տոկոսը, այսօր այդ ներդրումը 20 տոկոսից էլ իջել է:

Հայաստանում կապիտալը պաշտպանված չէ, պատերազմական վիճակն, այո, ազդեցություն ունի, բայց դա հիմնական ազդող գործոնը չէ Հայաստանի տնտեսության վատ վիճակի: Հայաստանի խոշոր պարտքն, ինչպես նաև կապիտալի հանդեպ վտանգները, այդ 50/50-ի ինստիտուտը, որը Ս. Սարգսյանի և իր եղբոր միջոցով կատարվում է, թույլ չեն տալիս, որ տնտեսական աճ գրանցվի: Եվ վերջին 8-9 տարիների ընթացքում կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական աճ չի գրանցվել ընդհանուր առմամբ: Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն ինչ ձևով որ տնտեսությունն ընդունել է, նույն ձևով պահում է:

- Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3,1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի «Բևեռացում և պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային և Կենտրոնական Ասիային: Լավ, ի՞նչը հիմք ընդունելով են այս դեպքում ՀԲ փորձագետները գալիս նման կանխատեսումների:

Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան

-Զեկույցը չեմ կարդացել, որ մանրամասն հասկանամ՝ ինչու են նման կանխատեսումներ կատարում: Բայց ինձ թվում է՝ իրենք միանշանակ զեկույցն ավելի շուտ են պատրաստել, քան երբ ԱՎԾ-ի հրապարակումը, որ տնտեսական աճը եղել է 0,4 տոկոս: Այս պարագայում դժվար է՝ ՀԲ-ն ինչ փաստերի և հանգամանքների վրա է հիմնվում, որովհետև Հայաստանում գլոբալ փոփոխությունների հիմքեր չկան, և նույնիսկ գյուղատնտեսությունը, որը համարվում է, որ կարող է որոշակի չափով տնտեսության համար լոկոմոտիվ հանդիսանալ, չկարողացավ այդ գործառույթը կատարել: Մենք անկում ենք գրանցում նաև գյուղատնտեսության ոլորտում այս տարվա ընթացքում: Ու հենց դրա համար էլ այս կարգի անկում ունեցանք:

-Պարոն Գրիգորյան, Ս. Սարգսյանը բոլորովին վերջերս իր հարցազրույցում հավաստիացնում էր, որ շուրջ 50 տոկոսով ավելացել են արտահանումները ՀՀ-ից: Հատկապես ներկայացնում էր դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճի մասին: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է, որ աճում են արտահանման ծավալները, բայց տնտեսական աճ չի արձանագրվում:

-Ընդհանուր առմամբ արտահանման ծավալների աճ եղել է, այս պահին թվերը չեմ հիշում, բայց աճ եղել է: Բայց ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչի համեմատ է համարել այդ աճը 50 տոկոս ավելի՝ տարվա՞ համեմատ է ասել, թե՞ ընդհանրապես համեմատությունն արել է 2008 թ.-ի հետ: Կարծում եմ՝ այդ թվերը պետք է նայվեն, էական են: Հնարավոր է իր համար հիմք է վերցրել այն տարին, որը մինիմալն է եղել արտահանումների պահով: Ս. Սարգսյանը հաճախ է խոսում թվերի մասին, որոնք իրականությունից հեռու են:

-Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականության մասին ի՞նչ կասեք: Ինքը՝ Կարապետյանը, հարցազրույց էր տվել «Բլումբերգ» գործակալությանը, ասել, որ «Հայաստանի՝ ճգնաժամում գտնվող տնտեսությունն արագ փոփոխությունների կարիք ունի»: Հետո հավելել, թե «Մենք աշխատում ենք հնարավորինս արագ փոփոխություններ կատարել՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը»: Իր համար սահմանել էր նաև տնտեսական աճի ցուցանիշ՝ 3,2 տոկոսի չափով՝ հայտարարելով, որ ծանր ծանրաձող է բարձրացնելու:

-Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականությունը մեծ հաշվով տարբերվելու է նախկին վարչապետների քաղաքականություններից: Տնտեսական բեռը քաղաքացիների վրա շարունակում է ավելանալ, քանի որ տնտեսական աճ չկա, կառավարության միակ գործընթացն է հարկեր ավելացնել և այսպես փորձել ինչ-որ բան անել: Գործող ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն է վարվում Հայաստանում, ողջ փիլիսոփայությունը՝ տնտեսական քաղաքականության, սա է՝ վերաբաշխումը: Հավելյալ ռեսուրս ստեղծել, ստեղծել պայմաններ, որ տարբեր ոլորտներում մրցակցություն լինի, ներդրումներ լինեն, ավելի շատ սուբյեկտներ առաջանան, ավելի շատ հարկ մուծեն ՀՀ բյուջե. նման մոտեցումներ չկան, միակ մոտեցումն է գոյություն ունեցող ռեսուրսները վերաբաշխեն:

Տեսեք, հունվարի մեկից եկամտային հարկը կրկին բարձրացնում են, շարունակ բարձրացող հարկերը Հայաստանում՝ դա կլինի 1000 դրամների տեսքով, թե ինչի, դրանք բոլորը հարկատեսակներ են, և ամբողջ կառավարման փոփոխությունը դա է: Կարեն Կարապետյանը ոչ հարկային օրենսգիրք է փոխում՝ մեսիջներ հղելով տնտեսվարողներին, որ տնտեսությունն այլ փուլ է մտնում, ոչ էլ այլ ինչ-որ բան:

Կոռուպցիայի դեմ պայքարում էլ ինչ-որ շոշափելի քայլեր չկան: Մենք տեսնում ենք՝ ինչ-որ հայտարարությունների մակարդակով ինչ-որ բաներ են անում: Իրական փոփոխություններ, իրական բարեփոխումներ չկան:

Ես մի քանի անգամ ասել եմ, որ իրական փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ն պատրաստ լինի իշխանությունը հանձնելու, բայց իրենք դրան չեն պատրաստվում: Ս. Սարգսյանը դեռ պատրաստվում է մնալ իշխանության ներսում ու պահել իշխանությունը: Հենց այդ նպատակով էլ իրենք փորձում են կեղծ բարեփոխումներ խաղալ: Բայց իրականում անում են՝ ինչ պետք է իրենց. ընտրությունների ժամանակ օգտագործել ռեսուրսներն ու պահել իշխանությունը:

-2017 թ.-ի բյուջեի մասով ի՞նչ կասեք, մասնավորապես հարկային եկամուտների մասով: Բյուջեում արտացոլված է արդյոք՝ իշխանություններն ունեն կամք պայքարելու ստվերի դեմ:

-Ս. Սարգսյանի կառավարման ընթացքում բյուջետային եկամուտներն անընդհատ աճել են, ու դա եղել է քաղաքացիների հարկային բեռն ավելացնելով: Իսկ ընդհանուր առմամբ, նշեցի, որ Ս. Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը դա է՝ ինչքան հնարավոր է քաղաքացիներից շատ հարկեր հավաքել: Տնտեսական աճի մասին մտածել, կարելի է ասել, Ս. Սարգսյանը քայլեր չի ձեռնարկում, որ կատարի:

-Կարեն Կարապետյանի տնտեսական զարգացման փուչիկը ե՞րբ կպայթի: Փաստորեն սիրողական մակարդակով «ռեֆորմները» ժողովրդի մի ստվար զանգվածի մոտ հույսեր է արթնացրել, որ իշխանությունում հանկարծ մարդ է «ներմուծվել», ով փոփոխությունների է գնալու:

-Տիգրան Սարգսյանի ժամանակ էլ հույսերի նման ալիք էր բարձրացել: Կարելի է ենթադրել, որ նույն ժամկետների մեջ է լինելու: Եթե հատկապես ի նկատի ունենք, որ մինչև ապրիլ է տրված ժամանակ: Կարծում եմ, բայց այդքան էլ չի տևելու: Շուտով, ես կարծում եմ, Կարեն Կարապետյանը մտնելու է Հանրապետական կուսակցություն և ավելի շատ իր վարքագծով նմանվելու է ՀՀԿ-ին:

Հիշենք՝ նույն Տիգրան Սարգսյանն ինչպես էր հանրության հետ շփվում, ՀՀԿ մտնելուց հետո՝ ինչպես: Սկսեց «կոտրած տաշտակ» արտահայտությունից մինչև արհամարհական ոճերով շփվելը:

ՀՀԿ-ն մեծ փոփոխություններ կարող է կանոնադրական մակարդակում կատարել, բայց իրականում ոչ մի փոփոխություն չի կարող: Եվս մեկ ֆեյք, կեղծ պրոցես է սկսվում: Նույնը Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք է, սկզբից միֆ է ստեղծվում, որ ՀՀԿ-ն բարեփոխվում է, ՀՀԿ-ն չի փոխվել և նույնն է մնացել: Լուրջ փոփոխություններ այս անգամ էլ չի կրելու:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝