Ընդդիմությունը պետք է ձևավորի զանգվածային շարժում՝ հանուն իշխանափոխության

1111

Ներքաղաքական զարգացումների, ընդդիմության հնարավոր միավորման, կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև:

-Պարոն Զոլյան, խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը դարձյալ խոսում են ընդդիմության միավորման մասին: Հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններին ընդդիմության ձախողումը՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հասնել ընդդիմության միավորմանը:

-Քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել: Այսօր, իհարկե, նման չէ, որ ընդդիմությունը կկարողանա միավորվել, բայց մինչև ապրիլ շատ բան կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նախ առանձին վերցրած ընդդիմությունն ի վիճակի չի լինի շատ ձայներ հավաքել:

Միքայել Զոլյան

Միքայել Զոլյան

Իսկ եթե պատկերացնենք, որ տեղի է ունեցել հրաշք, և ընդդիմադիր կուսակցությունները մեծամասնություն են ստացել, իշխանությունն ունի բազմաթիվ լծակներ, որոնց միջոցով թույլ չի տա, որ ընդդիմադիրներն իշխանություն ձևավորեն, ինչպես տեսանք Գյումրիում: Այլ հարց է, որ այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը հուսալքված է և իշխանություն վերցնելու խնդիր չի դնում, այլ դնում է նոր խորհրդարանում հայտնվելու խնդիր: Բայց, կրկնում եմ, մինչև ապրիլ շատ բան կարող է փոխվել:

-Որքանո՞վ է սա կարևոր, որ իշխանության անցնցում և սահուն անցում չլինի ՀՀԿ-ին 2017 թվականի ապրիլին: Իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերն այս շրջանում ի՞նչ անելիք ունեն՝ խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը ՀՀԿ-ին և ՀՀԿ-ին սպասարկող քաղաքական ուժերին չհանձնելու համար:

-Եթե ընդդիմությունը ցանկանում է թույլ չտալ, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ստանա նոր խորհրդարանում, նախ, պետք է միավորվի: Երկրորդ, պետք է փորձի ձևավորել զանգվածային շարժում հանուն իշխանափոխության: Այսինքն դեռ ընտրություններից առաջ պետք է փողոցներում լինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջեն իշխանության հեռացումը: Եթե լինի այդպիսի շարժում, ապա երկրում կարող է իրավիճակ փոխվել: Նախ, ընդդիմադիրների ընտրողները, որոնք այժմ հուսահատված են և հույսեր չեն կապում ընտրությունների հետ, կակտիվանան և կքվեարկեն: Մյուս կողմից էլ նման շարժման պարագայում իշխանության համար ավելի դժվար կլինի ընտրությունները կեղծելը, իշխանական ճամբարում կարող է ճեղքեր առաջանան: Հենց այդպես տեղի ունեցավ Վրաստանում, երբ Սաակաշվիլին պարտություն կրեց «Վրացական երազանքից» և ստիպված եղավ ընդունել պարտությունը: Սակայն, առայժմ ես այս ամենի հավանականությունը փոքր եմ համարում և ընդդիմության շրջանում նման միտումներ չեմ նկատում:

- Անդրադառնանք կառավարության քայլերին: Տեղի ունեցող զարգացումները համարում եք բարեփոխո՞ւմ, թե՞ իմիտացիա՝ դարձյալ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:

-Առայժմ գործը լուրջ բարեփոխումներին չի հասել, բայց որոշակի հույսեր դեռևս կան: Համենայնդեպս, իշխանության որոշակի հատվածում ես տեսնում եմ գիտակցում, որ այսպես չի կարող շարունակվել, և պետք է ինչ-որ բան փոխել: Բայց առայժմ, կարծում եմ, չկա հստակ պատկերացում այն ռազմավարության մասին, որի միջոցով պետք է դրական փոփոխություններ լինեն:

-Կարեն Կարապետյանը կարո՞ղ է դառնալ գործոն, թե՞ նա իրականում գործիք է՝ Սերժ Սարգսյանի ձեռքին:

-Կարեն Կարապետյանին հրավիրել են որպես գործիք, բայց նա կարող է դառնալ գործոն, եթե գրանցի որոշակի հաջողություններ: Այդ պատճառով, կարծում եմ, կա քողարկված մրցակցություն նախագահականի և կառավարության միջև. նախագահականին ձեռնտու չէ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը գրանցի մեծ հաջողություններ: Այնպես որ, չեմ բացառում՝ մոտակա ապագայում հիմնական հակասությունները կդրսևորվեն իշխանության ներսում, այլ ոչ թե իշխանության և ընդդիմության միջև:

- Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող է ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս սցենարն իրատեսական համարո՞ւմ եք:

-Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը և նրա անմիջական շրջապատն աշխատելու են այդ ուղղությամբ: Թե կհաջողվի դա իրականացնել, թե ոչ՝ դժվար է ասել: Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության լեգիտիմությունը, որը երբեք էլ առանձնապես բարձր չի եղել, այնքան է ընկել, որ վտանգում է ամբողջ պետական համակարգի ապագան: Այս պայմաններում հենց իշխող վերնախավի շրջանակներում կա հոգնածություն Սերժ Սարգսյանից և փոփոխությունների ցանկություն: Սակայն, Սերժ Սարգսյանը շատ փորձված քաղաքական գործիչ է: Ճիշտ է, որպես հանրային քաղաքական գործիչ նա շատ թույլ է, բայց միաժամանակ նա ներիշխանական պայքարի մեծ վարպետ է: Քանի դեռ այս գործընթացները ծավալվում են իշխանության ներսում և չունեն հանրային բնույթ, Սերժ Սարգսյանն ունի առավելություն իր մրցակիցների հանդեպ:

Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի

Դիտվել է՝