Անընդմեջ և անողոք պայքար… եթե բանը հասնի դրան՝ նաև բարիկադների վրա

fffff

ԳԱԼԱ-ն Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի հետ զրուցել է «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ իրականացվող հաշվեհարդարի, «Նոր Հայաստանի կառուցման ճանապարհային քարտեզի» և ներքաղաքական զարգացումների մասին:

-Պարոն Միրզոյան, օրերս եղան խուզարկություններ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում, չեն դադարում խոշտանգումները «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ: Ահավասիկ՝ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը՝ Սերժ Սարգսյանի անձնական վրեժխնդրությո՞ւն, ի տես մյուսների արվող գործողություննե՞ր, որ տեսեք՝ չհամարձակվեք ընդվզել: Ո՞րն է Ձեր գնահատականը:

-Իհարկե, Սերժ Սարգսյանը փոքր մարդ է, միջին արժանիքների տեր, բայց հազիվ թե այն, ինչ կատարվում է «Սասնա ծռերի» գործի շրջանակում, պետք է բացատրել իր մարդկային հատկանիշներով: Ի վերջո ինքն իշխող համակարգի պարագլուխն է և պարտավոր է ենթարկվել համակարգին: Իսկ համակարգի գլխավոր խնդիրը «Սասնա ծռերի» հարցում հետևյալն է. հնարավորինս երկար պահել հասարակության կողմից լայն աջակցություն գտած քաղաքական նպատակներ հետապնդող «Սասնա ծռերին» հասարակությունից մեկուսացված: Համակարգը շա՜տ կուզեր տղաներին ներկայացնել որպես ահաբեկիչների, բայց ժողովրդի՝ «Սասնա ծռերին» հուժկու աջակցությունն ի դերև հանեց նրա այդ պլանը:

Հրաչիկ Միրզոյան

Հրաչիկ Միրզոյան

Մնում է քողարկել մեր հերոսների քաղաքական պահանջները և նրանց ընդվզումը ներկայացնել որպես քրեական հանցագործություն: Հենց այս նպատակն է հետապնդում այդքան մանրամասն «փաստահավաքությունը» և կտտանքների հասնող վերաբերմունքը՝ մանավանդ Ծռերի առողջապահական խնդիրների նկատմամբ: Այո, որոշ չափով նման գործելաոճը կարող է թույլ հոգիներին հետ պահել համակարգի դեմ պայքարից, և սա կարող է ընկալվել որպես որոշակի հուսալքություն:

-Ի՞նչ եք կարծում, Սասնա ծռերի գործողությունից հետո հասարակության շրջանում չի՞ մեծացել հիասթափությունը: Հաճախ ենք լսում այս կարծիքը, որ ոչ միայն ընտրական գործընթացի արդյունքում, այլև նույնիսկ զենքով, անձնազոհությամբ հարցեր չեն լուծվում մեր երկրում:

– Հասարակությունը բազմաշերտ է: Հասարակության հիմնական մասն անտարբեր է քաղաքական շարժումների նկատմամբ: Իշխող համակարգը «հատուկ հոգատարություն» է դրսևորում, որպեսզի հասարակության քաղաքական վերահսկելի ակտիվություն դրսևորի միայն ընտրական գործընթացների ժամանակ: Հենց այս կառավարելի «գորշ զանգվածին» է ուղղված իշխող համակարգի հուսալքելու, ահաբեկելու, սուտ խոստումներով կերակրելու ջանքերը: Հասարակության այս շերտում, իրոք, կա նկատելի հուսալքություն: Սակայն արժանապատիվ պետականություն ունենալու համար պայքարողները չեն հուսալքվում, չեն ահաբեկվում, սուտ խոստումների չեն հավատում:

Իշխանությունների ու ժողովրդի պայքարը, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, հարատև է: Եթե որևէ սերունդ հետ կանգնի այս պայքարից, ապա նրա չարած գործը ծանրանում է հաջորդ սերունդների ուսերին: Անկախությունը, արժանապատիվ, մարդեղեն, ապահով պետականությունը սերունդների անընդմեջ պայքարն է գաղափարական ոլորտում, և եթե բանը հասնի դրան՝ նաև բարիկադների վրա: Ներքին ոլորտում երբեմն պայքարն ավելի անողոք է, մանավանդ բռնակալական երկրներում, որի մի յուրօրինակ տարատեսակ է մեր պետականությունը: Բացառիկ են այն երկրները, որոնց իշխանության ներկայացուցիչները ժողովրդի առաջնորդներն են, և այս երկրներին բնորոշ է կայունությունը և բարգավաճումը:

-Կառավարությունը նոր ղեկավար ունի: Արվում են իմիտացիոն քայլեր, կադրային փոփոխություններ, իբրև «սուր» հայտարարություններ և այլն: Հետևելով այս գործընթացին, կառավարության ներկայացրած ծրագրին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք: Իրական բարեփոխումների սպասե՞լ, թե՞ այս ամենն արվում է խորհրդարանական ընտրությունների շեմին՝ վերարտադրության հույսով:

-Սերժ Սարգսյանի, և ինչու չէ, նաև նրա նախորդների, իշխանության տրամաբանությունը բխում է այն մտայնությունից, որ հայկական պետականությունը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի հովանավորության: Իրականում իշխանական համակարգն ի՛նքը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի: Իշխանության ներկայացուցիչները, որոնք հիմնականում թալանով հարստացած օլիգարխներ են՝ սերտաճած իշխանության հետ, իրականում ընդունակ չեն դիմանալ բաց հասարակության թելադրած մրցակցության պայմաններին: Նրանց խորթ է այն միջավայրը, որտեղ հարստություն ստեղծվում է հավելյալ արժեքի ստեղծումով: Մեր իշխանավորներն իրականում խանութպանի հոգեբանությամբ չարչիներ են, որոնք գիտեն, որ արդար հասարակության մեջ իրենց տեղը վանդակաճաղերից այն կողմ է: Այս փոքրաթիվ մարդիկ բազմաթիվ հանցանքներ են գործել՝ իշխանության ուզուրպացումից մինչև պարզ թալանը: Հայտնի է, որ ոչինչ մարդկանց ավելի սերտորեն չի շաղկապում, քանց հանցակից լինելը: Ահա թե ինչու իշխանությունների համար սրբության սրբոցն իշխանական համակարգն է: Այն վեր է անգամ փողից, նրանք կարող են մասնակիորեն փող կորցնել, բայց ոչ իշխանություն, որն իրենց համար փող աշխատելու միջոց է: Մեր պետականության ձախողման հիմնական պատճառը ժողովրդի իշխանության ուզուրպացումն է, մնացածն ածանցյալ է: Առանց իշխանությունը ժողովրդին վերադարձնելու անհնար է որևէ քաղաքական կամ տնտեսական դրական տեղաշարժ: Որպես համեմատություն ասեմ, որ մեր պետականության նավը գրավել են ծովահենները, և առանց նավը հմուտ նավազներին վերադարձնելու անիմաստ է մտածել ապահով նավարկության մասին: Արդյոք Կարեն Կարապետյանն այդ նավազն է, որին հանձնվել է պետության ղեկը… դժվար է ասել: Դժվար է նույնիսկ ասել, թե ո՞ւմ է ներկայացնում նա, ո՞վ է նրա թիկունքում: Հայտնի բան է, որ առանց հասարակության կոնսոլիդացիայի, առանց հասարակության լայն խավերի մասնակցության անհնար է հասարակության զարգացման ծիրում որևէ էական փոփոխություն իրականացնել, էլ չեմ ասում՝ շեղել դեպի անդունդ տանող նրա ընթացքը: Մնում է ենթադրել, եթե նոր վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանի հերթական «խորամանկությունն» է, ապա միայն «թաքնված» նպատակ է այն հետապնդում՝ վերարտադրվել իշխանության մեջ: Կլինեն լիքը-լիքը խոստումներ, հմուտ «թատերական» ներկայացումներ, մի քանի հնացած «անվադող» կփոխվեն, մեկ-երկու «անվադող» կտեղափոխվեն ետ ու առաջ, բայց համակարգի հնացած սայլը կմնա անսասան: Չէ՞ որ Սերժիկ Սարգսյանը լավ է հասկանում, որ առանց իշխանության ինքն իրոք փոքր մարդ է, միջին արժանիքների տեր…

-Պարոն Միրզոյան, եղան կարծիքներ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ շարժման ակտիվացումը, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հոդվածն ավելի շատ մարտահրավեր էր՝ նետված ընդդիմությանը: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Քաղաքական այն ուժերին, որոնք չեն հասկացել, որ մեր երկիրը սրընթաց գլորվում է ռուսական շոգեքարշի անիվների տակ, ընդդիմություն անվանելը կոռեկտ չէ: Այդ «ընդդիմությունն» ինքն է մեզ առաջնորդում դեպի կործանում: Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը, Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի ելույթի կապակցությամբ և վերջապես «Նոր Հայաստանի կառուցման ճանապարհային քարտեզն» արմատական ընդդիմության հասարակությանն ուղղված հիմնարար-ծրագրային փաստաթղթեր են: Մանավանդ «Ճանապարհային քարտեզում» վերլուծվում և բացահայտվում են պատճառահետևանքային կապն իշխանությունների վարած ազգակործան քաղաքականության ու այսօրվա համակարգային ճգնաժամի միջև, ցույց են տրվում հնարավոր ուղիները պետականության կորստից խուսափելու, այն է՝ իշխանության վերադարձ ժողովրդին (համակարգի կազմաքանդում), ապագաղութացում և ինքնիշխանության վերականգնում, անցումային ժամանակամիջոց ժողովրդի վստահության կառավարության ղեկավարությամբ, Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունում և անցում կայուն կառավարման:

-Խորհրդարանական ընտրությունների շեմին բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում: ՏԻՄ ընտրություններից հետո որոշակիորեն ուրվագծվում է այն պատկերը, որը կարող է լինել խորհրդարանում: Իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերն այս շրջանում ի՞նչ անելիք ունեն՝ խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը ՀՀԿ-ին և ՀՀԿ-ին սպասարկող քաղաքական ուժերին չհանձնելու համար:

– Այո, լարվածությունը քաղաքական դաշտում ընտրություններին ընդառաջ անընդհատ մեծանալու է: Իրականում հենց հիմա էլ ընթանում են գործընթացներ, որոնք բնորոշ են նախընտրական պայքարին: Կազմակերպվում են նոր կուսակցություններ՝ հիմնականում հին քաղաքական դեմքերով, խորանում է քաղաքական դաշտի փոշիացումը, պառակտվում են «ընդդիմադիրները», ինչը ձեռնտու է իշխող ՀՀԿ-ին ու իր սպասարկու կուսակցություններին: Քաղաքական դաշտը բիզնեսի շուկա է հիշեցնում, որտեղ չկան գաղափարներ, կան «առաջնորդներ»՝ վճարողներ, և ապրանք՝ ընտրազանգվածը:

ՀՀԿ-ն ոգևորված ձեռքերն է շփում, քանի որ «ընդդիմադիրներին» տրված առաջադրանքը՝ ընտրազանգվածին տանել դեպի ընտրատեղամասեր, փայլուն կերպով են լուծում «ընդդիմադիրները»: Այսօր ՀՀԿ-ի ադմինիստրատիվ ռեսուրսը բավարար է, որ նույնիսկ առանց էական կեղծարարության, առանց թաղային հեղինակությունների ու հանցավոր աշխարհի ծառայությունների, առանց էական ընտրակաշառքի կարողանա դառնալ ապագա Ազգային ժողովի «կայուն մեծամասնության» կորիզը, այն է՝ վերարտադրվի իշխանությունում: ՏԻՄ ընտրությունում արդեն փորձարկված է նոր ընտրական խարդավանքների համալիրը, որը բոլոր դեպքերում ՀՀԿ-ի համար կառավարելի արդյունք ապահովեց: Արմատական ընդդիմությունը համոզված է, որ ընտրապայքարով իշխանափոխության հասնելն իրական չէ, և գտնում է, որ միայն օրինական ընդվզման ճանապարհով ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել իշխանություններին:

Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի

Դիտվել է՝