Սերժ Սարգսյանը՝ վարչապետ… «և մի քիչ ավելի արագ տեմպերով կլինի ավերումը, արտագաղթը, բեսպրեդելը»

նկկկկ

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին ֆիլմում լրագրողի հարցին, թե «Դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սերժ Սարգսյանը նախկինի նման չի հերքել և չի բացառել, որ հնարավոր է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ Սահմանադրական փոփոխությունների շեմին եղան բազմաթիվ մտահոգություններ և քննադատություններ, թե փոփոխություններով Սերժ Սարգսյանը վերարտադրվելու նպատակ է հետապնդում, վերջինս վստահեցնում էր, որ ամենևին էլ «իր հագով չէ կարված» Սահմանադրությունը:

Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար… Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Արդյոք Սերժ Սարգսյանը կժխտի իր ավելի վաղ արված հայտարարություն-խոստումը:

Մեկնաբան Արա Հարությունյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց.

Արա Հարությունյան

Արա Հարությունյան

«Ցավոք, այս հարցը քաղաքագիտական վերլուծության ենթակա չէ։ Միակ պատասխանը հետևյալն է՝ ուզեցավ, կդառնա վարչապետ, չուզեցավ՝ չի դառնա։ Եվ պատասխանը սա է, որովհետև դառնալու կամ չդառնալու որևէ ներքին կամ արտաքին արգելակող հանգամանքներ գոյություն չունեն։ 2013-ի՝ ԵՏՄ-ին միանալու ու այնուհետ Գազպրոմի հետ ու այլ ստորացուցիչ պայմանագրերի կնքումից հետո Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը մոտ է զրոյականին։ Հետևաբար, դրսերում ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ ներսում էլ բացարձակ ավատատիրական համակարգ է։ Առանց որևէ բացառության, որևէ պաշտոնյայի դիրքում լինելը պայմանավորված է ոչ թե մասնագիտականի ու հանրության առջև պատասխանատվության վրա, այլ իշխանական համակարգում նրա «ուժային» ու դերային անհրաժեշտության վրա։ Իշխանականում ոչ մի պատահական մարդ չկա. մեկը թաղ նայողների բանակներ ունի, մյուսը հանցագործ քրեականների խմբեր ունի, մյուսն ընտրական զանգվածի հայրենասիրականի կամ ընչաքաղցության վրա լծակներ ունի, մյուսը դեմագոգիկ, «լավ» դրված խոսք ունի ու դրանով է պետք վերին իշխանավորներին։ Այ այս պայմաններում, երբ իշխանությունը որևէ կապ չունի ոչ երկրի ու ոչ էլ նրա ժողովրդի այսօրվա ու վաղվա հետ, Սարգսյանն ինչ ուզենա, այն էլ կանի։ Լուր եղավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրիից 20 դոլարի համարժեքով չվերթներ է իրացնելու դեպի Մոսկվա։ Սա որևէ կապ չունի փոխադրման հետ, պարզապես էվակուացիա է։ Մնացած փողն էլ երևի Պուտինն ու Ալիևն են տալիս, որ Հայաստանը բյուջետային լրացուցիչ հարցեր չունենա, մինչև մարդկանց լրիվ տեղահանումը»:

Եթե Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը, դա ի՞նչ վտանգներով է հղի: Արա Հարությունյանը կարծում է՝  «վտանգ» բառն արդեն Հայաստանի առումով կիրառելն իմաստալից չէ։ Ասում է՝ ավելի տեղին կլինի օգտագործել դժբախտություն բառը։

«Հետևաբար, Ձեր հարցը ես ընկալում եմ՝ «դա ի՞նչ նոր դժբախտություններով է հղի»։ Առանձնապես նոր վիճակ ու որակ չեմ տեսնի դրանում։ Առաջվանից մի քիչ ավելի արագ տեմպերով կլինի ավերումը, մի քիչ ավելի կարագանա արտագաղթը, մի քիչ ավելի կմեծանա բեսպրեդելը։ Ցավոք, դա միայն Սարգսյանի «շնորհը» չէ, ես կասեի բացարձակ իր շնորհը չէ, այլ ժողովրդի հանդուրժողականության հետևանքն է։ Ցանկացած իշխանություն էլ ձգտում է անվերահսկելիության։ Ցանկացած երկրում էլ դա կա։ Բայց ի տարբերություն այլ երկրների, ուր մարդիկ իշխանությանը սաստելու իրենց արժեքայինն ու ավանդույթներն ունեն ու հավասարակշռում են իշխանություններին, մեզանում դա արգելված է։ Ըստ որում, արգելված է արժեքայինի մակարդակում, տաբուների՝ խնամի – սանիկի, բարեկամ – հարևանի համակարգերով։ Սովի ու ստրկության հասցված մարդը գնում է ընտրության ու 5000 դրամով ձայն է տալիս իրեն ստրկացնողին։ Սա շատ լուրջ ֆենոմեն է՝ նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան ցեղերի մոտ սա դժվար պատկերացնելի է։ Ընդդիմադիր հորջորջվողը 20 տարի շարունակաբար հիմար ու նախապես հայտնի սուտ խոստումներով մարդկանց քարշ է տալիս ընտրատեղամասեր՝ կեղծվող ընտրությունների, ու լեգիտիմացնում եղածը՝ իր մի մանդատի, իր մի հացի կտորի համար։ Ու կողքից ոչ մեկը, ոչ մի բարեկամն ու ընկերը դրան չի ասում՝ լսիր, հարգելիս, դու ո՞ւմ ես ապուշի տեղ դրել՝ քե՞զ, թե՞ ինձ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ անելիք ունի ընդդիմությունը, մեկնաբանը նշում է՝ այս որակի ընդդիմությունը ոչ մի անելիք չունի։ «Ավելին, եղածն ընդդիմություն էլ չէ, այլ իշխանությունների ամենաեղկելի կցորդն է։ Մի ֆիլմ կար, ուր սպանդանոցի նոխազը ոչխարի հոտի առջևն ընկած տանում էր դեպի սպանդանոցի 4-րդ հարկը։ Տեղ հասնելուն պես աշխատակիցը նոխազին հատուկ դռնով կողմ էր տանում, իսկ ոչխարի հոտը մտնում էր սպանդանոց։ Ես որևէ տարբերություն չեմ տեսնում ներկա հայկական ընդդիմության և այդ նոխազի վարքերի միջև։ Շատերը կասեն, թե հոռետեսական է իմ նկարագրածը։ Նմաններին խորհուրդ կտամ փորձեն մտովի վերադառնալ 1988 ու հիշել, թե իրենք ինչ էին երազում հաջորդ տարվա մասին։ Վերադառնան 2000 ու հիշեն, թե ինչ սպասումներ ունեին 2001-ի մասին։ Մտովի վերադառնան ցանկացած անցած տարիներ ու հիշեն, որ միշտ շատ ավելի լավատես են եղել, քան իրացվել է ռեալ կյանքում։ Այնպես որ, իմ սույն քննարկումն այնքան էլ արտակարգ չէ, մեր ապրած կյանքի շարունակությունն է, ըստ եղած տրամաբանությունների»։

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝