Զոհված գնդապետը հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով

artur

Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ոստիկանության Էրեբունու պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արթուր Վանոյանը հետմահու խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար պարգևատրվեց սխրագործության համար մեդալով:

Ընտանիքի բարեկամ Անահիտ Խաչատրյանը մեծ հարգանքով է խոսում Արթուր Վանոյան մարդու և ոստիկանի մասին.

«Ինքն էլ պակաս հայրենասեր չէր, քան այն մարդիկ, ովքեր այսօր ձեռք են բարձրացրել իր կյանքի վրա: Ինքն էլ էր ազատամարտիկ, ինքն էլ էր հայրենասեր, և ամբողջ բարեկամությունը արտասահմանում լինելով՝ ինքն իր հայրենիքը չլքեց, ապրեց ու իր մահկանացուն կնքեց իր հայրենիքում»:

Արթուր Վանոյանի ազատամարտիկ ընկերը՝ Մելիքսեթ Մանուկյանն, ում ազատամարտիկ ընկերները գիտեն Դուշման մականունով, մեծ ցավով է խոսում տեղի ունեցածի մասին: ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչի արդյունք էր, որ ազատամարտիկը ստիպված եղավ դուրս գալ ազատամարտիկ ընկերոջ դեմ, ասում է.

«Որպես ազատամարտիկ ես կուզենայի, որ այս հողերը հետ չտային: Մեր արյուն թափած տղերքի հողերը հետ չտային, նույնն էլ Արթուրն է արյուն տվել: Ժիրոյին պետք է որ չձերբակալեին, Սեֆիլյանն իմ հրամանատարն է եղել»:

Նաիրա Նալբանդյան

Դիտվել է՝