«Ռուսաստանը, չլինելով չեզոք միջնորդ, կարգավորման ցանկացած տարբերակ տապալելու է»

FB

Թուրքիայում տեղի ունեցող ռազմական հեղաշրջման փորձի, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, նախ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ի՞նչ տեղի ունեցավ եւ զարգացումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա, եթե իրավիճակը չկայունանա:

-Իրավիճակն, ըստ էության, արդեն կայունացել է, այն առումով, որ հեղաշրջման փորձը տապալվեց: Սակայն անմիջապես ակնհայտ դարձավ, որ Էրդողանը կատարվածն օգտագործելու է անձնական իշխանությունն ամրապնդելու նպատակով:

 Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան

Հաշված ժամեր պահանջվեցին Էրդողանի նկատմամբ ոչ հավատարիմ համարվող ավելի քան 2700 դատավորների պաշտոնազրկելու ու նրանց մի մասին ձերբակալելու համար, բնականաբար, զինվորականների շրջանակներում էլ են մեծածավալ «զտումներ» տեղի ունենալու: Մի շարք թուրք և արևմտյան փորձագետներ վստահաբար պնդում են, որ փոփոխություններ են մտցվելու սահմանադրության մեջ` մասնավորապես, նախագահի լիազորություններն ընդլայնելու համար, ակնկալվում է, որ քաղաքացիական ազատությունների սահմանափակում տեղի կունենա, ու ակնարկվում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիան «սուլթանաթի» է վերածվելու:

Հայաստանի համար լավ կլիներ, եթե Թուրքիան կենտրոնանար իր ներքին խնդիրների վրա: Նման իրավիճակ մոտ ապագայում գուցե կլինի, սակայն այն շատ կարճ է տևելու: Մինչդեռ քաղաքացիական ազատությունների սահմանափակման և բռնատիրական տենդենցների ուժեղացման արդյունքում Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ բավական բարդ են լինելու, և դա նրան կդրդի մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու: Վերջերս արդեն իսկ տեղի ունեցող ռուս-թուրքական մերձեցման ֆոնի վրա սա կարող է վտանգավոր լինել:

-Անդրադառնանք ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ինչո՞վ եք պայմանավորում այն լռությունը, որով պարուրված է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ձեր կարծիքով, ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը:

-Դիվանագիտությունն առհասարակ ամբողջությամբ հրապարակային լինել չի կարող: Ասենք, Ֆրանսիայում էլ Մինսկի խմբի համանախագահից ու ևս մի քանի  դիվանագետներից բացի ոչ ոք բոլոր մանրամասները չգիտի: Այլ խնդիր է, որ Հայաստանում իշխանության ոչ լեգիտիմ լինելը, դրան գումարած նաև արտգործնախարարության աշխատաոճը և այլ գործոններ, հանգեցրել է բանակցողների և բանակցությունների ընթացքի նկատմամբ կատարյալ անվստահության:

-ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ ոչ մի անակնկալ չի կարող լինել բանակցային գործընթացում: Փորձագիտական շրջանակները լավ գիտեն, ինչի շուրջ են բանակցում: Ձեր կարծիքով հասարակությունից գաղտնի պահելը հղի չէ՞ լրջագույն վտանգներով:

-Այո, կա վտանգ, բայց դրա չլինելու համար պետք է ունենալ իսկական խորհրդարան, ոչ թե «դակիչ», ինչպես նաև իշխանությունների տարանջատում և քաղաքական համակարգում անհրաժեշտ հակակշիռներ: Դրանց առկայության դեպքում անգամ եթե բանակցությունների արդյունքները վավերացնելուց առաջ փակ լսումներ տեղի ունենան, պետության շահերի տեսանկյունից անընդունելի որոշումը կմերժվի:

Ներկայիս իշխանական համակարգում` իշխանությունների տարանջատման բացակայության պայմաններում, հակակշիռների մեխանիզմ գոյություն չունի: Համապատասխան հասարակական պահանջ պետք է ձևավորվի` դրանք ստեղծելու և իշխանությանը վերահսկելու համար, մանավանդ հաշվի առնելով, որ Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացը, ռուսական կազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելը, վերջերս ՀՕՊ պայմանագրի վավերացումը ցույց տվեցին, որ ԱԺ-ում կա Ռուսաստանի շահերով առաջնորդվող կայուն մեծամասնություն, իսկ դրան հակակշռող ընդդիմությունը բացակայում է: Առկա վտանգները կանխելու համար հասարակությունը պետք է շահագրգռվածություն ցուցաբերի, բայց առայժմ դա չի երևում:

-Արդյո՞ք իրատեսական է հակամարտության կարգավորումը:

-Հավանաբար ոչ այնքան, քանի որ Ռուսաստանը, չլինելով չեզոք միջնորդ, կարգավորման ցանկացած տարբերակ տապալելու է` այն իր շահերին համապատասխանեցնելու անհնարինության դեպքում:

-ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը օրինակ էր բերել, թե ասենք Աղդամը վատ կլինի՞ հանձնել, խաղաղության դիմաց: Ինչպե՞ս եք գնահատում հատկապես իշխանական շրջանակներից տարածքներ զիջելու մասին հայտարարություններին:

-ՀՀԿ-ի ներկայացուցիչներին 2017 թ. ընտրությունների արդյունքում կուսակցապետություն հաստատելուց, ու բնականաբար նաև իրենց նյութական շահերից բացի ոչինչ չի հետաքրքրում: Մյուս կողմից, նրանցից շատերը հոդաբաշխ նախադասություններ արտասանելու հետ կապված խնդիր ունեն: Ավելի լայն առումով, խնդիրը ոչ միայն ՀՀԿ-ն է, այլև համակարգն ամբողջությամբ` ոչ լեգիտիմ իշխանությամբ, իշխանությունների տարանջատման բացակայությամբ, Ռուսաստանի շահերը սպասարկողներով և այլն:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝