Իշխանության համար կռիվը Թուրքիայում ուղղակիորեն կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի

640_Turkey_coup_2016_07_16_05_16_56

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողման մասին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված, եւ այն, որ տեղի ունեցածը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, շատ իրատեսական է, կարծում է պատմաբան Գագիկ Համբարյանը:

ԳԱԼԱ-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

-Պարոն Համբարյան, ինչո՞վ եք պայմանավորում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, տեսնո՞ւմ եք արդյոք արտաքին ուժերի ազդեցություն, եւ ի՞նչ հետեւանքներ սպասել այս ցնցումներից:

-Հանրապետություն հռչակվելուց հետո Թուրքիայում տեղի է ունեցել 4 հեղաշրջում եւ այս հեղաշրջման փորձը: Պետք է նշել, որ չորս հեղաշրջման հեղինակը եղել է բանակը:

Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան

Ինչո՞ւ Թուրքիայում եւ ինչո՞ւ հիմա: Պետք է նշեմ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ թուրքական բանակի միջեւ հարաբերությունները շատ վաղուց էին լարված: Թուրքիան այն երկրներից է, որտեղ զինվորականները միշտ բավականին մեծ դիրքեր են ունեցել կառավարման համակարգում, եւ այդ համակարգի հիմնադիրը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է, ով համարում էր, որ բանակն այն եզակի ինստիտուտն է, որն իրավասու է եւ ի վիճակի է պաշտպանել թուրքական քեմալական պետության հիմքերը: Իսկ հիմքը հետեւյալն էր՝ իսլամը պետք է տարանջատվեր պետությունից: Մինչեւ վերջերս այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր փորձում էին իսլամը հետ վերադարձնել թուրքական պետականության մեջ, պատժվում էին: Վերջինը 1980թ. տեղի ունեցած հեղաշրջումն էր, որը ղեկավարեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենը, որը շատ ծայրահեղ ծանր հետեւանքներ ունեցավ Թուրքիայի համար: Հարյուր հազարավոր ձերբակալվածներ, աքսորվածներ, դատապարտվածներ, հազարավոր մարդիկ գնդակահարվեցին: Դրանից հետո Թուրքիան կարծես թե ինչ-որ կայունացման շրջան ապրեց, մինչեւ իշխանության չեկան այնպիսի ուժեր, ինչպիսիք են Էրդողանի ղեկավարած չափավոր իսլամիստները, որոնք կամաց-կամաց իսլամը կրկին հետ վերադարձրեցին հասարակության ամենօրյա կյանք, եւ միեւնույն ժամանակ արդեն օրենքներով փորձեցին սահմանափակել բանակի ներգրավվածությունը երկրի ներքին եւ արտաքին գործերին: Սա, իհարկե, գեներալներին դուր գալ չէր կարող:

Մի քանի տարի առաջ եւս Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որը տապալվեց, իշխանությունները, վաղօրոք իմանալով այդ փորձի մասին, ձերբակալություններ իրականացրեցին բանակի բարձրաստիճան ղեկավարության շրջանակներում: Այդ գործը մեզ ավելի հայտնի դարձավ «Էրգենեկոն» անվան տակ: Սա կարող ենք համարել «Էրգենեկոն»-ի գործի շարունակությունը, որովհետեւ թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին իրականացնել պետական հեղաշրջում:

Եթե երեկ նույն ընդդիմադիրները փորձում էին թուրք հասարակությանը համոզել, որ հեղաշրջման հեղինակը Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներել Հուլուսի Աքարն էր, ապա հետագայում պարզվեց, որ դա այդպես չէ: Աքարը գերեվարվել էր ապստամբների կողմից: Խնդիրը հենց այն է, որ հեղաշրջման հեղինակները ոչ թե գեներալներն էին, այլ գնդապետներ, որը էլ ավելի թուլացրեց իրենց դիրքերը հասարակության շրջանում:

Բացի այդ, շատ տարօրինակ արձագանք գտավ Էրդողանի կոչն ուղղված ժողովրդին՝ դուրս գալ փողոց եւ պաշտպանել գործող իշխանություններին: Զարմանալին այն էր, որ Էրդողանն ընտրությունների ժամանակ հիմնականում պարտվում է խոշոր քաղաքներում եւ հաղթում հիմնականում գյուղական բնակավայրերում: Իմ կարծիքով, զինվորականները հույս ունեին, որ Անկարայի եւ Ստամբուլի բնակչությունը ոտքի չի ելնի եւ չի պաշտպանի Էրդողանին: Եթե Անկարայի պարագայում նրանց հույսերը մի փոքր արդարացան, որովհետեւ զինվորականներին ծափողջույններով ընդունեցին Անկարայի փողոցներում, ապա Ստամբուլում լրիվ այլ պատկեր էր: Էրդողանի կողմնակիցները դուրս եկան փողոց եւ շրջապատեցին Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջի վրա գտնվող զինվորականներին եւ սկսեցին հարձակվել նրանց վրա: Սա էլ էր խնդիր: Հասարակությունը դեմ դուրս եկավ զինվորականներին, եւ վերջիններս, հասկանալով այդ ամենը, կրակ չբացեցին Էրդողանի անզեն կողմնակիցների վրա: Այնպես որ, այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, սպասելի էր, որովհետեւ բանակը երբեւիցե հանգիստ չէր նստի եւ ականատեսը չէր դառնա, թե ինչպես է Էրդողանն իրենց զրկում այն ազդեցությունից, որն իրենք շատ երկար տարիներ ունեցել են Թուրքիայի կառավարման համակարգում:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ազդեցությանը, պետք է նշեմ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ մեղադրել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում պատսպարված նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Նա պատահական մարդ չէ: Բավական սերտ կապեր ունի ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ: Իմ կարծիքով, Էրդողանը, մեղադրելով Գյուլենին, միեւնույն ժամանակ նաեւ ակնարկում է, որ այս ամենի հետեւում կանգնած է Սպիտակ տունը:

Բայց ավելի շատ հակված եմ մտածել, որ սա զուտ Թուրքիայի ներքին խնդիրն էր:
Թուրքական բանակը չէր կարող Էրդողանին հենց այնպես զիջել այն լիազորությունները, որոնք ունեցել է երկար տարիներ եւ հիմա զրկվում է:

-Ականատես եղանք մասսայական ձերբակալությունների, ավելի քան 200 զինվորական է սպանվել, անգամ հրապարակային զինվորականի գլխատեցին: Հազարավոր մարդիկ ձերբակալվել են: Կարո՞ղ ենք ասել, որ հեղաշրջման փորձը ձախողվեց Թուրքիայում:

-Էրդողանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները եւս անընդհատ հայտարարում են, որ ապստամբությունը տապալված է, բայց միայն այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը պաշտոնապես հայտարարեց, որ Էրդողանը չի գտնվում Թուրքիայի տարածքում, ցույց է տալիս, որ իրավիճակը բավական հեղհեղուկ է եւ բավական վտանգավոր: Եթե Էրդողանը վստահ լիներ, որ հեղաշրջման փորձը լիովին տապալված է եւ իր անվտանգությունն ապահովված է, ինքն իրոք հիմա կգտնվեր Թուրքիայի տարածքում: Հավանականությունը մեծ է, որ նա հիմա գտնվում է Լոնդոնում: Սկզբնական շրջանում թուրքական լրատվամիջոցները հայտարարեցին, որ նա գտնվում է Լոնդոնում, հետագայում փորձեցին հերքել, բայց պարզվեց, որ դա իրականում այդպես չէ, իրականում Էրդողանը երկրում չէ:

Այն, որ թուրք ապստամբներն ունեն ծանր ռազմական տեխնիկա, ռազմական նավեր, ուղղաթիռներ, որոնցից երկուսն է դեռեւս խոցվել Էրդողանի կողմից վերահսկվող թուրքական զինուժի կողմից, ցույց է տալիս, որ դեռ իրավիճակը կայունացած չէ եւ Թուրքիայում գնում է վհուկների որս: Գործը հասել է նրան, որ 21-րդ դարի սկզբին աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ստամբուլում, մարդկանց գլխատում են, եւ այդ մասին գրում են ոչ թե օտարերկրյա լրատվամիջոցներն, այլ թուրքական լրատվամիջոցները՝ ներկայացնելով ապացույցներ, թե ինչպես Բոսֆորի վրայով անցնող կամուրջի վրա գլխատում են թուրք զինվորականի: Մենք այստեղ տեսնում ենք, որ իշխանության համար կռիվը Թուրքիայում ուղղակիորեն կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Դեռ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես քրդերը դիտորդի դերում են, բայց երբ սկսեն օգտագործել նաեւ քրդական ֆակտորն, ապա իրավիճակը Թուրքիայում էլ ավելի կսրվի:

-Տարածաշրջանի համար Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել:

-Ես գտնում եմ, որ հիմա ավելի շատ դրական ազդեցության մասին է խոսքը, որովհետեւ թուրքական իշխանությունները հիմա ավելի շատ զբաղված են ներքին խնդիրներով: Էրդողանին եթե հաջողվի ճնշել այս ապստամբությունը եւ կանխել հեղաշրջումը երկրում, ապա Էրդողանը մոտակա ժամանակաշրջանում 5-6 ամիս հիմնականում պետք է զբաղվի երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորմամբ եւ իր թշնամիների ոչնչացմամբ, որի մասին արդեն ակնարկեց փոքրիկ մամուլի ասուլիսում, որ այն բոլոր զինվորականները եւ ուժերը, որոնք փորձ կատարեցին պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, շատ խիստ կպատժվեն: Սրանից կարող են օգտվել Թուրքիայի հարեւանները, որոնց համար վերջին շրջանում Թուրքիան շատ լուրջ խնդիրներ էր ստեղծում. լինի դա Սիրիան, Իրաքը, Կիպրոսը, Հունաստանը, Հայաստանը… Թուրքիան անընդհատ ներգրավված էր արցախյան հիմնախնդրի մեջ, խնդիրներ էր ստեղծում մեզ համար: Այնպես որ, գտնում եմ, որ ներթուրքական խմորումներն ավելի շատ դրական կազդեն Թուրքիայի հարեւանների վրա, Թուրքիայի իշխանություններն ավելի շատ կսկսեն զբաղվել իրենց ներքին խնդիրների կարգավորմամբ: Հիմա Էրդողանը շատ մեծ խնդիրներ ունի Թուրքիայի մեջ եւ շատ հզոր թշնամիներ: Այն, որ ռազմական տեխնիկա, օդուժ է օգտագործվում 16 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում կամ մայրաքաղաք Անկարայում, դա արդեն խնդիր է թուրքական իշխանությունների համար: Խնդիր է նաեւ այն, որ Թուրքիայի գաղտնի ծառայությունների աշխատանքը կարելի է գնահատել զրո: Այսպիսի մասշտաբի պետական հեղաշրջման փորձը չբացահայտելը գաղտնի ծառայությունների կողմից շատ մեծ խնդիր է Էրդողանի վարչակազմի համար:

-Պարոն Համբարյան, եղավ նաեւ կարծիք, որ հնարավոր է սա կազմակերպված լիներ նույն Էրդողանի վարչախմբի կողմից: Հավանական համարո՞ւմ եք այս սցենարը:

– Դա էլ չի կարելի հերքել, որ Էրդողանի վարչակազմը, շատ լավ տեղյակ լինելով ընդդիմադիրների շարժման, ձեռնարկվող քայլերի մասին, հիմա վերահսկելի հեղաշրջում կազմակերպելով սեփական անձի դեմ, լիովին ճնշում է իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին, եւ ամենակարեւորը, վերջնականապես հաշվեհարդար է տեսնում Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ, որի վերաբերյալ իր հակակրանքը միշտ արտահայտել է: Ինչպես նաեւ իր կողմն է տանում ընդդիմադիր ժողովրդահանրապետական եւ ազգայնական ուժերի ընտրազանգվածի մի մասին:

Եթե Թուրքիայում այս իրադարձություններից հետո տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ սա Էրդողանի կազմակերպածն էր, որովհետեւ Էրդողանը կփորձի երկաթը տաք-տաք ծեծել եւ իր ռեյտինգի շեշտակի բարձրացումը կփորձի իր իշխանության ամրապնդման համար ծառայեցնել, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանա փոխել Թուրքիայի սահմանադրությունը: Էրդողանի միակ իդեա ֆիքսը երկրի սահմանադրությունը փոխելն է եւ հիմնական խնդիրը՝ պառլամենտա-նախագահական երկրից լիովին նախագահական երկրի վերածումն է, որն Էրդողանին չհաջողվեց վերջին խորհրդարանական ընտրություններին:

Բացառված չէ, որ սա կարող է լինել Էրդողանի սցենարով կազմակերպված: Էլի եմ կրկնում, եթե այս ամենից հետո տեղի ունենա օրենսդիր մարմնի ցրում եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա վստահ կարելի է պնդել, որ «հեղաշրջման փորձը» Էրդողանն է արել:

Հարկ է նաեւ նշել, որ ռազմական գործողություններին, բախումներին զուգահեռ Թուրքիայում տեղի է ունենում ինֆորմացիոն պատերազմ՝ թե՛ ընդդիմադիրների, թե իշխանությունների կողմից: Տարանջատելն իրականը շինծուից շատ դժվար է, եւ մենք պետք է սպասենք, որովհետեւ որեւիցե բան դեռեւս հստակ ասել հնարավոր չէ:

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Դիտվել է՝