«Թուրքիայում ապակայունացումն, անկայունությունը մեզ համար, կարծում եմ, պետք է մտահոգիչ լիներ»

turqia

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով այս գիշեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, կարծիք հայտնեց, որ այն չհաջողվեց նաև այն պատճառով, որ բանակն այդ հարցում միասնական չէր:

«Ի տարբերություն նախկին ռազմական և զինվորական հեղաշրջումների, երբ ղեկավարությունը միասնական է եղել հեղաշրջման հարցերում, այս փորձը տապալվեց նաև նրա համար, որ ժողովուրդը սկսեց լսել Էրդողանի կոչը՝ դուրս գալ հրապարակներ՝ հեղաշրջում գործողների դեմ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի կարծիքով հեղաշրջման փորձն ինչ-որ տեղ անխուսափելի էր, քանի որ գործող նախագահ Էրդողանը վարում էր երկիրը պառակտելու, հասարակությանը բևեռացնելու քաղաքականություն. «Դա ինչ-որ տեղ պետք է որ ճաք տար, և սա այդ ճաքերից մեկն է, ճիշտ է՝ հեղաշրջման փորձը ներկա վիճակով ձախողվեց, բայց կարծում եմ այս դժգոհությունն ավելի կխորանա, այլ ոչ թե այսպիսով կավարտվի, իսկ ավելի խորանալը կնշանակի, որ Թուրքիայի համար առաջիկայում լավ օրեր չեն սպասում»:

Հետագա դիմադրությունները Թուրքիայում կլինեն հեղաշրջում նախաձեռնած զինվորականների և նրանց համախոհների՞ կողմից, թե՞ այլ ուժեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից, հարցին Մանոյանը պատասխանում է. «Չեմ կարծում բանակի կողմից շատ արագ նման փորձ կգտնվի, այլ կարծում եմ Էրդողանն այս անմիջական հաջորդող օրերին շատ ավելի ուժեղ դուրս եկած կլինի այս ամենից, բայց երկրի համար դա անպայման լավ բան չի նշանակում, քանի որ Էրդողանի քաղաքականության հիմքում ընկած է հասարակության բևեռացման մոտեցումը, որպեսզի ինքը կարողանա սև ու սպիտակի հարց դնել և «կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես» սկզբունով փորձել իր ժողովրդականությունը մեծացնել, կարծում եմ Էրդողանը նույն քաղաքականությունը կշարունակի, և հասարակության պառակտումը կշարունակվի որպես արդյունք, և դա արդեն Թուրքիայի համար լավ չի լինի»:

Էրդողանին իշխանությունից հեռացնելու փորձերը, կարելի է ասել, հայաստանյան հասարակության մոտ որոշակի ոգևորության պատճառ դարձան, ի՞նչ կարող է նշանակել հեղաշրջումը Թուրքիայում ՀՀ-ի համար և ինչքա՞ն է այն բխում մեր շահերից.

«Թուրքիայում ապակայունացումն, անկայունությունը մեզ համար, կարծում եմ, պետք է մտահոգիչ լիներ, այսինքն այդ մի քանի ժամերը մեզ համար պետք է մտահոգիչ լինեին, որովհետև անորոշություն էր, հայտնի չէր ով էր, ինչ էր անում, և եթե այդ հեղաշրջումը հաջողվեր, հայտնի չէր, թե անողներն ինչ քաղաքականություն պետք է վարեին ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ի դեմ, դրա համար ասել, որ ինչ-որ դրական բան կար մեզ համար, այդպես չէ, ապակայունացումը Թուրքիայում մեզ համար լավ չէ: Էրդողանի պաշտոնավարման շարունակման դեպքում էլ, կարծում եմ, մինչև այս փորձն էլ, հիմա էլ Էրդողանի համար այլևս ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելն առաջնահերթ խնդիր չէ և սրանից հետո առավել ևս առաջնահերթ չի լինի»:

Այս ընթացքում միջազգային հանրությունն, ըստ էության, միայն հայտարարություններ տարածեց իրադարձություններին հետևելու մասին, իսկ գերտերություններից ում շահերից էր բխում Թուրքիայում ապակայունացումը, հարցին Մանոյանը պատասխանում է. «Գերտերություններից որևէ մեկի համար չեմ կարծում շահեկան էր, որովհետև անորոշ էր, թե ովքեր են գալու: Բայց, օրինակ, լսել եմ, որ Սիրիայում հասարակության մոտ շատ մեծ խանդավառություն կար, հատկապես այն հատվածի, որոնք Թուրքիայի վարած քաղաքականությանը դեմ են, բայց գերտերությունների մոտ, կարծում եմ, ավելի շատ անհանգստություն էր»:

Նաիրա Նալբանդյան

Դիտվել է՝