Ինչո՞ւ էին պարտակում տեսանյութը, որտեղ երևում էր, որ Ադրբեջանն է հարձակվող կողմը

serj-ohanyan

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն օրերս Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր համացանցում մեծ աղմուկ հանած տեսանյութին, որը տարածել էր «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ տեսանյութում պարզ երևում էր հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը, իսկ հայկական կողմն այս ընթացքում սպասում էր օգնության ու կրակելու հրամանի: Ինչո՞ւ չի եղել կրակելու հրաման, այս մասին երկար ժամանակ լռում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ Ս. Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մոտ մեկ ամիս առաջ իր հարցազրույցում դատապարտել էր տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ նման տեսանյութ պարզապես չպետք է հայտնվեր համացանցում:

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Ս. Օհանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ տեսանյութին ու պատասխանելով այն հարցին, թե ինչու հրաման չի եղել կրակելու, պատասխանել էր, թե մարտական գործողությունների ժամանակ կրակելու թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ «և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում Պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռված մարտական խնդիրների կատարման շրջանակում ինքնուրույն է գործում»:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով մեծ աղմուկ հանած տեսանյութին, նախ ասաց, որ իրենք հերթական անգամ գնացել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ ծանոթանալու համար, թե ինչ ճակատագիր ունեցավ իրենց նախաձեռնության կողմից կազմված նամակն ու բարձրացրած հարցերը.

Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

«Գնացել էինք ՄԱԿ-ի գրասենյակ, գնացել էինք տեսնելու, թե ինչ եղավ մեր նամակի ճակատագիրը, որ ուղարկել էինք ՄԱԿ, մեզ պատասխանեցին, որ նամակը տեսահոլովակի հետ ուղարկել են Նյու Յորք և սպասում են պատասխանի: Մենք իրենց ասացինք, որ կսպասենք մինչև շաբաթվա վերջ, որից հետո արդեն կլրանա մեկ ամիսը, ինչ նամակն ուղարկել ենք, և մենք արդեն ակցիայով կգանք նամակի պատասխանի հետևից»:

Ինչ մնում է Ս. Օհանյանի հայտարարություններին, Դ. Հովհաննիսյանն ասում է, որ ի սկզբանե այդ հոլովակն այլ նպատակի համար են հրապարակել:

«Մենք ուղարկեցինք ՄԱԿ-ին այդ տեսանյութը ցույց տալու համար, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Մենք այդ նպատակն ունեինք, որ ցույց տայինք, որ պետք չէ կողմերի միջև դնել հավասարության նշան, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Որովհետև բացի այն, որ ՄԽ-ն մշտապես հավասարության նշան է դնում, նաև ասում էին, թե հայտնի չէ՝ այս վերջին ապրիլյան պատերազմը որ կողմն է սկսել: Մենք պարզապես ապացույց ուղարկեցինք միջազգային կազմակերպություններին, թե առեք տեսեք՝ ով է սկսել, իմաստը դա է, սա միջազգային հետաքննության համար է: Բացի այդ, մեզ ընդամենը մի հարց է շատ հետաքրքրում, թե ՀՀ ՊՆ-ն ինչու ինքը չհրապարակեց այդ տեսանյութը, չբարձրաձայնեց՝ թեկուզ ապացուցելու համար, որ նախահարձակ կողմն Ադրբեջանն է եղել: Եթե հասել է մեզ այդ տեսանյութն, ուրեմն կարծում եմ՝ կասկածից վեր է այն, որ զինվորականների ձեռքին է եղել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի բարձրաձայնվել, ինչո՞ւ դա չեն տվել Կասպրշիկին և մյուսներին, որոնք ասում էին՝ չգիտենք ով է սկսել պատերազմը, սա է մեր հարցը»,- ասում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դ. Հովհաննիսյանը:

«Նոր Հայաստան» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ս. Օհանյանի հայտարարություններին, թե տեղում են կողմնորոշվում՝ կրակել, թե ոչ, և չեն սպասում կրակելու մասին հրամանի, ասաց հետևյալը.

Ալեք Ենիգոմշյան

Ալեք Ենիգոմշյան

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այդպես բառացի ասում Օհանյանը, ոչ էլ կարող եմ կոնկրետ խորանալ այդ բառերի մեջ: Ասեմ միայն, որ չեմ հավատում դրան, նման բան չի կարող լինել:

Ես մի հարց եմ ուզում տալ. եթե այդպես է, ապա ինչու հարավ-արևելքում՝ Ջեբրայիլ-Ֆիզուլի ճակատում, և հյուսիս-արևելքում՝ Թալիշ-Մատաղիս հատվածում, երբ հակառակորդը հարձակումները սկսել է ամսի երկուսի վաղ առավոտյան, ինչո՞ւ մեր հրետանին երկու դեպքում էլ առավոտյան 11-ին անցավ գործի: Ինչպե՞ս կարող է լինել, որ մեկը մյուսից անջատ՝ և՛ Ջեբրայիլում, և՛ Թալիշում, հենց ժամը 11-ին հանկարծ որոշեցին գործի անցել: Ես կարծում եմ, որ այդ համընկնումը հնարավոր չէ»:

Ըստ Ենիգոմշյանի՝ եթե կա տեղական հրամանատարների ազատ և իրենց հրամանատարությամբ ռազմական գործողություններ անելու հրաման, ուղղակի պետք է ապշել, որ նրանք բոլորը սկսել են մեկը մյուսից անկախ գործել, և նրանց գործելու սկիզբը համընկել է, բացի այդ, զարմանալի է նաև, որ պարզապես սկսել են բավականին ուշ գործել:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝