Վարչական դատարանը Շահեն Հարությունյանին տուգանեց 150.000 դրամով

timthumb-4-300x200

Այսօր՝ 2017 թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով. Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում:

Դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու նպատակով հավաքը համարել է շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն: Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա այն բացառիկ դեպքերից է եղել, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու և որոշ պաշտոնյաների հրաժարականի մասին պահանջներին, Դատարանը դրանք համարել է ոչ հրատապ և շարունակվող, ուստի՝ անհրաժեշտ է համարել դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկումը՝ անկախ նրանից, թե քանի օր է տևել հավաքը, ինչ նպատակ է հետապնդել և ինչպես է իրականացվել:

Դատարանի այս որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝