1485 թեկնածու՝ 101 տեղի համար. Կամ պատգամավորի մեկ աթոռն ունի 14 հավակնորդ

aj

Նոյեմբերի 26-ին մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: ԱԺ 101 մանդատի համար պայքարի է դուրս եկել 1485 պատգամավորության թեկնածու: Այսինքն՝ պատգամավորական մեկ աթոռի համար պայքարում է 14 թեկնածու: Ըստ էության՝ մրցակցությունը մեծ է: Ընտրական մրցավազքի է դուրս եկել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն ու 2 դաշինք:

Ամենից մեծ նախընտրական ցուցակը ներկայացրել է իշխող՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 183 թեկնածու: Դրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 176 պատգմավորացու: Երրորդ հորիզոնականում է «Սասնա ծռեր» կուսակցությունը. նա ընտրական մրցավազքի է դուրս բերել 174 թեկնածու: Նախկինում իշխող ՀՀԿ-ն առաջադրած 127 թեկնածուով 6-րդ հորիզոնականում է, նրանից առաջ են ընկել «Լուսավոր Հայաստանն» ու ՀՅԴ-ն՝ համապատասխանաբար՝ 157 և 152 թեկնածուներով:

Մեկ հարյուրը գերազանցող պատգամավորության թեկնածուներ ունեցող կուսակցությունների շարքը եզրափակում են «Մենք» դաշինքը և «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ համապատասխանաբար 134 և 132 թեկնածուներով: Մյուս քաղաքական ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, առաջադրել են 8 տասնյակը գերազանցող պատգամավորության թեկնածու:

Հետաքրքիր է, որ այս ընտրություններին քիչ չեն գործազուրկները՝ 362 անձ: Դրանց թիվն ամենամեծն է «Սասնա ծռեր» կուսակցությունում՝ 81: Այս կարգավիճակի թեկնածուներից զերծ է երիտասարդ ուժերով համալրված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Պատգամավորության թեկնածուների մեջ կա նաև 3 կենսաթոշակառու, որից մեկը «Լուսավոր Հայաստան», 2-ը՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից:

13 ընտրատարածքներում հետաքրքիր մրցակցություն է սպասվում նաև ռեյտինգային ընտրակարգով: Օրինակ՝ ՀՀԿ-ից ռեյտինգայինով մրցավազքի մեջ կլինեն 124 թեկնածու, ԲՀԿ-ից՝ 160-ը: Ռեյտինգային մրցապայքարի մեջ կլինեն ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը, Հայկ Բաբուխանյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը և այլ անձինք:

«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգայինով առաջադրվել է 144 թեկնածու: Նրանց թվում են 1-ին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, նախարարների պաշտոնակատարներ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանը, Լիլիթ Մակունցը, ինչպես նաև Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արեն Մկրտչյանը, Դավիթ Սանասարյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը և ուրիշներ: Առհասարակ կառավարության անդամների մեծամասնությունը, բացառությամբ պաշտպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Տոնոյանի, Գարեգին Բաղրամյանի, Գեղամ Գևորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Ատոմ Ջանջուղազյանի և Գաբրիել Ղազարյանի, մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ռեյտինգային թեկնածուներ են նաև ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը, Վարդան Ղուկասյանը և Վարդևան Գրիգորյանը՝ ԲՀԿ-ից:

Նշենք, որ ըստ ԿԸՀ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 564 հազար 334 է:

Թիվ 1 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ընտրողների թիվը 198.537 է, թիվ 2-ում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)՝ 210.687, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում՝ 222.434, թիվ 4-ում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն)՝ 206.883:

Թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) ընտրողների թիվը 220.309 է, թիվ 6-ում (Արմավիրի մարզ)՝ 232.232, թիվ 7-ում (Արագածոտնի մարզ)՝ 117.455: Թիվ 8 ընտրատարածքում, որ ներառում է Գեղարքունիքի մարզը, ընտրողների թիվը 187.263, թիվ 9-ում (Լոռու մարզ)՝ 238.975:

Կոտայքի մարզում (թիվ 10 ընտրատարածք) 237.419 ընտրող է, թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ)՝ 231.982, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում (թիվ 12 ընտրատարածք) ընտրողների թիվը 152.805 է, Տավուշի մարզում (թիվ 13 ընտրատարածք)՝ 107.353:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝