Տանկիստ Տիգրան Աբգարյանն իսկական հայ հերոս էր, ով իրեն հատուկ հումորով հրաժեշտ տվեց հարազատներին՝ Ջեբրայիլի մարտերին պատրաստվելուց առաջ

Tigran Abgaryan

20-ամյա Տիգրան Աբգարյանին ամենադիպուկը մայրն է նկարագրում` կյանքով լեցուն եւ կյանքը սիրող, իր հետ ժպիտ, տրամադրություն տուն բերող: Տունն ուրախությամբ էր լցվում, փոխվում էր մթնոլորտը, երբ տանն էր Տիգրանը, ասում է Գոհար Աբգարյանը:

«Տիգրանը շատ հումորով, շատ ընկերասեր, շատ խելոք եւ շատ պարտաճանաչ էր: Շատ էր հպարտանում Նազիկ Ավդալյանով»,- նշում է հայրը:

Տիգրանը փոքր հասակից սիրել է մեքենա վարել: Տարիների ընթացքում հմտացել է, երազել ամենագնաց ունենալու մասին: Բանակից վերադառնալ եւ անմիջապես աշխատելու մասին էր խոսում, երազած ավտոմեքենան օր առաջ ունենալու համար:

Հայրը եւս տանկիստ է եղել: Այն, որ Տիգրանը եւս այդ ուղին կընտրեր ծառայության ընթացքում, չէին պատկերացնում:

Արմավիրում ծառայելու ամիսներին Տիգրանն իրեն կարողացավ լավ դրսեւորել, ստանալ պատվոգրեր: Մեծ եղբորը դեռեւս նախքան ծառայության գնալն էր խոստացել` ավելի լավ զինվոր է լինելու, ավելի լավ է ծառայելու:

Տիգրանը միշտ ցանկանում էր հաղթող լինել, լինել առաջինն, աչքի ընկնել: Նրա մոտ ստացվում էր: Ընկերներն էլ նրա մեջ հենց դա են գնահատում:

«Մեր ընկերության մեջ մտած է եղել, որ մենք պետք է տունը պաշտպանենք, մեր հողը պաշտպանենք, դրա համար զբաղվել ենք սպորտով, հրաձգությամբ: Ինքը սիրում էր տանկը: Ավարտեց խոհարարական, բայց միշտ ասում էինք՝ Տիգրան, դու տանկիստ պիտի դառնաս»,- պատմում է Տիգրանի ամենամոտ ընկերը՝ Շահեն Սուքիասյանը:

Sequence 02.Still003Հերոսի ընտանիքում համեստորեն են խոսում նրա մասին: Անգամ խուսափում են շատ գովեստի խոսքեր շռայլել: Ասում են` թող մարտական ընկերները, հրամանատարները պատմեն:

Ղարաբաղում ծառայության անցնելու լուրն ընտանիքի անդամներին եթե անհանգստացրել է, ապա Տիգրանին միայն ուրախացրել: «Ղարաբաղում ավելի լավ է»,- ասել է Տիգրանը, ով հասցրել էր կարճ ժամանակահատվածում սիրել Արցախը, այն համարել իր հայրենիքը:

Տիգրանն ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 3 ին:

Ծառայել է Ֆիզուլիում, այդ օրը պատրաստվել են մարտի՝ Ջեբրայիլում, բայց չի ասել այդ մասին ոչ եղբորը, որ մորը, ոչ անգամ ամենամտերիմ ընկերոջն, ում հետ կիսում էր ցանկացած գաղտնիք:

Sequence 02.Still006Կարծես հրաժեշտ է տվել բոլորին, բայց բնավորության համաձայն ուրախ ձայնով, կատակելով:

Ապրիլի երկուսին իմանալով սահմանային լարվածության մասին՝ մեծացել է հարազատների անհանգստությունը: Անհանգիստ հարցադրումներին ի պատասխան՝ Տիգրանը ծիծաղել է, ասել, որ իրենց մոտ այնքան հանգիստ է, որ անգամ կրակոցների ձայներ չեն լսվում:

Նույն օրը Տիգրանը նահատակվել է: Սխրանքի մասին հարազատներն իմացան օրեր անց, թե ինչպես է հայտնվել շրջափակման մեջ, ինչպես է կարողացել թշնամու երեք տանկ խոցել:

Հերոսի հիշատակը հավերժացնելու համար հոր ցանկությունն է Տիգրան Աբգարյանի անունով դպրոց անվանակոչեն, փողոց, հուշարձան:

Իսկ ի՞նչ դասեր պետք է քաղել քառօրյա պատերազմից: Տիգրանի հարազատները շեշտում են. միասնականություն, հայրենիքի համար առաջնագիծ նետվելու վճռականություն է հարկավոր: Սակայն գլխավոր ցանկությունը մեկն է՝ լինի խաղաղություն, մեր ազգը Տիգրաններին չկորցնի, նրանք պետք են երկիրը շենացնելու երազանքներն ի նպաստ հայրենիքի բարգավաճման ծառայեցնելու:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝