«Եթե մինչեւ վաղը լուրջ շրջադարձ տեղի չունենա, պատերազմ չի լինի»

tank

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ռուս-հայկական համագործակցության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող թեժ մարտերին, նշեց, որ առաջիկա ժամերին շատ բան պարզ կդառնա:

«Ինչքան ես գիտեմ, Արցախի բնակիչները, վետերանները, երիտասարդությունը պատրաստ են ամենալուրջ դիմակայության: Մարդիկ են զոհվել՝ այդ թվում խաղաղ բնակիչներ, գյուղացիներ: Նրանց հարազատները պատրաստ են զենք վերցնել եւ կռիվ մղել: Այս պայմաններում աշխարհի խոշորագույն խաղացողները պետք է իրենց հստակ դիրքորոշումը հայտնեն: Հարկավոր է Բաքվի ռեժիմին ցույց տալ իր տեղը: Պետք է խաղաղ բնակչությանն անվտանգության երաշխիքներ տալ: Պետք է մտցնել խիստ տեխնիկական վերահսկողություն հակամարտության գոտում, որպեսզի ցանկացած պրովոկացիոն քայլ ֆիքսվի տարբեր ուղղություններով»,-նշեց Դվորնիկովը:

Դենիս Դվորնիկով

Դենիս Դվորնիկով

Փորձագետի խոսքերով, հնարավոր ամեն ինչ պետք է անել, որպեսզի վերականգնվի խաղաղությունը:

«Հրադադարի պահպանման ռեժիմը պետք է լինի, այսպես ասած, երկաթբետոնյա: Տրամաբանական կլիներ, եթե Ադրբեջանի նկատմամբ կիրառվեին պատժամիջոցներ՝ սննդամթերքի եւ նավթամթերքի վրա: Կարծում եմ, որ Ռուսաստանում շատերի համար «Բաքվի լոլիկ» արտահայտությունն այսուհետ կասոցացվի անմեղ արյան հետ»,-նշեց Դվորնիկովը:

Իվան Պրեոբրաժենսկի

Իվան Պրեոբրաժենսկի

Ռուսաստանցի հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին ԳԱԼԱ-ի հետ զրույցում սահմանային աննախադեպ լարվածությանն անդրադառնալով՝ նշեց. «Իրավիճակը դեռ հստակ չէ, սակայն դատելով շփման գծից ստացված տեղեկություններից, միայն կարելի է հուսալ, որ սա նոր պատերազմի սկիզբը չէ, այլ միայն փորձեր  բանակցային դիրքերն ամրապնդելու՝ զոհաբերելով հարյուրավոր մարդկային կյանքեր»:

Վերլուծաբանի կարծիքով ադրբեջանական կողմի գործողությունները չեն խոսում այն մասին, որ ձգտում են շատ արագ բեկում մտցնել իրադրության մեջ: «Օրինակ՝ հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ, ինչը սպասելի էր, եթե Ադրբեջանը որոշեր օգտագործել իր բոլոր առավելությունները: Կարծում եմ, որ եթե մինչեւ վաղը լուրջ շրջադարձ տեղի չունենա, պատերազմ ամեն դեպքում չի լինի: Ադրբեջանը կարող է միայն ապավինել արագ հաղթանակի»:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝