«Ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը կարող է մեծ անախորժություններ հրահրել ոչ միայն Կովկասում…»

7ABFB9F8-6B44-4CEA-830B-3A13E058A583_cx0_cy3_cw0_mw1024_s_n_r1

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհնար է համարում ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագրի չեղարկումը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` միջազգային պրակտիկայում խաղաղ պայմանագրերը, որոնք կարգավորում են պետությունների սահմանները, չեն կարող չեղարկվել:

«Իրավական տեսանկյունից ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը, որը սահմանում է Թուրքիայի սահմաններն Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ, հակասում է միջազգայնորեն ընդունված իրավական նորմերին»,– նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ռուս-հայկական համագործակցության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, նշեց.

Դենիս Դվորնիկով

Դենիս Դվորնիկով

«Միջազգային իրավունքի այս մակարդակի արժեզրկման պարագայում, որին մենք այսօր հետեւում ենք, պայմանագրի չեղարկումը բարդ եւ ընդհանուր առմամբ անիմաստ արարողակարգ է: Անգամ գործընթացի նախապատրաստությունը, հայտարարությունը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը: Մենք չափազանց կախված ենք Թուրքիայից: Դա պետք է խոստովանել: Կտորեղեն, հագուստ, սննդամթերք, ներդրումային պայմանագրեր… Բացի այդ, կան տարրական հարցեր կապված անվտանգության հետ: Պայմանագրի չեղարկումը կարող է մեծ անախորժություններ հրահրել ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ Պովոլժիեում՝ Մերձվոլգյան եւ Անդրվոլգյան շրջաններում»:

Փորձագետի կարծիքով այսօր ճիշտ պահը չէ կտրուկ գործողությունների, քանի որ «հանելով ընդամենը մեկ քար՝ կարող է ականատես լինենք մի ամբողջ տան փլուզման գործընթացին»:

Անդրադառնալով Հայաստանում առկա կամ ձեռքբերվելիք զինատեսակների վերաբերյալ ռուսաստանյան կողմի հրապարակումներին՝ Դենիս Դվորնիկովը կարծիք հայտնեց, որ երբեք որեւէ հրապարակում հենց այնպես չի արվում:

«Կարող եմ միայն ենթադրել, որ դա ինչ-որ խաղի արդյունք է, ինչ-որ ազդակներ՝ ուղղված որեւէ կողմին, ընդ որում, ամենեւին պարտադիր չէ հենց Հայաստանին կամ Ադրբեջանին: Այսօր ամբողջ աշխարհը խաղում է բազմաքայլ կոմբինացիաներով՝ բայց իհարկե չմոռանալով սեփական շահի մասին»:

Հիշեցնենք, նախ պաշտոնական հրապարակում եղավ, թե ինչ զենքեր է գնել Հայաստանը եւ պատրաստվում է գնել երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով: Այնուհետ հրապարակվեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը, որում ներկայացված էր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, զինատեսակները եւ ռազմական տեխնիկան:

Հարցին, թե տվյալ պարագայում ո՞րն է ՌԴ կողմի շահը, փորձագետն ընդգծեց, որ այսօր չկա նման հասկացություն՝ «Ռուսաստանի շահ»:

«Կան տարբեր խմբերի շահեր: Իշխանության ներսում շարունակական պայքար է: Իսկ այս տեսակի հրապարակումները բավականին հաճախ օգտագործվող գործիք է: Սպառազինության շուկան ամենամրցակցայինն է եւ եկամտաբեր, ուստի ես այն կարծիքին եմ, որ ռուսաստանցի հայերը պետք է ակտիվ ներգրավվածություն եւ մասնակցություն ունենան Ռուսաստանի ներիշխանական օրակարգում, հենց իրենք ձեւավորեն Ձեր նշած «Ռուսաստանի շահը», հակառակ պարագայում այն ձեւավորում է մեկ ուրիշը»,- նշում է Դվորնիկովը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝