Ինչպե՞ս հանգստանալ Հայաստանում 140.000 դրամ աշխատավարձով կամ 40.000 դրամ թոշակով

7-1-562x375

Հայաստանն աշխարհում համարվում է հանգստի կազմակերպման առումով մատչելի երկրներից մեկը: Համենայնդեպս ռուսաստանյան Adme.ru ինտերնետային կայքն օրինակ առաջարկում է 10 երկիր, որտեղ հնարավոր է մատչելի գներով հանգստանալ: Այդ երկրների ցանկում է նաև Հայաստանը: Գովազդվում է, որ Հայաստանում կարելի է մեկ շաբաթվա ընթացքում սննդի վրա ծախսել 30-35 դոլար, իսկ երկու հոգու կեցության համար վճարել 100-120 դոլար։

Արդյո՞ք ձեռնտու է հայաստանյան առողջարաններում ու հանգստի գոտիներում հանգստի կազմակերպումը հայաստանցիների համար:

Սևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում հանգստի գները տարբեր են: Հատկապես ամռան ամիսներին կան էլիտար հանգստյան տներ, որտեղ մեկ անձի համար պահանջվում է 80-100 հազար դրամ: Օրինակ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ստանդարտ սենյակի գինը կազմում է 72.000 դրամ օրական: Մյուս հյուրանոցներն ավելի մատչելի ծառայություններ են առաջարկում: Միջին գները տատանվում են 40-50.000-ի սահմանի միջակայքում մեկ անձի համար մեկ գիշերակացի դիմաց՝ երկուանգամյա սննդով:

Միջին վիճակագրական քաղաքացուց որքա՞ն գումար է պահանջվում յոթնօրյա ոչ մեծ ծախսեր պահանջող հանգստի համար Հայաստանի հանգստյան տներից մեկում: Եթե մեկ գիշերակացը հաշվենք 40 հազար դրամով, յոթ օրվա համար կպահանջվի 280 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 140.000 դրամ, երկու ամսվա աշխատավարձ է պետք, որ քաղաքացին ծախսի 7-օրյա հանգստի համար: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով է ապրելու քաղաքացին այդ երկու ամսվա ընթացքում: Իսկ ընդհանրապես տարեկան կտրվածքով ամսական պահանջվում է քաղաքացուց խնայողություն շուրջ 23 հազար դրամ:

Հոգեբան Նաիրա Հարությունյանը, ով գրեթե ամեն տարի ամռանը հանգստանում է Վրաստանում, պարզաբանում է, որ արտերկրում իր հանգիստը կազմակերպելն ավելի մատչելի է, գումարած այն, որ Վրաստանում ինքը հանգստանում է ծովի ափին: «Մի քանի տարի առաջ ամռանն անցկացրել եմ Ջերմուկում: Վճարել եմ մոտ 90.000 դրամ, բայց մնացել եմ ավելի քիչ, քան Վրաստանում հանգստանալիս: Սակայն Վրաստան մեկնելու ամբողջ ընթացքի համար ծախսել եմ մոտ 80.000-100.000 դրամ, և հանգիստս եղել է անհամեմատ ավելի հետաքրքիր: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը, ում առաջարկեն հանգստանալ Հայաստանում կամ որևէ ծովափնյա երկրում, ընտրությունը միանշանակ կկատարի հօգուտ երկրորդի: Նախ մատչելի է, կա ծով, և ամենակարևորը՝ այլ մշակույթ ես տեսնում, այլ երկիր»:

Բացի անհատական հանգստի կազմակերպումից՝ հայտնի են նաև խմբակային ներգնա և արտագնա տուրեր: One way tour տուրիստական գործակալությունն առաջարկում է  Հայաստանում 7 օր ուխտագնացություն կատարել՝ վճարելով 360.000 դրամ, նույն գումարը բավարար է Պրահայում 7 օր անցկացնելու համար: Իսկ Հունաստանում 7 օր հանգստանալու համար անհրաժեշտ է 300 հազար դրամ:

Նշված գործակալությունից նաեւ հայտնեցին, որ այս տարի ամենապահանջված երկիրը հայերի համար Հունաստանն է:

Մեր երկրում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40.000 դրամ, ինչն էլ նշանակում է, որ կենսաթոշակառուի համար իր հանգիստը սեփական միջոցներով կազմակերպելը գրեթե անհնար է:  

 

 

 

Դիտվել է՝