Չընդհատված հեռակա երկխոսություն, ֆրանսիական հավաստիացումներ, սոցիալական, ժողովրդագրական որոշումներ և այլն. սեպտեմբերի 14-ի ամփոփումը

_T015139

Օրվա «մեծամեծ» այցը

Շարունակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Ելիսեյան պալատում կայացավ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Երկու երկրների նախագահները նաև միասին աշխատանքային ճաշ ունեցան:

Օրվա հյուրերը

Եվրոպական երկրներից Հայաստանում են մի խումբ երաժշտագետներ՝ ուսումնասիրելու հայկական երաժշտական մշակույթն ու քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները: Նրանց մասնակցությամբ Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում էլ մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը: Ներկա էր նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որն ասաց. «Մենք հայ մշակույթը համարում ենք մեր ինքնության մի մասը»:

Օրվա հակադարձում-1-ը

«Եթե դա հանցագործություն է, ու ԱԱԾ ու ՀՔԾ պետերն արդեն գիտեն, թե այդ հանցագործությունը ով է արել, ապա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները: Մյուս կողմից էլ՝ եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են իրենք նման հրապարակային հայտարարություններ անում: Սա մանիպուլյացիա է». հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների՝ օրեր առաջ արած այն հայտարարության մասին, թե գումար է տրվել՝ բանակին վճարելու համար, որպեսզի վերջինս կրակի ժողովրդի վրա:

Օրվա հակադարձում-2-ը

«Դա իրականությանը չի համապատասխանում, որևէ հավելյալ մեկնաբանություն չեմ անի, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման». փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել է Ռոբերտ Քոչարյանն իր «փաստաբանների» հետ:

Օրվա պնդումը

«Հայտնի տեսաձայնագրության հրապարակումից հետո հետևել ենք դրանում ներքաշված անձանց արձագանքներին ու պարզաբանումներին, և դրանցից բխող հետևությունները կդառնան իրավական գործողություն:

Օրվա խուսանավումը

«Ես տեսանյութը չեմ տեսել, բայց եթե նման բան կա, պետք է պարզաբանվի, ՀՔԾ-ն նկատի կունենա»: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պատասխանը՝ այն հարցին, թե արդյոք հանցագործության մասին հայտարարություն չէ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին ենթակայի՝ Դոգ մականունով անձի՝ տեսանյութում ասված այն պնդումը, թե մարտյան իրադարձությունների օրերին Վլ.Գասպարյանը հանձնարարական է տվել կրակել նրանց վրա, ովքեր կերևան «Մարիոթ» հյուրանոցի մոտ:

Օրվա քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեն «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնել): Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Օրվա սոցիալականը

Կառավարությունն ընդունեց մի որոշում, որով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար ավելի հասանելի կդառնա բնակարանի ձեռք բերումը:

Ըստ այդմ՝ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Օրվա ժողովրդագրականը

ՀՀ կառավարությունն ընդունեց 2-րդ երեխայի ծննդյան նպաստի ավելացմանը վերաբերող որոշումը, որով նախատեսվում էր 50 հազար միանվագ նպաստը եռապատկել: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ եթե միանգամից եռյակ է ծնվում, ամեն երեխային կարգաթվին համապատասխան գումար կհատկացվի: Այսինքն՝ միաժամանակ 3 երեխա ծնվելու դեպքում պետք է հատկացվի 1-3-րդ երեխաներին հասնող 50 հազար, 150 հազար և 1 մլն դրամը: Սա ենթադրում է նաև «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություն, ինչը կարվի առաջիկայում:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝