Մի՛ գողացեք մեր անունը. սփյուռքյան կազմակերպությունը դիմում է «Օրինաց Երկիր» կուսակցությանը

haykakan veracnund

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին անգամ հիշեցնել և պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք: «Օրինաց Երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները՝ այդ նոր կուսակցությունն անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»:

Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը ոչ թե վերածնունդ է, այլ ժուլիկություն, հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ: Հասկանում ենք, որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչներն իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է: «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղադասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից:

 «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն, Ֆրանսիա, Փարիզ

Դիտվել է՝