Խաղողօրհնեք. «Ես եմ ճշմարիտ որթատունկը»

ddddd

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը՝ հինգ տաղավար տոներից չորրորդը, Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Այն նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հեթանոսական ժամանակից եկող հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

Ընդունված է, որ քանի դեռ խաղողն օրհնված չէ, մարդիկ այն չեն ճաշակում:

Նշենք, որ բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը»: Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը, այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: 

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը»:

Դիտվել է՝