Հեռախոսազրույցի հետքերով, քրեական անցուդարձ, ուրախ լուր տարեցների համար և ոչ միայն. սեպտեմբերի 12-ի ամփոփումը

4602_b

Օրվա էպիտետները՝  հանրահայտ հեռախոսազրույցին

- Փոքրիկ դավադրություն՝ ուղղված ՀՀ դեմ. «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյան:

-Երևույթը շատ մտահոգիչ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Պետք է ստեղծել քննիչ հանձնաժողով. ԱԺ նախագահ Արա Բաբլոյան:

-Մտահոգիչ է, որ համապատասխան կառույցների աշխատակիցների հեռախոսազրույցների գաղտնալսում է տեղի ունեցել: Մենք տեսանք, որ գործ ունենք ընտրովի և զանգովի արդարադատության հետ. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:

Օրվա հայտարարությունը

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել». Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյան:

Օրվա  հերքումը

«Մարտի 1-ին բանակը չի կրակել: Եթե անգամ կրակել են, ապա առանձին մարդիկ: Չի կարելի ամբողջությամբ բանակի մասին խոսել: Նման հրաման չի եղել». Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան: 

Օրվա  հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին,  անդրադարձել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև հեռախոսազրույցին: Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ՝ «իրեն փակել»:

Օրվա  «պայմանական նիստը»

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ: Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեցին իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրեցին որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Օրվա ժլատ հաստատումը

«Նոր ռազմական վարկի կնքումն ընթացքի մեջ է, դա մի գործընթաց է, որն իրականացվելու է, ես իրավունք չունեմ մանրամասնելու տեսակները, ժամանակին դրա մասին տեղեկություններն առկա կլինեն բոլորիդ համար: Համագործակցությունը ՌԴ հետ հաջող ձևավորվում ու զարգանում է: Խոսքը 100 մլն դոլարի մասին է».ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան:

Օրվա թեկնածուները

Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին շարունակեց աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված են ՍԴ անդամի, Վճռաբեկ դատարանի նախագահի, նույն դատարանի դատավորի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները: Քվեարկությունը ՝ սեպտեմբերի 13-ին:

Օրվա  «դիվանագիտությունը

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում առայժմ նախատեսված չէ: Հանդիպման առաջարկ կա, սակայն կողմերը մտադիր են այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով:  ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը»:

Օրվա  օպերացիան

ՀՀ ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Toyota Prado մակնիշի ավտոմեքենայից բերման  ենթարկեց 5 անձի: Նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, զենքերի օրինականությունը ստուգվում է:

Օրվա քրեաինֆոն

Նկատի ունենալով  ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով  քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Օրվա ավետիսը

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ: Դա գերազանցում է պարենային աղքատության շեմը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է  ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Անահիտ  Ավագյան

Դիտվել է՝