«Լրիվ պատրաստ ենք երևանյան գործողություններին». քայլերթի 12-րդ օրն է այսօր, երեկոյան նախատեսվում է բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի մոտ

30629202_2020910351562683_6378622863783493632_n

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» քայլարշավի 12-րդ օրն է այսօր: Մասնակիցները Հրազդանից քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այդ ընթացքում կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երեկ մի շարք քննարկումներ են անցկացրել, այդ թվում և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ և կայացրել են մի շարք կարևոր որոշումներ:

«Լրիվ պատրաստ ենք երևանյան գործողությունների ծրագրին և հույս ունենք, որ այդ ծրագիրը բերելու է Հայաստանի քաղաքացու հաղթանակի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ապրիլի 13-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում մեկնարկում են ընդդեմ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման հանրահավաքների շարքը և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները:

Նշենք, որ այսօր երեկոյան նախատեսվում է նաև բողոքի ակցիա Մելիք Ադամյան 1 հասցեում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց:

«Այսօր երեկոյան ՀՀԿ գրասենյակում նիստ է կայանալու, որտեղ թերևս քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը: «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակցիա են կազմակերպում ՀՀԿ գրասենյակի դիմաց, ժամանակ գտեք մասնակցեք այդ ակցիային՝ ցույց տալու համար վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը:

Դիտվել է՝