Վովա Գասպարյանի մեղայականը

vladimir gasparyan

«Մենք չունենք արյուն, փառք տիրոջը»,- այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ արձագանքելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչ գնահատական կտա այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնց արդյունքում ծեծի ենթարկվեցին խաղաղ նստացույցի մասնակից քաղաքացիները, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին լրագրողներ ու ակտիվիստներ:

Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ.

«Հետեւել եմ ամբողջ ընթացքին, ոստիկանության աշխատանքները համաչափ էին, եւ դրա արդյունքն է, որ այսօր մենք չունենք լուրջ վնասվածքներ, որն ունեցել ենք ժամանակի ընթացքում: Այն թերությունները, որոնք գոյություն ունեն, կարճ ժամկետում կվերացվեն»,- ասաց Գասպարյանը:

Ըստ ՀՀ ոստիկանապետի՝ ինքը վերանայել է լրատվամիջոցների նկատմամբ ոստիկանների գործողությունները եւ այն կարծիքին է, որ կան թերություններ:

«Հայցում եմ ներողամտություն, իհարկե, ծառայողական քննություն նշանակել ենք, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ եղել է լրատվական տեխնիկայի ինչ-որ կոտրումներ, կարծում եմ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված նյութական վնասները»,- ասաց Վ.Գասպարյանը:

Վ.Գասպարյանն անդրադարձել է նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողություններին Բաղրամյան պողոտայում: Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:



Փայլակ Ֆահրադյան
Դիտվել է՝