Ուժային կառույցների նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաների ունեցվածքը (մաս 11)

новый коллаж

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետներ Վաչե Գաբրիելյանի, Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի ունեցվածքը:

Այսօրվա դիտակետում է ՀՀ վարչապետին ենթակա մարմինների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, Պետական վերահսկողական ծառայության նախկին ու ներկա ղեկավարների ունեցվածքը:

Նշենք, որ վերոնշյալ կառույցներից 2-ը մինչ նոր կառավարության ձևավորումը եղել են կառավարությանն առընթեր մարմիններ, իսկ դրանից հետո դարձել են վարչապետին ենթակա մարմիններ: Իսկ Պետական վերահսկողական ծառայության նորաստեղծ կառույցի գործառույթները կատարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Եվ այսպես՝

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյան

Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2016թ. փետրվարի 12-ին և պաշտոնավարել մինչև 2018թ. մայիսի 10-ը:

Պաշտոնը ստանձնելիս՝ 2016թ., հայտարարագրել է 1 բնակարան, MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի ավտոմեքենա: Փոխառություններ և արժեթղթեր, ըստ հայտարարագրի, չի ունեցել: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտներն էլ եղել են 2 մլն 53 հազար 364 դրամ: Մեկ տարի անց՝ 2017թ., Գեորգի Կուտոյանի եկամուտներն ավելացել են՝ կազմելով 8 մլն 479 հազար 718 դրամ: Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենը ձեռք է բերել 1 ավտոտնակ:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ 2018թ. ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Գեորգի Կուտոյանն ուներ 1-ական բնակարան ու ավտոտնակ, 1 ավտոմեքենա: Դրամական միջոցների չափը մնացել է նույնը: Նախորդ տարվա համեմատությամբ՝ պակասել են աշխատանքի վարձատրության արդյունք եկամուտները՝ դառնալով 3 մլն դրամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2018թ. մայիսի 10-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

Արթուր Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոմեքենա՝ LEXUS NX300H 2.5GAS մակնիշի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտն էլ 1 մլն 854 հազար 545 դրամ է:

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյան

vladimirՊաշտոնին է նշանակվել 2011թ. նոյեմբերի 11-ին: Ըստ 2011թ. հայտարարագրի ունեցել է 3 ավտոմեքենա, 2,5 մլն դրամ դրամական միջոցներ, իսկ աշխատանքի վարձատրությունից, գույքի օտարումից, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքից գոյացած եկամուտներն էլ կազմել են 61 մլն 558 հազար դրամ: 2017թ. հայտարարագրում արդեն դրամական միջոցները եղել են 3 մլն դրամ, 2 հազար ԱՄՆ դոլար: Իսկ եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը՝ ավելի քան 7 մլն դրամ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նախկին ոստիկանապետի ունեցվածքում նույնն են մնացել դրամական միջոցները, իսկ աշխատանքի վարձատրության արդյունք եկամուտը նվազել է՝ դառնալով 2 մլն 484 հազար դրամ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան

valeri-osipyan-640x400Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Վալերիյ Օսիպյանը վերջին՝ 2017 թվականի հայտարարագիրը ներկայացրել է մարտի 26-ին:

Ըստ այդմ՝ 2017 թվականին անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, չի վաճառել: Հարկային տարվա վերջում Օսիպյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 300 եվրո և 1 մլն 450 հազար դրամ:

Օսիպյանը նշել է, որ հարկատու տարում իր եկամտի աղբյուրն են եղել աշխատավարձը և փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը, որոնք կազմում են 4 մլն 380 հզր դրամ և 1500 դոլար:

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյան

891930Հովհաննես Հովսեփյանը հաճախակի էր հայտնվում 4-րդ իշխանության դիտակետում: Պատճառը հենց նրա եկամուտներն էին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ 2014թ. տրված հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Հովսեփյանը 110 մլն դրամով ձեռք է բերել հողին ամրակայված անշարժ գույք, օտարել ու ձեռք է բերել RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 117 մլն դրամ, 2 մլն 270 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, վարձակալության դիմաց ստացված վճարից, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից, գույքի օտարումից ու նվիրատվությունից, կազմել են 29 մլն 664 հազար դրամ:

2015 թվականին 120 հազար դոլարով ձեռք է բերել RANGE ROVER 5.0 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց: Նույն տարում 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է MERCEDES-BENZ S 500 և 100 հազար ԱՄՆ դոլարով՝ RANGE ROVER 5.0 մեքենաներ: Ունեցած փոխառության գումարի չափը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար:

Հովհաննես Հովսեփյանը նաև հավաքածուների սիրահար է, 5 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել երկու նկար: Իսկ աշխատանքի դիմաց ստացած վարձատրության չափը 2015թ. ավելացել է՝ դառնալով շուրջ 9 մլն ՀՀ դրամ:

2015 թվականին Հովհաննես Հովսեփյանը շարունակել է նվիրատվություններ ստանալ՝ շուրջ 340 հազար ԱՄՆ դոլարի չափով: 2017թ. հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չուներ, հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 3 մլն դրամ, դրամական միջոցները՝ 182 մլն դրամ, 1 մլն 115 հազար դոլար: Եկամուտներն էլ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, վարձակալության դիմաց ստացված վճարից, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից ու նվիրատվությունից, հասել են 14 մլն 387 հազար 571 դրամի:

Պաշտոնը դադարեցնելիս՝ 2018թ., Հովհաննես Հովսեփյանը հայտարարագրել է 6 բնակարան, 5 հողամաս, 1 ավտոտնակ, նկարների հավաքածու: Դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն 115 հազար ԱՄՆ դոլար, 173 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտներն էլ կազմել են 3 մլն 197 հազար դրամ:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան

davit sanasaryanՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել 2018թ. մայիսի 21-ին:

Հունիսի 21-ին Դավիթ Սանասարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր էթիկայի հանձնաժողով ներկայացրեցի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ իմ ունեցվածքի, դրամական և այլ միջոցների դիմաց գրվել է, որ ոչ մի բան էլ չունեմ, ոչ դրամական միջոց, ոչ սեփականություն։

Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը չպետք է հարստանա պետության ու ժողովրդի հաշվին, ու իմ հաշվին կավելանա միայն աշխատավարձը։

Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք, սա պետությանն ու քաղաքացուն ծառայելու սուրբ առաքելություն է»,- գրել է նա:

Անահիտ Ավագյան

 

Դիտվել է՝