«Հասարակությանը ներկայացնելու այնքան քիչ բան ունեն, որ Հռոմի Պապի տված պատարագն են սեփականացնում»

սերժ-միշիկ

Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցած պատարագն իշխանական լրատվամիջոցների կողմից մատուցվեց որպես ՀՀ դիվանագիտական կորպուսի հաղթանակ, եւ առանձնակի շեշտվեց ու կարեւորվեց հատկապես Ս. Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի դերն ու նշանակությունը:

Ի՞նչ էր Վատիկանի պատարագը վերջապես՝ հոգու պա՞րտք, դիրքորոշման վերահաստատո՞ւմ, թե՞ ՀՀ դիվանագիտական մտքի հաղթանակ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը կարծում է, որ Հռոմի Պապի հայտարարությունը նախեւառաջ իր անձնական որոշումն էր.

Արսեն Խառատյան

Արսեն Խառատյան

«Սա մի կողմից պայմանավորված է նրա ծննդավայրում` Արգենտինայում, հայ համայնքի հետ ունեցած ավանդական կապերի միջոցով Հայոց ցեղասպանության փաստի իմացությամբ, մյուս կողմից` Ֆրանցիսկոս Պապի անձնական որակների` անկեղծությունն ու ազնվությունը քաղաքական հետաքրքրություններից ու շահերից վեր դասելու իրողությամբ: Ցեղասպանություն բառն արտաբերելու իրողությունը կաթոլիկ եկեղեցու քահանայապետի կողմից նոր երեւույթ չէ, սակայն կարեւոր է, թե ինչ կերպ է դա արվում: Ուշագրավ է, որ այս դեպքում Հայոց ցեղասպանությունը Պապը դիտարկում է ստալինյան ռեպրեսիաների եւ սպանդի հետ նույն հարթության վրա, ինչը վերջին տարիներին Ստալինի կերպարի եւ նրա կառավարման տարիները վերարժեւորելու անհրաժեշտության մասին է խոսում»:

Ըստ Խառատյանի՝ սա հատկապես հատկանշական է Ուկրաինայում ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվները բացելու շուրջ ծավալված գործընթացի համատեքստում:

«Չեմ կարող ասել, թե ՀՀ դիվանագիտական` այս պարագայում Սերժ Սարգսյանի փեսայի ջանքերը որքանով են էական եղել Գրիգոր Նարեկացու համատիեզերական սրբերի շարքին դասելու եւ այս կերպ փաստացի Հայ առաքելական եկեղեցու կաթոլիկ աշխարհի համար էլ ավելի ճանաչելի եւ ճանաչված դարձնելու գործում, բայց որ նրանք օգտվելու են արարողության ընթացքում սբ. Պետրոսի տաճարում լինելու իրողությունից եւ դա ներկայացնելու որպես իրենց բացառիկ նվաճում, կասկածից վեր է»:

Խառատյանն առավել կարեւորում է հայ կաթողիկե եկեղեցու ջանքերը եւ խորհուրդ է տալիս մեր բարձրաստիճան հոգեւորականներին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, ինչպես, օրինակ, «կաթոլիկ հայերը հայ չեն»:

Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պարզապես գտնում է, որ Վատիկանը հանդես է եկել այնպես, ինչպես պարտավոր էր հանդես գալ: Սա լավություն չէ, որ մեզ արվել է: Ըստ նրա՝ պատմական իրողություններին ճշգրիտ գնահատական տալը Վատիկանի եւ մնացած բոլորի պարտավորությունն է:

«Ուրախալի է, որ Վատիկանը վերջապես ձերբազատվեց պայմանականություններից ու հանդես եկավ օբյեկտիվ գնահատականով: Դա, առաջին հերթին, գնահատական տվողների է պետք, այլ ոչ հայերիս: Պատմական իրողություններն իրենց անուններով կոչելը մեծ հաղթանակ չէ: Իսկ այն, որ երկրի ներսում այս հանգամանքը փորձում են որպես սեփական աշխատանքի արդյունք եւ որպես սեփական հաղթանակ ներկայացնել, խոսում է նման փորձ անողների սնանկության մասին: Հասարակությանը ներկայացնելու այնքան քիչ բան ունեն, որ Հռոմի Պապի տված պատարագն են սեփականացնում»,- կարծում է իրավապաշտպան Վ. Հարությունյանը:

Արամ Հարությունյան

Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կարծում է, որ Վատիկանի պատարագը ՀՀ իշխանություններն օգտագործում են պարզապես որպես քարոզչական հնարք:

«Եվ 2001 թ.-ին է Վատիկանն ասել նույնը, եւ ընդհանրապես Վատիկանի վերաբերմունքը՝ այդ թեմայի հետ կապված, մեզ հայտնի է եղել, ուրիշ խնդիր է, որ իշխանությունները փորձում են ցույց տալ իրենց ներդրումը: Այլ կերպ ասած՝ ես սա կանվանեմ փեսայի PR»:

Ըստ Ա. Հարությունյանի՝ այդ PR-ները ապրիլի 24-ից հետո անցնել-գնալու են, իսկ երկիրը ներսից հիվանդ է մնալու:

«Իշխանությունները պահն օգտագործում են. ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է, ահաբեկված է, եւ կոպիտ ասած՝ կերակրում են տեսարաններով:

Հատկանշական է, որ օգտվեցին 24-ի հետ կապված միջոցառումներից եւ կարծես թե իշխանափոխության գործընթացը հետաձգվեց: Սեֆիլյանի, ՀԽ-ի մյուս անդամների ձերբակալությունները պատահական չէ, որ իրականացրին այն պահին, որ ուղղակի աղմուկ չլինի, որովհետեւ այսօր ամբողջ լրատվական դաշտը, բացառությամբ մի քանի լրատվականների, գտնվում են փեսայի վերահսկողության տակ: Եվ եթե, ասենք, հրապարակում որեւէ մեկն ընկնի մահանա, եթե կարիք չեղավ, իրենք չեն անդրադառնա»:

Ա. Հարությունյանը համոզված է, որ Հռոմի Պապն ասել է այն, ինչ կամեցել է, եւ դա ամենեւին կախված չէ ՀՀ իշխանությունների կամ դեսպանի ցանկությունից, կամքից կամ ձեռքբերումներից:

«Հռոմի Պապը, կարծում եմ, այնքան ինֆորմացված մարդ էր, որ ինքը լավ գիտի՝ ով է Միքայել Մինասյանը, եւ այնպես չէ, որ ինքն ինչ արեց, արեց Միքայել Մինասյանի համար կամ իր շնորհիվ:

Իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը Միքայել Մինասյանի հետ կապելը ծիծաղելի է, որովհետեւ եթե մեր հույսը պիտի լիներ Մ. Մինասյանը, ուրեմն ժողովուրդն ապրելու իրավունք չունի: Լավ, կներեք, վաղը եթե Ամերիկան որեւէ դիրքորոշում ցույց տվեց, պիտի կապեն՝ Տիգրան Սարգսյանի՞ ձեռքբերումն է»:

Ա. Հարությունյանը կարծում է, որ որքան էլ իրենց գործունեությունը փորձեն գաղտնի պահել, միեւնույն է՝ քաղաքականության մեջ փորձ ունեցողը հասկանում է՝ Ս. Սարգսյանը հեռահար նպատակներ ունի.

«Իսկ ընդհանրապես մի մոռացեք՝ Ս. Սարգսյանի մտքում իրավահաջորդի պահով միայն Մ. Մինասյանն է»,- ասում է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը:

Քրիստինա Մկրտչյան
Դիտվել է՝