102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է ծեծելով սպանել գյումրեցի կնոջը. ՇՄ դատախազը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է լուրը

новый коллаж

«Վարկածները չեմ կարող բացահայտել: Այս պահին չկա ոչ մեղադրյալ, ոչ կասկածյալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղուկասյանը:

Հարցին, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայո՞ղ է կասկածվում կնոջը ծեծի ենթարկելու մեջ, Գաբրիելյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց: Նշեց, որ նախաքննական գաղտնիք կբացահայտի, եթե պատասխանի այդ հարցին:

«Վարկածներ շատ կան: Դրանք ստուգվում են: Այս պահին ես որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:

Ճշտող հարցադրմանը, թե այդ դեպքում որտեղի՞ց է շրջանառվում այդ տեղեկությունը, որ կնոջը Սլաբոդկա թաղամասում ծեծի է ենթարկել ռուսաստանցի զինծառայող, Կարեն Գաբրիելյանը նշեց, թե ինքը չի կարող ասել:

Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

Գյումրիի բժշկական կենտրոնից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ կինն իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, բայց ապարդյուն:

«Կյանքի հետ անհամատեղելի էին վնասվածքները, որոնք հասցված էին հիմնականում գլխին: Գլխուղեղային գանգի կոտրվածք ուներ: Ահավոր ծեծված վիճակում է տեղափոխվել, անգիտակից վիճակում»,- փոխանցեցին հիվանդանոցից:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝