102-րդ ռազմաբազայի 3 օր առաջ կորած զինծառայողին դեռ փնտրում են

dmitri loshmanov

Զինծառայողը անհետացել է ապրիլի 16-ից, երկու օր անց նոր տեղյակ են պահել հայ իրավապահներին: Եւ այսօր արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են փնտրել:

Շիրակի մարզում եւ հանրապետության տարածքում շարունավում են ակտիվ որոնողական աշխատանքները՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց մարզի դատախազը:

Ռազմաբազայի աշխատակիցներն ապրիլի 18-ին Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում են տվել, որ իրենց ծառայակից Լոշմանովն ապրիլի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, գնումներ կատարելու նպատակով տանից դուրս է եկել ու չի վերադարձել, ոչ ոք ռուսաստանցի զինծառայողի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Բացի այդ օպերատիվ մարմինը կատարում է ակտիվ որոնողական աշխատանքներ:

«Ինքը չի փախել, ուղղակի տանից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով՝ սա ըստ իրենց հայտարարության»,-առանձնակի շեշտեց Կարեն Գաբրիելյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե պայմանագրային զինծառայողն անհետացել է ապրիլի 16-ին:  Ի՞նչ պատճառով են ռազմաբազայի ներկայացուցիչները ոստիկանություն հաղորդում ներկայացրել միայն երկու օր անց, ՇՄ դատախազը նշեց, թե մինչ այդ իրենք իրենց ուժերով են որոնողական աշխատանքներ իրականացրել, ու երբ այն արդյունք չի տվել, դիմել են հայ իրավապահների միջամտությանը:

Դատախազության տվյալներով՝  Դմիտրի Լոշմանովը Գյումրիում ապրում է  համածառայակիցների հետ, եղել է առանց զենքի ու առանց զինվորական համազգեստի՝ քաղաքացիական հագուստով:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝