Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն է անցկացվել Լիտվայում

g_image (3)

Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալների մայր տաճարում, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Արքեպիսկոպոս Վիրբալասն իր խոսքում նշեց. «Այսօր հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցը, երբ ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ: 20-րդ դարում մարդկությունն ապրեց ևս երկու մեծագույն ողբերգություն` նացիզմ եւ ստալինիզմ»: Արքեպիսկոպոսը նշեց, որ այսօր ևս այն տարածքներում, որտեղ նահատակվեցին հայերը, այլ քրիստոնյաներ ու կրոնական փոքրամասնություններ են ենթարկվում սպանդի: Արքեպիսկոպոսը հիշատակեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թ-ին Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում հնչեցրած ուղերձները:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այժմ դիտարկվում է որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է և զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած», նշեց դեսպան Մկրտչյանը։

Մեջբերելով Հռոմի Բենեդիկտոս XV-րդ Պապի 1915 թ․ հնչեցված խոսքերը հայերի ոչնչացման փորձի մասին, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը զոհ են դարձել նաև 48 հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քան 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են, ինչը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները», նշեց դեսպան Մկրտչյանը:

Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով: Պատարագի ընթացքում հնչեցին հայկական հոգևոր երգեր։

Նույն օրը տաճարում և արքեպիսկոպոսարանի տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդես, որը կտևի շուրջ մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Տեղեկանք. Լիտվայի նախկին մայրաքաղաք և իր մեծությամբ երկրորդ քաղաք Կաունասի Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների մայր տաճարի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն գրավոր աղբյուրներում այն սկսել է հիշատակվել է 15-րդ դարից: Այն կառուցված է գոթական ոճով և իր չափով համարվում է Լիտվայի ամենամեծ տաճարը: g_image (6) g_image (5) g_image (4)

Դիտվել է՝