1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել

1478781376_dram-money-pogh-11-copy

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից այսպես կոչված 1000 դրամների մասին օրենքով սահմանված վճարումների դեմ 2017 թ. մարտի 21-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից և հայցադիմումի քննությունը նշանակվել է  2017 թ. հուլիս 12-ին՝ ժամը 14:30-ին:

Հայցադիմումում ներկայացված հիմնավորումներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման հասկացությունը, ըստ որի՝  քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ՝ ՀՀ Կառավարությունը խախտում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը:

Օրեր առաջ Կազմակերպության աշխատակիցները հայցադիմումի պատասխան են ստացել ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Հայցադիմումի պատասխանում նշվում է, որ 1000 դրամների փոխանցումը բխում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքից և միայն դրանով պայմանավորված՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով ապօրինի չի կարող համարվել:

Հայցադիմումում վկայակոչված մյուս հիմնավարումներին, այդ թվում՝ Օրենքի դրույթների՝ Սահմանադրությանը հակասելուն, ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ն. Ամատունին չի անդրադարձել: Անդրադարձ չի կատարել, մասնավորապես, այն հարցին, որ  Օրենքով 1000 դրամի վճարը սահմանված է որպես դրոշմանիշային վճար, որը, ՀՀ Սահմանադրության համաձայն, համարվում է պարտադիր վճար և ենթադրում է դրա դիմաց ծառայությունների մատուցում:

Ընդ որում՝ Նախարարության ներկայացուցիչը վկայակոչում է օրենքի դրույթները, սակայն ուշադրություն չի դարձնում նրան, որ Օրենքը ենթադրում է նաև վճարի դիմաց դրոշմանիշերի ձեռքբերում: Իրականում դրոշմանիշային վճար կատարողները որևէ տեղեկություն չունեն այդ դրոշմանիշերի մասին և կատարված վճարումների դիմաց որևէ ծառայություն չեն ստանում: Այնուամենայնիվ՝ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայցադիմումը անհիմն է համարում և խնդրում մերժել այն:

Հիշեցնենք, Օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին: Վերջինս պատասխանել էր, որ պետությունն ապահովում է ուղղակի կամ անուղղակի ծառայության մատուցում վճարողին՝ նկատի ունենալով զինծառայողների՝ երկրի սահմանները պաշտպանելու գործառույթը, և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չէր գտել:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝