Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում

g_image (1)

Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ և աջակցությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մետր խորության վրա:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, մարոնի պատրիարք Բշարա Ռայի ներկայացուցիչը, Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը, ծովային փրկարարների թիմը՝ հրամանատար Սամիր Յազբեկի գլխավորությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, լրագրողներ, Մեսրոպյան վարժարանի ղեկավարներ ու աշակերտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

g_imageՆախաձեռնության առթիվ ունեցած իր ելույթում դեսպան Քոչարյանը խոսեց հայ ժողովրդի ստեղծարար մտքի, հարուստ պատմության, արժեքների և յուրահատկությունների մասին: Նա անդրադարձավ հայ ժողովրդի դիմագրաված դժվարություններին և կրած տառապանքներին, որոնք իրենց գագաթնակետին հասան 1915թ. Օսմանյան կայսրությունում: Դեսպան Քոչարյանը նշեց, որ այս տարի ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ տոնում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ և իր երախտագիտությունը հայտնում բոլոր այն երկրներին, ներառյալ Լիբանանին, որոնք օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանությունը վերապրած հայորդիներին և պայմաններ ստեղծել նրանց համար` ապրելու և ստեղծագործելու հայրենիքից դուրս: Դեսպանն ընդգծեց, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, երբ նշվում է Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի հանդեպ տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց «Octopusteam» ակումբի եզակի նախաձեռնությունը, որը հայ ժողովրդի ապրելու և ստեղծագործելու վառ ապացույցն է:

«Octopusteam» ջրասուզման ակումբի սեփականատեր և թիմի ղեկավար, հայազգի Անդրանիկ (Թոնի) Հադդադը պատմեց իր ծնողների անցած դժվարին ուղու մասին, ովքեր ստիպված էին գաղթել Թուրքիայից Սիրիա, ապա Լիբանան, և ովքեր հիմնական առիթն են եղել սույն գաղափարի իրականցման համար: Նա նշեց, որ, որպես հայ ջրասուզորդ, իր պարտքն է համարել խաչ տեղադրել Միջերկրական ծովի հատակում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

Միջոցառման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն ողջունեց յուրօրինակ նախաձեռնությունը և կատարեց խաչի օծման արարողությունը: Օծման արարողությունից հետո «Octopusteam» ջրասուղման թիմի անդամները միջոցառման մասնակիցների ընկերակցությամբ նավերով ուղևորվեցին դեպի նշանակետը և կատարեցին խաչի տեղադրումը:

Դիտվել է՝