100 տոկոսանոց ֆրանսիացի հայը, ներքաղաքական արձագանքներ. հոկտեմբերի 5-ի ամփոփումը

People watch a giant screen during a national tribute for late singer Charles Aznavour at the Hotel des Invalides in Paris

Օրն ազնավուրյան էր:  Ֆրանսիան, Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք մատուցեցին  Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի  ունեցավ մեծ շանսոնյեի հոգեհանգստյան արարողությունը, որին ներկա էին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ այլոք:

Սգո արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Ազնավուրը գիտեր իր առաքելությունը, եւ այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներեւակայելի ճանապարհն էր:  Եվ նա երգեց, ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կիսադատարկ դահլիճներում, նա երգեց անհոգնել ու աննահանջ, եւ մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ եւ ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը: Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշեց. «Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, եւ մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլեւս նա մեզ չի լքի, որովհետեւ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերեցին «Դլե յամանի» հնչյունների ներքո: Իսկ ֆրանսիացի երգիչներից մեկը հայերենով երգեց:

Երևանում Ազնավուրին խնկարկելու վայրը մեծ շանսոնյեի անունը կրող հրապարակն էր: ՀՀ-ում  Ֆրանսիայի  դեսպան Ջոնաթան Լակոթը նկատեց. «Նա Հայաստանին անչափ նվիրված էր: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է անչափ հպարտանալ, որ Ֆրանսիային է տվել դարի մեծագույն ֆրանսիացիներից մեկին, մեծագույն արտիստներից մեկին: Ինչպես ասում էր Ազնավուրն ինքը, նա 100 տոկոսով ֆրանսիացի էր եւ 100 տոկոսով հայ: Կարծում եմ՝ հենց այս պատճառով ենք բոլորս այսպես միավորված այս արարողության օրը»:

Շառլ Ազնավուրին  կհուղարկավորեն  հոկտեմբերի 6-ին: Այդ օրը ՀՀ-ում  ու Արցախում  սուգ է հայտարարված:

***

Ներքաղաքական առօրյան ծավալվեց  քաղաքական օրակարգից դուրս չեկող արտահերթ  խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ:

«Մենք ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ոչ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների». հայտարարեց  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե  հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար ՀՀԿ-ն առաջարկի վարչապետի իր թեկնածուին:

Մյուս փոխնախագահը՝ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ արտահերթ ընտրությունների թեմայով  քննարկումները դեռ շարունակվում են, գրավոր որևէ փաստաթուղթ գոյություն չունի, այնուամենայնիվ, որևէ քաղաքական ուժ շահագրգիռ չէ երկիրը ցնցումների տանել: Ըստ նրա՝

 «Ծառուկյան» խմբակցությունը չի նահանջել իր դիրքերից, սակայն  մտադիր էլ չէ դեմ գնալ ժողովրդի կամքին:

«Սասնա ծռեր» կուսակցությունից  Ժիրայր Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը լուծարելու մարտավարությունը սխալ համարեց: Նա պնդեց, որ երբեք հրաժարականի միջոցով պետք չէ, որ ԱԺ-ն լուծարվի, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդն ինքը կորոշի:

Վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հարցը դիտարկեց օրենսդրության  համատեքստում: Ըստ նրա՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝