«Դիրքում մեր կողմից 10 զինվոր է, դիմացը 30-40 ադրբեջանցի, բայց մեր քիչ թվով զինվորները լավ գլուխ են հանում այդ ոհմակներից»

88dc09da78aa9a285d5b31-6-1-3

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը որևէ լուրջ բան չի տեսնում թշնամու գործողություններում, հայ-ադրբեջանական սահմանին էլ լարված իրավիճակ ստեղծելը համարում է վերջինիս հերթական շոուներից մեկը՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

«Լարվածությունը միշտ էլ կա, մի օր ավելանում է, մի օր պակասում է, հետո լայնածավալ ըսելով՝ չեմ գիտեր ինչ հասկանանք, մեր կողմից էլ լինում են զորավարժությունները: Այդ բաները միշտ էլ եղել են, չեմ կարծում, որ պետք է այդ աստիճանի պանիկա ստեղծվի, այս ընթացքում նույնիսկ հայկական գյուղեր ռմբակոծվեցին, դա հաճախ պատահում է, չեմ ուզում այդ աստիճանի խառնված լինել, ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ Ադրբեջանի գործողությունների ժամանակ իրենց թշնամին համարում են Հայաստանը, նորմալ է, իրականության մեջ էլ Հայաստանը միշտ էլ թշնամի է եղել»:

Վազգեն Սիսլյան

Վազգեն Սիսլյան

Իսկ այն, ինչ կատարում է ամեն օր հայ զինվորը սահմանին, ոչ այլ ինչ է, քան իրական սխրանք, սրանում Սիսլյանը համոզվում է ամեն անգամ դիրքեր այցելելուց հետո: Պատմում է. «Վերջերս եղա դիրքերում ու շփվեցի զինվորների հետ, ես այդ զինվորների հետ շփվելու ժամանակ ավելի հանգիստ եմ վերադառնում Երևան, ավելի վստահ եմ վերադառնում, այդ 18-19 տարեկան զինվորի կողքին իսկապես փորձառու զինվորականներն էլ կան, 18 տարեկան զինվորը՝ փոքրամարմին, իր հետ վեշերը, շատ հանգիստ, շատ ինքնավստահ, ոնց որ առաջին դիրքերում չէ, ոնց որ դիմացը ադրբեջանցին չէ, շատ հանգիստ կարողանում են ցանկացած մարդու բացատրել դիրքերի իրավիճակը, խոսում են ադրբեջանցիների մասին, իրենց դիրքերն ինչքան ուսումնասիրած են, ամեն օր մտածում են՝ որտեղից կարող են ներխուժել»: «Իսկապես երեխեքը շատ վստահելի են, այո, կան որոշ թերություններ, զենքի առումով և այլն, բայց շատ բաների մեջ թշնամուն գերազանցում ենք»,- պատմում է ԱՍԱԼԱ-ի մարտիկը:

Թշնամու թվային գերազանցությունը չի խոսում որակական գերազանցության մասին, սրանում ևս համոզվել է «Վան» գործողության հրամանատարը: Նշում է. «Դիրքում, ասենք, մեր կողմից 10 զինվոր է, ճիշտ դիմացը, ադրբեջանցու կողմից 30-40 զինվոր է, պատկերացնենք, մեր ու իրենց թիվը տարբեր են, բայց մեր քիչ թվով զինվորները լավ էլ գլուխ են հանում այդ ոհմակներից: Ամեն անգամ դիրքեր գնալով՝ լիցքավորվում եմ ու վերադառնում եմ»:

Իսկ այն, որ լարվածությունն արդեն ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլ հայ-ադրբեջանական սահմանին է, խոսում է նրանց ագրեսիայի մասին, Սիսլյանը նշում է. «Մի քիչ երես առած լինելու մասին է խոսում: Եթե այս պարագային Արցախի հետ կապված չենք կարողանում քաղաքական դաշտում բան ասենք, Հայաստանի հետ կապված ուրիշ պետք է լինի, քաղաքական այրերը պետք է ճիշտ կողմնորոշվեն, լուրջ ագրեսիա է Հայաստանի հանդեպ արդեն, ոչ Ղարաբաղի, չնայած ինձ համար որտեղ որ հայ կա դա ինձ համար Հայաստան է»:

Դիտվել է՝